Եթե զոհվեմ, գերեզմանիս շատ ծաղիկներ կդնեք
Advertisement 1000 x 90

Եթե զոհվեմ, գերեզմանիս շատ ծաղիկներ կդնեք

Մարգարիտը ծնվել է 1960 թվականի փետրվարի 13-ին, Արցախ աշխարհի Մարտունու շրջանի Հացի գյուղում: 1967 թվականին ընդունվել է տեղի միջնակարգ դպրոցը: Բնատուր ընդունակությունների շնորհիվ 4-րդ դասարանից միանգամից տեղափոխվել է Ստեփանակերտի մաթեմատիկական թեքումով դպրոցի 6-րդ դասարան:
1976 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի հեռակա բաժին: Աշխատել է Ղարմետաքս կոմբինատում, որպես հերթափոխի պետ: Եղել է հրաձգության չեմպիոնուհի, նաև՝ շախմատի չեմպիոնուհի:

Զոհվել է 1993 թվականի օգոստոսի 18-ին, Սանասարի /Կուբաթլու/ շրջանի Ամուտեղ /նախկին Բաշարաթ/ գյուղի համար մղվող մարտերում:

Մարգարիտը շատ էր սիրում երեխաներին, երազում էր մանկավարժ դառնալ, սակայն նրա երազանքը մնաց անավարտ: Պատերազմն ինչքա՜ն երազներ սպանեց դեռ չիրականացած: Ահեղ և երկարատև պատերազմից երկիրն ամայանում էր: Փակվում էին գործարաններն ու դպրոցները, օրեցօր դատարկվում էր Ստեփանակերտը: Ավերիչ և մահասփյուռ հրետակոծությունից փրկվելու համար բնակիչներից ոմանք հեռանում, պատսպարվում էին ապահով վայրերում, հնարավորություն ունեցողները փախչում էին Երևան: Միայն կատարյալ նվիրյալներն էին մնում մինչև վերջ:

Մարգարիտը մտադրվել էր միանալ կռվողներին, և նրա համար մեծ ուրախություն եղավ կանանց գումարտակ ստեղծելու մասին հայտարարությունը: Անմիջապես ներկայացավ: Սկզբում շատ էին, բայց ուսումնամարզական պարապմունքների դժվարություններին չդիմանալով շատերը հրաժարվեցին: Մնացին տասը աղջիկ: Մարգարիտն այդ սքանչելի տասնյակի աղջիկներից մեկն էր, և, չնայած չկայացավ կանանց գումարտակ ստեղծելու ծրագիրը, բայց այդ տասը հերոս աղջիկերը լիարժեք կատարեցին իրենց պարտականությունները Հայրենիքի հանդեպ:

1992 թվականի սեպտեմբերի 1-ից աղջիկները ռազմական պատրաստվածություն էին ձեռք բերում Շուշիի ուսումնամարզական գումարտակում: Մարտգարիտը, որպես հրաձգության չեմպիոնուհի, ստացավ օպտիկական նշանառության զենքերից մեկը և մինչև վերջ անբաժան մնաց նրանից:

Եռամսյա ռազմական պատրաստվածություն անցնելուց հետո առաջին խմբին /Մարգարիտ Թառանյան, Մարգարիտ Սարգսյան, Անահիտ Թամրազյան/ ուղարկեցին մարտական գործողությունների շրջան՝ սկզբում Շուշիի շրջանի Շրլան գյուղ, իսկ երկու օրից՝ Սարիբաբա բարձունքի մոտակայք: Ստեփանակերտի 8-րդ վաշտը պատրաստվում էր վճռական գրոհի՝ Շուշիի շրջանի տարածքը վերջնականորեն ազատագրելու համար: Դասակի հրամանատար Ալբերտ Մուսայելյանն անձամբ գնաց հետախուզության՝ իր հետ վերցնելով Մարգարիտին: Սարերը թաղված էին խոր ձյան տակ: Քամին ու ցուրտը թափանցում էին մինչև ոսկորները: Դժվար էր առաջանալը: Մարգարիտն առանց տրտնջալու քայլում էր, ջանալով ետ չմնալ հրամանատարից, ով իր կատակներով և կենսախինդ բնավորությամբ մշտապես քաջալերում էր մարտիկներին:

