Ուղեցույցի մոտ 80 %-ի հետ համաձայն չենք. Նռնաձորի դպրոցի ուսուցչուհի. news.am
Advertisement 1000 x 90

Ուղեցույցի մոտ 80 %-ի հետ համաձայն չենք. Նռնաձորի դպրոցի ուսուցչուհի. news.am

Կորոնավիրուսային համավարակի պայմաններում դպրոցների աշխատանքը կազմակերպելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության հրապարակած ուղեցույցը հանրության շրջանում, հատկապես դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներում եւ մանկավարժների շրջանում ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել։ Հուլիսի 21-ին հրապարակված ուղեցույցի որոշ դրույթներ լայն քննարկումների առիթ են դարձել ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև հանրակրթական հաստատություններում։

«Եթե դիմակ կրելը պարտադիր ենք դարձնում և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների համար, ապա ո՞վ պետք է վերահսկի, որ 4 ժամը մեկ դրանք փոխվեն, ո՞վ պետք է նրանց դրա մասին հիշեցնի, օրինակ՝ փոքրահասակների պարագայում։ Մեր դպրոցում բուժքույրի հաստիք չկա, մենք ազատ մասնագետ չունենք, ուսուցիչը հանգստի իրավունքից էլ կզրկվի, եթե դասամիջոցին պիտի անընդհատ երեխաներին ասի՝ տղա ջան, դիմակդ բարձրացրու, աղջիկ ջան, դիմակդ փոխելու ժամանակն է։ Լավ, ասում եք՝ պատասխանատուն տնօրենն է և ամբողջ անձնակազմը, բայց ինչպե՞ս»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Քրիստինե Ստեփանյանը։

Դիմակ դնելը սահմանափակում է հաղորդակցությունը ուսուցչի և աշակերտի միջև։ Ուսուսչուհին նկատում է՝ կողմերը պետք է հայացքներից, միմիկաներից հասկանան միմյանց։ Ուղեցույցի համաձայն՝ սովորողները դասին մասնակցում են տեղից, նրանց գրատախտակի մոտ կանչելն արգելվում է։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու համար այս պարտադրանքն անհասկանալի է։

«Սկսած 5-րդ դասարանի Մայրենիի առարկայից, որտեղ ուղղագրություն են անցնում, աշակերտը պետք է բառը գրի, աչքը տեսնի, մի անգամ սխալվի, մյուս անգամները ճիշտ գրի։ Մենք քերականությունը չենք պատկերացնում միայն խոսքով, պետք է գրենք, ցույց տանք։ Եթե մտածում են, որ կավիճը կբռնեն մի քանի աշակերտ և ուսուցիչը, բայց չէ որ նույն ուղեցույցի համաձայն, ասվում է, որ դասարաններում ախտահանիչ հեղուկներ պիտի լինեն։ Թերեւս, դա հենց այնպես շարադրված կետ է, որովհետև գրատախտակից օգտվելուց հետո սովորաբար աշակերտը սրբվում էր, նոր նստում, հիմա էլ կարող է ախտահանիչ հեղուկներից օգտվել։ Ուղեցույցի մոտ 80 %-ի հետ համաձայն չենք»,- ասում է տիկին Ստեփանյանը։

Նռնաձորի միջնակարգ դպրոցն այս տարի առաջին դասարանցի չի ունենա, փոքր գյուղ է, դպրոցն ընդամենը 19 աշակերտ ունի, իհարկե, ուսուցչուհու դիտարկամբ՝ դասարաններում սոցիալական հեռավորություն պահպանելու հետ կապված խնդիրներ չեն առաջանա, բայց միևնույն է անխուսափելի կլինեն այլ խնդիրները։

«Առավոտյան ո՞վ պետք է բոլորին ջերմաչափի, եթե դասերը ժամը 9-ից են սկսելու, այդ ե՞րբ պետք գան, հասցնեն բոլորին ջերմաչափել, ո՞վ պետք է ախտահանի դասասենյակները։ Այս հարցերի պատասխաններն ուղեցույցից չենք ստացել։ Մենք հիմա էլ, երբ աշխատանքի ենք գնում, դիմակ ենք կրում։ Այստեղ շատ շոգ է, ուսուցիչների մի մասն ակնոց է կրում, իսկ դիմակն ու ակնոցը իրար հետ անհարմարություն են առաջացնում»,- նկատում է Քրիստինե Ստեփանյանը։

Ուղեցույցի համաձայն՝ գրավոր աշխատանքների համար արգելվում է տետրեր օգտագործելը: Դրանք կազմակերպվում են թերթիկների վրա: Գրավոր աշխատանքի ավարտից հետո դրանք ուսուցիչը հավաքում է դրա համար նախատեսված արկղի մեջ: Գրավոր աշխատանքների ստուգումն իրականացվում է 1 օր հետո: Քրիստինե Սահակյանի դիտարկմամբ՝ սա հակասում է շրջանառության մեջ նախարարության  մտցրած մեկ այլ նախագծին, որի համաձայն՝ ուսուցիչն իր բոլոր գրառումները, ներկան-բացական, գնահատականները և մատենավարությունը էլելտրոնային եղանակով պիտի անի հաջորդ օրը մինչև 18։00-ն։

