Մայթին շարած փոքրիկ աթոռների վրա տեղավորված սակավաթիվ հանդիսատեսը հեքիաթի սպասումով լուռ հետեւում է կիսաթափանց էկրանին հայտնվող ու անհետացող ստվերներին: Եվս մի քանի րոպե եւ ներկայացումը սկսվում է: Գյումրվա բարբառով տարբեր պատումները հնչում են ծանոթ դերասանների ձայններով: Էկրանի հետեւում
«թաքնված» տիկնիկավարները հմտորեն ղեկավարում են կաշվից պատրաստված խամաճիկներին: Գյումրեցի հանդիսատեսի համար ստվերային թատրոնը նորություն է: Սա տեսողական արվեստի ձեւ է, որ ձեւավորվել է Չինաստանում 1700 տարի առաջ, հետագայում տարածվել Հնդկաստանում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում:
Ստվերների թատրոնում կիրառվում են կիսաթափանց մեծ էկրաններ եւ հարթ մարիոնետներ՝ խամաճիկներ, որոնք կառավարվում են բարակ փայտիկներով: Մարիոնետները սովորաբար պատրաստվում են բարակ, թափանցիկ կաշվից, թղթից կամ ստվարաթղթից, կարող են լինել ինչպես ամուր եւ ամբողջական, այնպես էլ ճկվող եւ առանձին մասերից բաղկացած: Այստեղ էլ, ինչպես եւ տիկնիկային թատրոնի պարագայում, խամաճիկներին շունչ ու հոգի տվողը տիկնիկավարն է:
Ամբողջությամբ՝ hetq.am