Արդեն մոտ 1 շաբաթ է՝ հայաստանյան զբոսաշրջային ոլորտում հերթական փոթորիկն է մոլեգնում։ Կրկին հայ զբոսաշրջիկները գրավիչ առաջարկի, աննախադեպ զեղչի զոհ են դարձել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գրեթե տասը տարի զբոսաշրջային գործունեություն ծավալած «Բյութի օֆ Արմենիա» ընկերության տնօրեն Վահե Շահվերդյանը ավելի քան 100 զբոսաշրջիկի գումարներ է շորթել ու «թռել»։ Նրա անձնական, նաև ընկերության հեռախոսահամարներն անհասանելի են, գրասենյակը փակ է, համացանցում ջնջված են ոչ միայն նրա անձնական էջերը, այլև ընկերության, այդ թվում` Facebook-ում հարյուր հազարից ավելի հետևորդ ունեցող պաշտոնական էջը։ Խաբված զբոսաշրջիկների թիվն օր օրի ավելանում է. շատերն իմանում են, որ խաբված են միայն այն ժամանակ, երբ իրենց հանգստի մեկնելու օրը մոտենում է կամ էլ հասնում են հյուրանոց, տեղում պարզում՝ ամրագրումը չեղարկված է, որովհետև վճարումը կատարված չէ։
Օգոստոսին քաղաքացիներն ամրագրումներ են կատարել հայաստանյան տարբեր հյուրանոցներում սեպտեմբերի տարբեր օրերի համար։ Սեպտեմբերը դեռ առջևում է, հավանականությունը մեծ է, որ տուժածների թիվն էլի կավելանա։ Հետևաբար այս պահին նույնիսկ հստակ հայտնի էլ չէ, թե քանիսն են տուժել Վահե Շահվերդյանի «թույն ակցիայից»։ Քրեական գործ արդեն հարուցված է, խաբված զբոսաշրջիկներն էլ ոչ միայն փորձում են նաև իրենց ուժերով գտնել Վահեին ու վերադարձնել գողացված գումարները, այլև հասկանալ՝ ինչպես կարող էին խաբվել, ովքեր են այս պատմության մեղավորները։ Շատերը պնդում են՝ մեղքի իրենց բաժինն ունեն նաև այն հյուրանոցները, որոնք դրական կարծիք են հայտնել «Բյութի օֆ Արմենիայի» մասին՝ այդպիսով որոշիչ դեր ունենալով ակցիայից օգտվելու համար ու իրենց կամքից անկախ էլ՝ «օգնելով» Վահեին։
Լիլիթ Ալավերդյանը պատմում է՝ ընկերների հետ որոշել էին հանգիստն անցկացնել «Նոյ Լենդում»։ Երբ կարդում են X + X անհավատալիորեն գայթակղիչ ակցիայի մասին, առաջին բանը, որ անում են, զանգահարում են հյուրանոց, որտեղ նրանց պատասխանում են, թե արդեն մեկ տարուց ավելի է՝ համագործակցում են «Բյութիի» հետ, ոչ մի խնդիր չեն ունեցել։ Կարծիքը վստահություն է ներշնչել, որոշել են օգտվել ակցիայից։
Լիլիթն ասում է՝ երբ Վահեն դրամական փոխանցման համար տվեց իր անձնական, այլ ոչ թե ընկերության հաշվեհամարը, ևս մեկ անգամ կասկածը գլուխ բարձրացավ։ Պայմանագիր խնդրեցին. Վահեն էլ պատասխանեց, թե պայմանագիրն իրենք կնքում են հյուրանոցի հետ, իսկ հաճախորդներին հաշիվ-ապրանքագիր են տալիս։ Հավատացին ու 128 հազար դրամ փոխանցեցին երկու գիշերակացի համար (ըստ ակցիայի պայմանների՝ ևս երկու գիշերակաց էլ ընկերությունն էր ավելացնում)։ Հանգստի պետք է մեկնեին սեպտեմբերի 5-9-ը։
«Կրկին ապահովության համար երկու օր անց զանգահարեցինք հյուրանոց` ճշտելու՝ մեր ամրագրումը կա, թե ոչ։ Մեր չորսի անուններով ամրագրում կար»,- ասում է Լիլիթն ու նշում, որ հետագա օրերին հանգիստ են եղել, մինչև որ համացանցում հայտնվել են խաբված զբոսաշրջիկների մասին լուրերը։
«Անմիջապես զանգահարեցինք հյուրանոց, ասացին, որ ձեր անուններով ամրագրում այլևս չկա։ Մենք արդեն չորս օր է՝ «Բյութիի» հետ չենք աշխատում»,- պատմում է Լիլիթն ու տարակուսում, թե ինչու ամրագումը չեղարկելիս ոչ ոք իրենց հյուրանոցից չի զանգահարել ու զգուշացրել։
«Նոյ Լենդի» մենեջեր Վարդուհի Հարությունյանը ևս հաստատեց՝ «Բյութիի» հետ համագործակցության առաջին տարին էր։ Քանի որ դեռ մեծ վստահություն չկար, աշխատում էին կանխավճարով, այսինքն՝ հյուրերի ժամանելուց առաջ ընկերությունը պարտավոր էր կանխավճար կատարել։ Այս մեկ տարվա ընթացքում խնդիրներ չէին ունեցել, իսկ նշված գայթակղիչ ակցիայից անգամ «Նոյ Լենդի» աշխատակիցներից մեկն էր որոշել օգտվել՝ մեղրամսի համար։
