Ազգային Ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարանը, չնայած տիտանական ջանքերին, չի կարողանում հանդիպել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Քոչարյանը, հասկանալով ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում, փորձում է լավ հարաբերություններ ստեղծել այդ երկրի իշխանությունների հետ, որպեսզի առավել ամուր դիրքեր զբաղեցնի Հայաստանի իշխանության ներսում։ Մեր տեղեկություններով՝ Սերգեյ Կոպիրկինը տարբեր պատճառներով մերժում է հանդիպման առաջարկը։ Քոչարյանին հատկապես բարկացնում է այն հանգամանքը, որ իրեն մերժող դեսպանը մեծ հաճույքով հանդիպում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ և ըստ էության ամրացնում նրա դիրքերը։
Ռուսաստանի դեսպանը Անդրանիկ Քոչարյանին չընդունելու հիմնավոր պատճառներ ունի։ Քոչարյանն այն քիչ քաղաքական գործիչներից է, որ տարիներ շարունակ հակառուսական քարոզչությամբ է զբաղվել, ավելին, Ռուսաստանի իշխանություններին մեղադրել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպման մեջ։
Քոչարյանը տարիներ շարունակ խոսել է Հոկտեմբերի 27-ի գործով Լիտվինենկոյի առաջ քաշած վարկածի մասին։ Նա այս մասին խոսել է իր բազմաթիվ հարցազրույցների ժամանակ, որոնցից մեկի ժամանակ ասել է․ «Այո, ինչպես նաև խոսվեց Հայաստանում Հոկտեմբերի 27-ի՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից իրականացված լինելու մասին: Կարծում եմ՝ Հայաստանի իրավապահ մարմինները պարտավոր էին անդրադառնալ այս խնդրին և կապեր ստեղծեին լոնդոնյան համապատասխան մարմինների հետ, որովհետև դա մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող հանցագործություն էր, որի չբացահայտված լինելը նշանակում է մեր երկիրը պահել ճահճային վիճակում: Հայաստանում լուրջ քաղաքական պրոցեսները շուռ են եկել այդ կրակոցների արդյունքում և շարունակում են մնալ նույն վիճակում: Այդ պրոցեսները բացահայտում են այնպիսի համակարգված ուժերի, որոնք չեն կարողանում պատկերացնել իրենց գործողությունները՝ առանց անօրինական և ուժային բաղադրիչի»։
Հիշեցնենք, որ Լիտվինենկոն 2005թ. ապրիլին «Ռեալնի Ազերբայջան» ադրբեջանական շաբաթաթերթի հարցազրույցում սկանդալային հայտարարություն էր արել՝ Հայաստանի ամենաողբերգական իրադարձության մասին: Նա ասել էր, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային ժողովի ահաբեկչությունը կազմակերպել են ՌԴ հատուկ ծառայությունները, մասնավորապես` ԳՌՈւ-ն: «ՌԴ-ի հատուկ ծառայությունների ղեկավարությունում շատերը տեղյակ են, որ 1999թ. հայկական խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել էր մեկ այլ հատուկ ծառայություն՝ ԳՌՈւ-ն: Այդ հատուկ գործողությունը ռուսական քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տվեց կանխելու ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը: Եթե չեմ սխալվում, խոսվում էր Ստամբուլի ԵԱՀԿ գագաթնաժողովում նախագահներ Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի հուշագիր ստորագրելու մասին: Խաղաղ գործընթացը զարգանում էր ՌԴ-ի վերահսկողությունից դուրս, ինչը և դրդեց ՌԴ հատուկ ծառայություններին՝ իրականացնելու հատուկ գործողություն Հայաստանի խորհրդարանում: Պայթյունը Բաքվի մետրոյում, հայոց խորհրդարանի սպանդը` ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործունեության նույն շղթայի օղակներն են»։