Նարեկացին ասում է…
Advertisement 1000 x 90

Նարեկացին ասում է…

«Հաճի՛ր, բարերար, պարգևել մահվան արժանավորիս, Իմ անարգաձայն պղնձի տեղակ՝ շնորհիդ ոսկին, Անզարդ սևաթույր իմ երկաթի տեղ՝ Հրաշեկ պղինձն այն Լիբանանի, Որ օրինակն է առաքինության: Ինչու կարծրացնես սիրտը եղկելուս, անճա՜ր ահավոր, Որ չթափանցի երկյուղդ այնտեղ: Թող, որ անվաստակ չմնամ փոքր իմ այս աշխատանքից, Ինչպես ժրաջան սերմնացուն՝ ամուլ, անբերրի հողի, Թող չպատահի ինձ հանկարծ երկնել, սակայն չծնել, Ողբալ՝ չարտասվել, Խորհել՝չհառաչել, Ամպել՝ չանձրևել, գնալ՝ չհասնել, Քեզ ձայն տալ, և դու ձայնս չլսես, Պաղատել, սակայն անտեսված մնալ, Կողկողել,սակայն դու չողորմես, Աղաչել քեզ, բայց չշահել ոչինչ, Զոհեր մատուցել, բայց չճենճերել, Քեզ տեսնել, սակայն ձեռնունայն դուրս գալ: Լսիր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ»…

ԲԱՆ Ա ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա
Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա,
Դէպ երկինքն ի վեր` քեզ եմ ընծայում, գաղտնատե՛ս Աստուած.
Եւ իմ սասանեալ հոգու իղձերի պտուղն այրուող`
Անձս տոչորող թախծութեան հրի վրայ դնելով`
Կամքիս բուրվառով առաքում եմ քե՛զ:
Նայի՛ր, ո՜վ գթած, հոտոտի՛ր դու այն առաւե՛լ սիրով,
Քան պատարագը բոլորանուէր, մատուցուած ծխով ամէնառատ:
Ընդունիր այս պարզ ու սեղմ խօսքերիս շարադրանքը դու
Հաճութեամբ յօժար եւ ո՛չ բարկութեամբ:
Բանաւոր զոհիս նուէրն այս սրտանց
Մեղքերիս պարարտ ճարպի զօրութեամբ ողջակիզուելով,
Թող որ խոհերի իմ խորհրդակիր սենեակի խորքից
Բարձրանայ եւ քեզ հասնի անյապաղ:
Եւ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզօ՛ր,
Թող որ տաղտկալի չթուայ քեզ այդ,
Ինչպէս ամբարիշտ Յակոբի ձեռքերի կարկառումն ի վեր,
Որի դէմ բողոք է գրել Եսային
Եւ կամ ինչպէս անիրաւութիւնը Բաբելոնի`
Սաղմոսի եօթանասուներկուերորդ առակում ասուած:
Այլ ընդունիր այն կամովին, ինչպէս խունկն հաճոյական,
Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մէջ այն,
Որը նոր շուքով վերանորոգուած` Դաւիթը կանգնեց
Յանուն գերեդարձ այն տապանակի,
Որ նման է իմ կորուսեալ հոգու վերստին գիւտին:

Բ
Բայց եւ ահաւոր ձայնը հատուցման քո դատաստանի
Վրէժխնդրութեան ձորում ուժգնապէս հնչելով ահա,
Երկնում է իմ դէմ մարտի մաքառման գրգիռներ կրկին,
Այժմուանից եւ իսկ զգում եմ իմ մէջ
Էութիւնս հուզող շարժումներ ներհակ
Ու խուռն ամբոխուող խռովութիւններ:
Եւ չար ու բարի խորհուրդներ զինուած սուր ու սուսերով`
Բախւում են ընդդէմ իրարու դարձեալ,
Ինձ մահուան գերի դարձնելով համակ,
Ինչպէս երբեմն, երբ դեռ չէր հասել քո շնորհը ինձ:
Առաքելական դասի մէջ Պօղոսն` ընտրելագոյնը,
Մովսէսի օրէնքն այս շնորհի հետ համեմատելով,
Քրիստոսի բերած փրկութիւնն յաղթող է յայտարարում:
Զի եթէ ճիշտ է, որ մօտ է Տիրոջ օրն, ինչպէս գիրքն է ասում,
Հրապարակի մէջ Հովսափաթի եւ կամ
Կեդրոնի հովտում նեղանձուկ,-
Դատաստանի փոքր հանդիսատեղի եւ ժամադրավայր,
Որոնք երկրային երեւոյթներով պատկերացնում են հանդերձեալն ինձ պարզ,
Ապա եւ ինձ է մօտեցել յաւէտ թագաւորութիւնն մարմնացեալ Աստծոյ,
Որը ենթակայ պիտի գտնի ինձ մեծապէս ծանր հատուցումների,
Այն բազմապիսի մեղանչումների համար իմ բոլոր,
Որոնք յիրաւի ամբաստանելով` դատեն ինձ պիտի աւելի սաստիկ,
Քան թէ բարձրացող Նրա ձեռքն յուժկու,
Որ մի ժամանակ եդովմայեցի եւ փղշտացի եւ այլ բարբարոս ազգերի զարկեց:
Եւ, սակայն, նրանց չարչարանքները կարճատեւ եղան,
Մինչ իմ մեղքերի պատիժը ո՛չ վերջ ունի, ո՛չ սահման:
Վախ, գուբ, որոգայթ անճողոպրելի,-
Ըստ մարգարէի եւ առակողի,-
Սաստիկ տագնապով դուռս ափ առած`
Մշտնջենական ամօթն են իրենց գծագրում արդէն:
Եւ արդ, միայն դո՛ւ կարող ես գտնել հրաշագործ դեղեր,
Ի կեանք կոչելու հոգիներն ամէն` մատնուած վարանման եւ տարակոյսի,
Քաւի՛չ բոլորի, անսահմանելի բարձրութեանդ մէջ
Քո անճառ փառքով գովուա՜ծ յաւիտեան:

ԲԱՆ Դ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա
Եւ քանզի խօսել սկսեցի քեզ հետ,
Որ կենդանի շունչն ունես ձեռքիդ մէջ բազմամեղ հոգուս`
Սարսում եմ սաստիկ տագնապով իրօք ու դողդողում եմ երկիւղից ահա,
Զի յիշելն անգամ քո անխուսափելի եւ անաչառ դատաստանի մասին,
Ուր պիտի մեղքերն իմ կշտամբուեն, ո՜վ արարիչ երկնի եւ երկրի,
Ահաւոր է եւ անպարփակելի ու վեր ամէն սահմանումից:
Մանաւանդ որ չկայ բժշկութիւն իմ բազմավտանգ, անողջանալի սաստիկ վէրքերին,
Որոնք ստացայ հոգիս կորստեան մատնողի մահաբեր ժանիքներից
Եւ չիք պատասխան “պատերազմի օրն”,- ըստ առակողի:
Հնար չի լինի ո՛չ խօսքով արդարանալ, ո՛չ վերարկուի տակ պահուել,
Ո՛չ դիմակաւոր` կեղծել եւ ո՛չ երեսպաշտ խօսքերով մօտենալ,
Ո՛չ շինծու ձեւերով խաբել, ո՛չ կցկտուր բառերով ստել,
Ո՛չ արագոտն փախչել, ո՛չ թիկունք դարձնել,
Ո՛չ երեսն ի վայր` դէմքն հողին քսել,
Եւ ոչ էլ երկրի խորքերում թաքնուել,
Քանզի ծածկուածները բաց են քեզ համար եւ աներեւոյթներն` հրապարակուած:

Բ
Արդարութիւնն իմ նուազել է իսպառ եւ ունայնացել,
Մեղքերս յայտնի են դարձել եւ շատացել են է՛լ աւելի,
Մնացական են չարութիւններն իմ, եւ ես` կորստական.
Իրաւունքի կշիռն է պակասած, եւ անիրաւութիւնն իմ` միանգամից զօրացած.
Բարեգործութեան պտուղներն են հալած, եւ սխալմունքներն արձանացած.
Աւանդն է կորած, եւ դատակնիքն այժմուանից գտնուած.
Մահուան մուրհակն է գրուած, եւ աւետման կտակն եղծուած.
Բարերարն է տխրած, եւ բանսարկուն ուրախացած.
Հրեշտակների գունդը թախծած, եւ սատանան խնդասիրտ պար բռնած.
Վերնական զօրքը ողբի մէջ, եւ երկրայինները բերկրած.
Սպանողի մթերանոցն է լի, եւ պահպանողի գանձը կողոպտուած.
Օտարի մասն է կանգուն, եւ Ստացողի պարգեւը` մատնուած,
Ստեղծողի շնորհն է մոռացուած, եւ կորուսչի ծուղակները պահուած.
Փրկչի երախտիքն է հեգնուած, եւ Բելիարն է զուարթացած.
Կենաց աղբիւրն է փակուած, եւ գոռոզի ժանգը ժանտիս հասած:

Գ
Եւ արդ, ինչպէս Գիրքն է ասել դեռ առաջուց,
Ցանկալի չէ՞ր արդեօք չստեղծուել երբէք արգանդի մէջ,
Ձեւաւորուել որովայնում եւ չծնուել,
Ո՛չ մարդկանց թւում գրուել եւ ո՛չ աճել, առնել հասակ,
Ո՛չ գեղեցիկ պատկերով զարդարուել եւ ոչ էլ օժտուել խօսելու ձիրքով,
Քան թէ ենթարկուել այսպիսի սաստիկ ու սարսափելի ծանրութիւնների,
Որոնց չեն կարող դիմանալ կարծր քարերը նոյնիսկ,
Էլ ո՜ւր կմնան մարմինները լոյծ:

Դ
Ուստի, բարեգութ, աղաչում եմ քեզ, տո՜ւր ինձ ողորմութիւն,
Դու, որ քո խօսքով իսկ սահմանեցիր մեզ վարուել այսպէս,
Ասելով.- Տուէ՛ք այդ նուէրն Աստծուն` ձեր փրկութեան համար,
Ու մաքրուեցէք, քանզի ողորմութիւն եմ ուզում ես եւ ո՛չ պատարագ:
Այդ խօսքդ յիշելով, բարձրացի՛ր ահա վերստին, խնկուա՜ծ,
Դու, որ ունես ամէն ինչ եւ ամէն ինչ քեզանից է.
Քեզ փա՜ռք բոլորից. ամէն:

Ամբողջությամբ՝ vnews.am