Անշարժ գույքի շուկան երկրի սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող ոլորտներից է: Աշխուժությունն այդ շուկայում միանշանակ ընդգծում է տնտեսության կենսունակությունը: Իսկ շուկայում օտարերկրյա կապիտալի աշխույժ ներկայությունը տվյալ երկրի տնտեսության կայուն առաջընթացի ամենահաստատ ապացույց-չափանիշն է: Զուտ այս իմաստով հետաքրքիր է դիտարկել օտարերկրացի գնորդների վարքագիծը մեր անշարժ գույքի շուկայում:
Նախ ասենք՝ պաշտոնական վիճակագրությունն անշարժ գույքի շուկան ներկայացնում է ամսական կտրվածքով: Այսինքն կարելի է դիտարկել, թե յուրաքանչյուր ամիս օտարերկրացիները քանի գույք են գնել, կամ վաճառել: Ուստի կարելի է համոզվել, որ այս տարի էլ պահպանվում է 2018-ից ձևավորված «ավանդույթը», որի համաձայն օտարերկրացիներն ավելի շատ վաճառում են նախկինում գնած անշարժ գույքը, քան նորը գնում:
Այս «ավանդույթ» ասվածը պահպանվել է բոլոր ամիսներին: Բայց հուլիս ամսին առաջին անգամ գնած ու վաճառած համամասնությունը խախտեց 50 տոկոսի սահմանագիծը: Առաջին անգամ կրկնակիից ավելի գույք վաճառվեց, քան գնվեց: Առաջին յոթ ամիսների ընդհանուր պատկերը դեռ զիջում է այդ համամասնությանը: Օտարերկրացիները 2020թ․ հունվար-հուլիսին գնել են 763 անշարժ գույք և վաճառել նախկինում գնած 1 272 գույք: Օտարերկրացիների հետ կատարված գործարքներում միայն 3-3.5 տոկոսն է, որ երկու կողմն էլ՝ և՛ գնորդը, և՛ վաճառողը օտարերկրացիներ են: Օտարերկրացիներին հիմնականում հետաքրքրել (հիմա էլ մասամբ հետաքրքրում) են բնակարանները՝ բազմաբնակարանային շենքերում, առանձնատները և հողը: Այս տարի նրանք գնել են 321 բնակարան, վաճառել՝ 536-ը: Բնակելի առանձնատներ գնել են 165 հատ, վաճառել՝ 268-ը: Նույն համամասնությունն է նաև հողի շուկայում: Օտարերկրացիները գնել են 151 հող-հողակտոր, վաճառել՝ 378: Ասենք, որ այս թվի մեջ ներառվում է նաև գյուղատնտեսական նշանակության հողերի գնում-վաճառքը: Հետևաբար կարելի է եզրակացնել, որ մեր գյուղատնտեսության ոլորտում նրանց ներգրավվածության ծրագրերը ևս կրճատվում են:
Մեր աշխարհասփյուռ ազգ լինելու պարագային բարդ չէ ենթադրելը, որ անշարժ գույքի շուկայում գործարք կատարող «օտարերկրյա քաղաքացիների» նկատելի հատվածը մեր հայրենակիցներ են: Սա պարզ է դառնում, երբ դիտարկում ես, թե որ երկրների քաղաքացիների մասին է խոսքը: Բնականաբար, ամենամեծ քանակով գործարքներ (թե՛ գնում, թե՛ վաճառք) կատարում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները: Նրանց մասնակցությամբ այս տարի գրանցվել է գնման 502 գործարք: Իսկ վաճառքի գործարքների թիվն ավելի մեծ է՝ 949: Իհարկե, կարելի է ընդգծել, որ ԱՄՆ և Եվրամիության անդամ երկրների քաղաքացիները մի փոքր ավելի շատ են անշարժ գույք գնել, քան վաճառել: ԱՄՆ քաղաքացիներն, օրինակ, գնել են 80, վաճառել՝ 52 գույք: Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների գործարքների վիճակագրությունը «հուշում է» հետևյալ թվերը՝ գնել են 55 գույք, վաճառել՝ 46-ը: Բայց այս թվերն ամենևին էլ համադրելի չեն ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ գրանցված գործարքների քանակի հետ: Ճիշտ այնպես, ինչպես Իրանի քաղաքացիների գործարքների ցուցանիշները: Տարօրինակ համընկմամբ Իրանի քաղաքացիները այս տարի գնել են 32 գույք և վաճառել ճիշտ նույն քանակի գույք: Ասենք, որ այլ պետությունների քաղաքացիներ համարյա չկան: Մի քանի տասնյակ գործարք կատարել են ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիները: Իսկ «Այլ պետությունների քաղաքացիներ» անվամբ հաշվառման պարագային խոսքն ավելի փոքր թվերի մասին է:
Փոքր թվերից խոսելիս տեղին է ավելացնել, որ մեր անշարժ գույքի շուկան օտարերկրացիներին լայն իմաստով չի հետաքրքրում: Հուլիս ամսին գրանցված գործարքների միայն 1.8 տոկոսն է կատարվել նրանց մասնակցությամբ: Այնպես, որ մեր արտասահմանցի հայրենակիցներին մեր անշարժ գույքի շուկա հրավիրելու կոչերն արձագանք չունեցան:
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org