Մեր գրապահարաններում դրված հաստափոր հատորները, որը մենք հաճույքով կարդում ենք հաշված օրերի ընթացքում, գրվել են մեծ դժվարությամբ ու տառապանքով: Այսօր առանձնացրել ենք համաշխարհային գրականության մի քանի հայտնի անունների ու բացահայտել, թե նրանցից յուրաքանչյուրն ինչպես է ստեղծել իր գրականությունը:
Ագաթա Քրիստի (1890-1976)
Ագաթա Քրիստին արդեն տասնյակ տպագրված գրքերի հեղինակ էր, սակայն անձնական թերթիկում հարցաշարի՝ «զբաղմունքը» տողում նշում էր «տնային տնտեսուհի»: Նա չունենալով ոչ աշխատասենյակ, ոչ էլ գրասեղան աշխատում էր որտեղ պատահի: Գրում էր ննջասենյակում, լվացքի թասի կողքին, կարող էր գրել ընթրիքի սեղանի շուրջ ՝ ուտելու ընթացքում: «Ես մի քիչ ամաչում էի «գնալ գրելու»: Բայց եթե կարողանում էի առանձնանալ, դուռը փակել իմ հետևից և այնպես անել, որ ոչ ոք չխանգարի, ապա ես մոռանում էի աշխարհում ամեն ինչի մասին»:
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ (1896–1940)
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդն իր առաջին վեպը՝ «Դրախտի այս կողմում», գրել է ուսումնամարզական ճամբարում, ծառայության ազատ ժամերին՝ թղթի կտորների վրա: Ծառայությունից հետո նա մոռացավ կարգապահության մասին և որպես ոգեշնչման աղբյուր ընտրեց ալկոհոլը: Նա քնում էր մինչև ճաշը, երբեմն աշխատում էր, իսկ գիշերը խմում էր բարերում: Երբ նրա մոտ սկսվում էին ակտիվության նոպաներ, նա կարող էր միանգամից գրել մինչև 8000 բառ: Սա բավական էր մեծ պատմվածքի համար, բայց չէր բավարում վեպին: Երբ Ֆիցջերալդը գրում էր «Գիշերն անուշ է» վեպը, նրան դժվարությամբ էր հաջողվում երեք-չորս ժամ սթափ լինել: «Խմբագրման ընթացքում նուրբ ընկալումն ու դատողությունը անհամատեղելի են խմիչքի հետ», – գրել է Ֆիցջերալդը՝ խոստովանելով հրատարակչին, որ ալկոհոլը խանգարում է ստեղծագործելուն:
Գուստավ Ֆլոբեր (1821-1880)
Գուստավ Ֆլոբերն իր «Տիկին Բովարի» վեպը գրել է հինգ տարում: Աշխատանքը ընթանում էր շատ դանդաղ և տանջալից. ««Բովարին» առաջ չի գնում: Մեկ շաբաթվա ընթացքում ընդամենը երկու էջ: Հուսահատությունից մռութիս հասցնելու կարիք կա»: Ֆլոբերն արթնանում էր առավոտյան ժամը տասին ՝ անկողնում նամակներն ու թերթերն էր կարդում, ծխամորճը ծխում ու մոր հետ զրուցում: Այնուհետև նա լողանում էր, նախաճաշում ու ճաշում միաժամանակ և գնում էր զբոսնելու: Մի ժամ նա պատմություն և աշխարհագրություն էր ուսուցանում զարմուհուն, ապա բազկաթոռին նստած կարդում էր մինչև երեկոյան յոթը: Կուշտ ընթրիքից հետո նա մի քանի ժամ զրուցում էր մոր հետ և, վերջապես, գիշերը սկսում էր ստեղծագործել: Տարիներ անց նա գրել է. «Ի վերջո, աշխատանքը կյանքից խուսափելու լավագույն միջոցն է»:
Ամբողջությամբ՝ vnews.am