Բոլորիս հայտնի ու բոլրիս կողմից սիրված «Սասունցի Դավիթ» արձանը հետաքրքիր պատմություն ունի, որն էլ ներկայացնում ենք՝ ստորև։
Քոչարի գլուխգործոցն ու բանտարկությունը
1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Արդյունքում, մրցույթ հայտարարվեց, սակայն քանդակագործների մեծ մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի։
Այդուհանդերձ, գտնվեց մեկը, ով պատրաստ էր ծնունդ տալ Սասունցի Դավթի արձանին՝ նման կարճ ժամանակահատվածում։ Այդ համարձակը նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարն էր, վերջինս նոր էր վերադարձել Ֆրանսիայից։ Քոչարը հանձն առավ կարճ ժամանակահատվածում իրականացնելու այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն ավարտեց ընդամենը 18 օրում։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի:
Սակայն…
1941 թվականի հունիսի 23-ին Երվանդ Քոչարը բանտարկվեց։ Պատճառներից մեկն այն էր, որ քանդակում մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի հարևան ու «բարեկամ» թուրքին։ Քոչարը դիտարկվեց որպես «ժողովրդի թշնամի» և քանդակը բառացիորեն ջարդուփշուր արվեց, դե իսկ Քոչարը հայտնվեց ճաղերի ետևում։ Բանտարկությունից 2 տարի անց Երվանդ Քոչարը ազատ արձակվեց։ Ավելի ուշ՝ 1957 թվականին որոշվեց վերականգնել արձանը, և Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը՝ արդեն երկրորդ անգամ…
Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանամերձ հրապարակում։ Իշխանությունները արել էին ամեն ինչ, որպեսզի արարողությունը անցնի աննկատ, սակայն ժողովուրդը արձանի բացումը վերածեց համազգային տոնախմբության։
Հետաքրքիր է, որ…
- «Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է. վերջինիս քաշը 3,5 տոննա է։
- Ձին սանձ չունի, քանի որ Քուռքիկ Ջալալին խոսող ձի էր, և Դավթի ընկերն էր, հետևաբար նրան սանձելու կարիք չկար։
- «Սասունցի Դավիթ» արձանը պատկերված է 1991 թվականին Խորհրդային Միության կենտրոնական բանկի թողարկած 5 ռուբլի անվանական արժեքով հոբելյանական մետաղադրամին, ինչպես նաև 1994 թվականին ՀՀ ԿԲ-ի թողարկած 25 դրամ անվանական արժեքով «Սասունցի Դավիթ» արծաթե հուշադրամին։
- Դավթի բնորդը Վանուշ Խանամիրյանն է։ Երվանդ Քոչարը «Սասունցի Դավիթ» արձանի դեմքը կերտել է Վանուշ Խանամիրյանի խաղացած Դավիթի կերպարից:
և ամենահետաքրքիրը՝
Կռվի ժամանակ, սովորաբար, ձիու պոչին պարան էին կապում, իսկ այս արձանի պարագայում Քոչարը ձիու պոչից քյամար է կապել՝ թուրքական գոտի։ Ակնառու է, որ ձիու պոչը բաժանված է 2 մասի, իսկ եթե ուշադիր նայեք՝ կտեսնեք, որ հստակ ուրվագծվում է ձիու հետնամասից դուրս եկող գոտկատեղ, հետույք, երկու ոտք՝ թուրքական տաբատով, և սուլթանական կոշիկներ։ Ի՞նչ էր ուզում ակնարկել Քոչար… թվում է, թե ինչ-որ թուրքի մարմին կիսով չափ մտել է ձիու հետուքը…