Մի ստե’ք, բոլորը բոլորին ճանաչում են, ամո’թ է…
Հասկանալի և ընկալելի է, որ խառը ժամանակներ են: Բնական է, որ խառը ժամանակներում, ի թիվս մշտապես ակտիվների` սովորաբար ակտիվանում են երկրի կյանքում ոչնչով աչքի չընկած շատախոսները, դատարկախոսներն ու անհաջողակները: Նրանց են միանում չափազանցված ինքնագնահատականով տառապող իրենց կարծիքով ժամանակին չգնահատվածներն ու թերագնահատվածները:
Գիտե՞ք ովքեր են վերջիններս. իրականում` բախտի բերմամբ և սխալմամբ մի կարճ ժամանակ պաշտոններ զբաղեցրած ձախողվածները, պատահաբար հարստացածները, ծայրահեղ անարդյունավետները, կյանքից, մարդկությունից վիրավորվածներն ու ակնհայտ անհաջողակները:
Այս խմբում առանձնանում են, և հատկապես գերակտիվ են դառնում երբևէ սխալմամբ կարճատև պաշտոնավարածները: Վերջիններս անմիջապես ակտիվանում են, ընկնում են հոսանքի մեջ, և այլևս չեն գիտակցում, թե ինչ են խոսում, որտեղ, ինչ են հորինում, ինչ են գրում` միայն թե աչքի ընկնեն:
Հավանաբար, այդպիսով առաջին հերթին ձգտում են, որ ժողովուրդը մոռացության տա իրենց շատ կարճատև, բայց ակնհայտ «արհեստավարժ ապիկարությունն» ու անգործունակությունը, և դրանց արդյունքում` նախկինում իրենց կողմից երկրին հասցրած վնասներն ու ժողովրդին պատճառած տառապանքը:
Սակայն դա էլ մի կողմ թողնենք: Այս ամենը այդքան ուշագրավ չէր լինի, եթե չուղեկցվեր մեկ այլ զազրելի վարքագծով: Բանն այն է, որ համընդհանուր աղմուկի մեջ մեթոդաբար ջանում են իրենք իրենց վերագրել Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական, ոլորտային հնարավոր բոլոր նվաճումները, նույնիսկ` դիվանագիտական ոլորտի ձեռքբերումները: Չեն խորշում նույնիսկ Ղարաբաղյան հակամարտությանն անդրադառնալուց: Որևէ դրվագով առնչություն չունենալով Արցախյան հերոսամարտերի հետ` չեն ամաչում նույնիսկ այդ հարցում իրենք իրենց դերակատարություն վերագրելուց: Ասենք` Հեյդար Ալիևի հետ ժպտադեմ ձեռքսեղման նկար են հրապարակում, և «դարակազմիկ» գրառում անում Ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ իբր` իրենց անձնական չհասկացված դիրքորոշման և «դերակատարության» վերաբերյալ:
Մեկ-երկու մտերիմների, Սլավոնական Համալսարանի իրենց ենթակա աշխատողների ստիպված հավանությունների և գրառումների ուղեկցությամբ, սովորական մահկանացուների համար «անհասանելի» իրենց գավառական «ինտելեկտի» փայլատակումներով` թվիթերով ու ֆեյսբուքով սկսում են ստեր հորինել և կեղծիքներ տարածել: Հիմնականում` իբր իրենց աշխատանքային նախկին «սխրագործությունների», նախկինում չիրագործված իրենց ազգափրկիչ և աշխարհացունց տնտեսական «փայլուն» ծրագրերի, կամ դրանց ձախողման պատճառների և իրենց բոլոր ձախողումների «մեղավորների» մասին:
Այնքան են խելքները թռցրել, որ նույնիսկ տարբեր ոլորտների ապագայի (քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլն) վերաբերյալ սկսել են կիսագրագետ, պարզունակ, թերթային ու դասագրքային թեզեր և առաջարկներ ներկայացնել:
Անշուշտ` այս բոլոր կեղծիքները համեմում են հենց իրենց պաշտոնի սխալմամբ նշանակած, և բացահայտ ապիկարության համար կարճ ժամանակ անց պաշտոններից ազատած նախագահ Ռ. Քոչարյանի հասցեին ուղղված զազրախոսությամբ:
Ուզում ես ականջները քաշել, և ասել` «Հե՜յ, տղերք, ուշքի եկեք, բոլորն էլ տեղյակ են, թե ովքեր եք դուք, և թե ով է այսօր ձեր «թևերի տակ ձմերուկներ դնողը»:
Մինչ արտահայտվելը, կամ գրառում անելը, միշտ հիշեք` նրանք առայժմ լռում են, բայց նրանք այստեղ են:
Կհարցնեք ովքե՞ր… Պատասխանը մեկն է` …նրանք, այո նրանք` ձեզնից հետո ձեր քանդածն ու ավիրածը վերականգնողներն այստեղ են, ներկա են: Նրանք բոլորը ձեզ լավ են ճանաչում, իսկ ժողովուրդը փայլուն հիշում է նրանց հաջողություններն ու ձեր բոլոր տապալումները: Այսօրվա պես հիշում ենք ամեն ինչ:
Հետևաբար` կամ լռե’ք, կամ` զգույշ արտահայտվեք, շա՜տ զգույշ…»:
Թույլ թողեք ձեզ… Ոտքի տակ մի ընկեք: Ձեր գնացքը գնացել է:
ՀԳ
Վատ չէր լինի, եթե այս ընթացքում վերը նշվածների «թևերի տակ ձմերուկներ դնողը» նույնպես զեկուցեր, թե անձամբ ինքն ի՞նչ է արել Հայաստանի համար այս մի քանի տասնամյակում, և ինչպիսի՞ն են եղել, և ինչպիսին են, օրինակ` Հայաստանի հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ:
Անի Սանոսյանի ֆեյսբուքյան գրառումը