Գագիկ Ծառուկյանի սանիկ, «Պալաչ» մականունով Արթուր Հարությունյանը, ով տեւական ժամանակ լքել էր Հայաստանը եւ բնակվում էր արտերկրում, մտադիր է առաջիկայում հայրենիք վերադառնալ։ Որոշ տեղեկությունների համաձայն, նրա վերադարձը կազմակերպում են ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Կոտայքի նախկին մարզպետ, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի, որպեսզի նրան օգտագործեն ընդդեմ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի։ Իշխանություններին չի հաջողվում Ծառուկյանի հարցերը լուծել՝ անգամ քրեական գործը չի տալիս նման հնարավորություն, ուստի որոշել են օգտվել նախկինների փորձից։
Հիշեցնենք, որ 2012 թ․ ԱԺ ընտրությունների շեմին Ծառուկյանի սանիկ Հարությունյանը դուրս եկավ քավորի դեմ, չնայած նրա շնորհիվ էր բազում բիզնեսների տեր դարձել։ Նրան էր պատկանում «Քինգ դե լյուքս» ուղեւորափոխադրող ընկերությունը, որը գործունեություն էր ծավալում Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան եւ Չարենցավան-Աբովյան երթուղիներում։ Ծառուկյանի սանիկը հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանը դեմպինգ է իրականացնում` նույն երթուղիներում բարեգործական ավտոբուսներ աշխատեցնելով: Վեճը հրապարակայնացվեց, Արթուր Հարությունյանը հայտնվեց ՀՀԿ-ում եւ ՀՀԿ-ի ձեռքով էլ սկսեց աշխատել Ծառուկյանի դեմ, որպեսզի Կոտայքում թուլացնեն ԲՀԿ առաջնորդի ազդեցությունը։ «Ավտոբուսային» պատերազմի արդյունքում էլ Պալաչը հեռացավ Հայաստանից։ Ըստ լուրերի, նրա «աքսորը» կազմակերպել էին Ծառուկյանի թիմակիցները։
Ամբողջությամբ՝ hraparak.am