«Վահեի հետ վերջին անգամ խոսել եմ օգոստոսի 28-ին, քանի որ մեր աշխատակիցն իր նախընտրած հյուրանոցում ճշտել էր, որ փոխանցումն արված չէ։ Վահեն վստահեցրել էր՝ խնդիր չի լինի, ինքը հիմա փոխանցումը կկատարի։ Հարսանիքն ամսի 30-ին էր, փոխանցումը չարվեց, Վահեն էլ արդեն զանգերին չէր պատասխանում, այնպես որ մեր աշխատակիցն էլ ստիպված է եղել ևս մեկ անգամ 70 հազար դրամ վճարել հյուրանոցում, որովհետև մեղրամիս էր, չգնալու տարբերակ չկար»,- ասում է Վարդուհին ու մանրամասնում, որ տուրիստական ընկերությունը միջնորդ է զբոսաշրջիկի և հյուրանոցի միջև, հետևաբար իրենք հյուրերի հեռախոսահամար, կոնտակտային տվյալներ չունեին, որ զգուշացնեին՝ ամրագրումը չեղարկվում է։ Ասում է, որ իրենք էլ են այս պատմության մեջ տուժած, այս պարագայում միայն կարող են 10 տոկոս զեղչ առաջարկել։
Ինգա Սաղաթելյանն էլ ցանկանում էր ամուսնու և երկու երեխաների հետ «Թեժ լեռում» հանգստանալ։ Սեպտեմբերի 10-14-ը հանգստի համար օգոստոսի 25-ին փոխանցել էր 89 հազար դրամ։ Իրենք ևս մինչև դրամական փոխանցումը հյուրանոցից հետաքրքրվել էին «Բյութի օֆ Արմենիայի» մասին, կարծիքը դրական էր, անգամ առաջարկել էին հենց զանգի պահին ամրագրումն անել, իսկ հետո, երբ արդեն «Բյութիից» զանգ ստանան, կհամադրեն տվյալներն ու կհասկանան, որ նույն մարդկանց մասին է խոսքը, ակցիայի շրջանակներում ամեն ինչ կկազմակերպվի։ Փոխանցել է գումարը, ստացել հաշիվ-ապրանքագիրը, որի մեջ նշված անուններում տառասխալ է նկատել, ապահովության համար օգոստոսի 27-ին զանգահարել է հյուրանոց՝ ճշտելու՝ արդյոք դա խնդիր չէ՞։
«Զանգիս պատասխանած աշխատակիցն ասաց, որ այլևս Վահեի հետ չեն աշխատում, քանի որ նախորդ հյուրերի համար վճարումը չի արվել։ Զանգահարեցի Վահեին, նա էլ ասաց, թե հյուրանոցի հետ թյուրիմացություն է առաջացել, խնդրեց հյուրանոցը փոխել»,- պատմում է Ինգան ու նշում, որ կասկածները չէին ցրվում, այնպես որ որոշեց այլ հյուրանոց չընտրել, խնդրեց իր գումարը հետ փոխանցել։ Նա համաձայնեց, բայց, իհարկե, գումարը չվերադարձրեց ու անհետացավ։ Ինգան պնդում է՝ հյուրանոցը մեղքի բաժին ուներ, որ վստահեցին Վահեին, դրա համար պահանջում է գոնե հիսուն տոկոսով կիսել իրենց կորուստն ու կես գնով հանգստի հնարավորություն տալ, բայց «Թեժ լեռից» միայն 15 տոկոս զեղչ են առաջարկում՝ ասելով, որ իրենք էլ են տուժած։
Մեր զրուցակիցներից էլ Սոնա Սարգսյանը ցանկանում էր ընկերների հետ սեպտեմբերի 8-17–ը հանգստանալ «Ջերմուկ հոթել ընդ սպա» հյուրանոցում։ Չորս հոգու համար Վահեի հաշվին փոխանցել են 500 հազար դրամ։
«Քանի որ ակցիան մի քիչ կասկածելի էր, որոշեցինք ճշտել հյուրանոցի հետ, այնտեղից մեզ հավաստիացրին, որ աշխատում են, սա էլ ակցիայի շրջանակում առաջին ամրագրումը չէ»,- ասում է Սոնան ու նշում, որ հյուրանոցը «Բյութիին» վստահելու հարցում որոշիչ դեր է ունեցել։ Նշում է՝ փոխանցումից հետո երկու անգամ զանգահարել են հյուրանոց և ճշտել՝ ամրագրում կա, թե ոչ, երկու անգամն էլ դրական պատասխան են ստացել, բայց երբ հարցրել են՝ փոխանցումն արված է, իրենց պատասխանել են, թե «դա կոնֆիդենցիալ է»։ Արդեն օգոստոսի 29-ին, երբ համացանցում կարդացել է խաբվածների գրառումները, զանգահարել է հյուրանոց, ասել են, որ ամրագրումները չեղարկված են, հյուրանոցում էլ այլևս տեղ չկա։
Նման պատմությունները շատ են, դրական երաշխավորության կողքին եղել են նաև հյուրանոցներ, որոնք չեն շտապել վստահություն ներշնչել հաճախորդներին, իսկ Վահեի անհետացումից հետո խոստովանել են, որ նախկինում էլ փոխանցումների ուշացումներ են ունեցել, բայց գործընկերային էթիկայից ելնելով՝ վատ բնութագիր չեն տվել «Բյութիին» և նրա տնօրենին։
Վահե Շահվերդյանից տուժած քաղաքացիների գործը ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտե։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը նշեց, որ «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից գումարներ հափշտակելու դեպքերի վերաբերյալ քրեական գործը քննվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։ Նրա տեղեկացմամբ՝ նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանությունից վարույթն իրականացնող մարմին են ստացվել 11 քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Զբոսաշրջության կոմիտեն հետամուտ է գործի ընթացքին, իրավապահներին աջակցում է տեղեկատվության տրամադրման հարցում։