«Ես չգիտեմ՝ դա օրենքի ուժ ստացել է, թե ոչ, բայց հիմա հարց է առաջանում, եթե ես պետք է գրավոր աշխատանքները հավաքեմ, մի օր պահեմ ու նոր հաջորդ օրը ստուգեմ, ես հաջորդ օրվա համար դասը պլանավորելու խնդիր ունեմ, գրավորը ստուգելու խնդիր ունեմ, անհրաժեշտության պարագայում աշակերտների համար դիտակտիկ նյութեր պատրաստելու խնդիր ունեմ, հետևաբար, ինչ է, ուսուցիչն անձնական կյանք, առտնին գործեր չունի՞։ Այս դեպքում  մատենավարության հարցերն էլ պետք է հստակեցվեն, եթե մեկ օր հետո պիտի ստուգվի, թող գոնե գրավոր աշխատանքների մուտքը լինի մեկ շաբաթյա ժամկետում»,- նկատում է նա։

Համաձայն ուղեցույցի՝ ֆիզկուլտուրայի դասերը կկազմակերպվեն դասասենյակում ըստ ուսուցիչներին տրամադրված մեթոդական ցուցումների, կամ բացօթյա տարածքներում և սպորտային մարզասրահներում՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա և բացառելով շփումները, մեծ ակտիվություն ենթադրող մարզանքներն ու խմբային խաղերը: Քանի որ Նռնաձորի դպրոցի սաները քիչ են, հաճախ է լինում, որ դասարանները միանում են, որպեսզի ֆիզկուլտուրայի դասընթացը լիարժեք կազմակերպվի։

«Մեր դպրոցում նույնիսկ մարզադահլիճ չկա, հանդիսությունների սրահ ունենք, որը հարմարեցնում ենք ֆիզկուլտուրայի դասերին։ Հիմա ասում են, որ աշակերտները դասասենյակներից չպետք է դուրս գան, պետք է սահմանափակվեն շփումները, եթե դրանք սահմանափակվում են, դասարանի մի աշակերտը ֆիզկուլտուրայի դասին ի՞նչ է անելու։ Եթե պիտի մարզանք անի, կկարողանա, բայց խաղալ չի կարող։ Նույնիսկ շախմատ խաղալ չեն կարող, ինչպե՞ս են սա պատկերացնում, բացերը շատ-շատ են»,- ասում է ուսուցչուհին։

Յուրաքանչյուր առարկայից կիսամյակի ընթացքում նախատեսվում է, որ կկազմակերպվի 2 թեմատիկ գրավոր աշխատանք: Մինչ այս, ըստ տիկին Ստեփանյանի, «Հայոց լեզու» առարկայի պարագայում, թեմատիկների քանակն այնքան է եղել, որքան տվյալ առարկայից շաբաթական դասաժամերն էին։

«Երբ ուղեցույցը շրջանառության մեջ դրվեց, մտածեցինք, որ ինչպես նախկինում, ուստարվան ընդառաջ, մեթոդական նամակներ կուղարկեն, բայց այսօր նաև դա էինք քննարկում, որ Կրթության ազգային ինստիտուտը փակեցին, որը հսկայական աշխատանք էր կատարում, նրանք ուսուցչի այսպես ասած՝ աջ ձեռքն էին, թևութիկունքը, ԿԱԻ-ն փակեցին, հիմա մենք մեր հարցերի պատասխանները որտեղի՞ց ստանանք»,- ասում է Քրիստինե Ստեփանյանը։

Թեև առկա ուսուցմամբ դասապրոցեսները սկսելու վերաբերյալ որոշ վերապահումներին, այնուամենայնիվ, տիկին Ստեփանյանը նշում է, որ հեռավար ուսուցման կարգն էլ արդյունավետ չէր։

«Առկա ուսուցումը դրանով է լավ, որ սոցիալական շփում, հմտություններ է ապահովում, բայց, եթե երեխան չպետք է գա գրատախտակի մոտ, խմբային աշխատանք չպետք է կատարեն, հարցեր են, չէ՞, առաջանում։ Բացի այդ, մեր գյուղում, որտեղ կապի տեսակը միայն «ՎիվաՍելն» է, ժամանակ է եղել, որ ժամը 10-ի դասը չի ստացվել, որովհետև կապի խնդիր է առաջացել, ու տեսազանգով դասաժամ չենք արել, ստիպված զանգով ենք արել, ինչը տանջալի աշխատանք էր»,- եզրափակեց Նռնաձոր գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին։

news.am