Բեյրութի պայթյունից մեկ ամիս անց ՅՈՒՆԻՍԵՖ-ն ահազանգել է՝ ուսումնական տարվան ընդառաջ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել տուժած երեխաների կրթության հասանելիության խնդիրը՝ ընդգծելով, հրատապ քայլերի և ավելի շատ ներդրումների կարևորությունը:
Պայթյունից տուժել է ավելի քան 163 պետական և մասնավոր դպրոց, ինչի հետևանքով 70,000 աշակերտ զրկվել է կրթություն ստանալու, 7600 ուսուցիչ՝ աշխատելու և կրթելու հնարավորությունից։ Նույն խնդրի առաջ են նաև տեխնիկական և մասնագիտական ուսուցում տրամադրող 20 կրթօջախների՝ 7300 ուսանողները։
Երեխաների կրթության ապահովումը ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջնահերթություններից է: Կրթությունը, գիտելիքը ՅՈՒՆԻՍԵՖ-ը համարում է ոչ միայն երեխայի լավ ապագայի երաշխիք, այլև հնարավորություն՝ խթանելու տրավմայի ենթարկված երեխաներին՝ վստահել սեփական կարողություններին, վերականգնել հավատը վաղվա օրվա նկատմամբ: Պայթյունից 20 կմ շառավղով սահմանազատված տարածքում մոտ 600 000 երեխա է ապրում, որոնք կարող են կարճաժամկետ և երկարաժամկետ հոգեբանական խնդիրներ ունենալ։
Կրթության և բարձրագույն կրթության նախարարության նախնական տվյալով՝ այս տարածքի դպրոցների 80%-ը տարբեր աստիճանի վնասներ են կրել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մյուս գործընկերների հետ, հրատապ կարգով, ռեսուրսներ են հավաքագրվել՝ գոնե հոկտեմբերին դպրոցները վերանորոգելու և վերաբացելու համար:
«Աղետների ժամանակ կրթությունը կարող է կենսական ուժ ունենալ այն երեխաների համար, որոնց կյանքը տակնուվրա է եղել՝ նրանց համար անվտանգ միջավայր ապահովելով և քաոսի մեջ «սովորականի» զգացում արթնացնելով»,- նշել է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յոկո Մոկուոն։ «Ուստի մենք շատ անհանգստացած ենք փլուզված դպրոցների պատճառով և այն հետևանքների, որ կարող են կրել երեխաները դրա պատճառով»։
Պայթյունն էլ ավելի է դժվարացրել կորոնավիրուսի հետևանքով արդեն իսկ բարդացած դասապրոցեսի կազմակերպումը: Փլուզված տներից տեղափոխված ընտանիքների համար կրթական պարագաների և համացանցի հասանելիության խնդիրներ են ծագել, որոնք 2020/2021 ուստարվա համար հրատապ լուծման կարիք ունեն: Սա ավելի է երկարացնում երեխաների՝ կրթությունից դուրս մնալու ժամանակահատվածը և, նույնիսկ, կրթությունը չշարունակելու վտանգ առաջացնում։ Պայթյունից տուժած և սոցիալական բարդ վիճակում գտնվող ընտանիքները, հիմնականում, բավարար միջոց չունեն երեխաներին դպրոց ուղարկելու համար։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ համատեղ աշխատում է տուժած տարածքներում. դպրոցները վերանորոգվում և վերակահավորվում են, տրամադրվում են անվտանգության ուղեցույցներ, ուսուցիչները վերապատրաստվում են, որպեսզի կարողանան նաև հոգեբանական աջակցություն տրամադրել։ Համակարգվում է ուսուցիչների և երեխաների համար կրթական պարագաների և վաղ մանկական ուսումնառության փաթեթների մատակարարումը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է նաև հեռավար կրթությունը նորարար լուծումներով կազմակերպելու ուղղությամբ, ինչպես նաև համացանցը և անհրաժեշտ սարքավորումները երեխաներին հասցնելու ուղղությամբ։