Հետախուզությունը բարեհաջող անցավ, սակայն ետդարձի ճանապարհին նկատվեցին թշնամու կողմից և կրակի տակ ընկան: Փորձառու հրամանատարը և Մարգարիտը խուճապի չմատնվեցին: Մարգարիտի օպտիկական հրացանը գտնում էր ձների մեջ թաքնված թշնամիներին և ստիպում լռել:

1992 թվականի նոյեմբերի 19-ին սկսվեց Սարիբաբայի գործողությունը: Թշնամին կատաղի և համառ դիմադրություն էր ցույց տալիս: Զրահամեքենայի մեջ թաքնված նշանառուն դիպուկ կրակոցներով փակել էր գրոհողների ճանապարհը: Նորից օգնության հասավ Մարգարիտի օպտիկական նշանառության հրացանը: Մարգարիտը դիրքում սպասում էր հակառակորդի նշանառուի անզգույշ մի շարժումին: Եվ ահա, որսալով հարմար պահը, քաշեց ձգանը: Ճանապարհը բաց էր…

Այսպես է սկսվում նշանառու Մարգարիտ Սարգսյանի մարտական ուղին: Նա իր քաջասիրտ ընկերուհիների հետ, որպես հրաձիգ, անհրաժեշտության դեպքում՝ նաև որպես բուժքույր, փրկարար ջոկատի անդամ, մասնակցում է Բերձորի /Լաչին/ շրջանի, Մարտակերտի, Դիզակ /Հադրութ/ ու Ակնա /Աղդամ/ շրջանների ազատագրմանը:

Նրա մարտական հաշվի մեջ արդեն թշնամու տասնյակ կյանքեր էին գրանցված և տասնյակ հայ մարտիկների կյանքեր փրկված: Եվ այն կարճատև դադարների ժամանակ, երբ տուն էր վերադառնում մի քանի օրով, էլ ոչ ոք չէր ասում. «Ո՞ւր ես գնում, Մարգարիտ, ախր դու տղամարդ չես… Դու պետք է մայրանաս, ընտանիք ունենաս…»: Որովհետև նա արդեն զինվոր էր: Մի քիչ լաց էին լինում, հրաժեշտ տալիս ու սպասում վերադարձին:

Սակայն, հերթական անգամ գնալով ճակատ, նա այլևս չվերադարձավ: 1993 թվականի ամռանն էր: Շուշիի գունդը, որի կազմի մեջ էր իրենց գումարտակը՝ Վլադիմիր Ավագյանի հրամանատարությամբ, դիրքավորված Դիզակի շրջանի Խծաբերդ գյուղում, մասնակցում էր Սանասարի /Կուբաթլու/ շրջանի ազատագրմանը:

Գունդը, հաջողությամբ անցնելով թշնամու թիկունք, հարվածեց՝ խուճապ առաջացնելով և դյուրացնելով հայկական մյուս զորամիավորումների առաջխաղացումը: Վաշտը, որի կազմում աղջիկներն էին, հրաման ստացավ փակել նահանջող թշնամու ճանապարհը: Մի քանի զրահամեքենա պայթեցրին և դիրքավորվեցին Ամուտեղ /Բաշարաթ/ գյուղի մոտակա բարձունքում: Թշնամին, անելանելի դրությունից դուրս գալու համար, դիմացի բարձունքից սկսեց կատաղորեն գնդակոծել: Մի փոքրիկ խմբով, որի մեջ էր նաև Մարգարիտը, շրջանցեցին և գրավեցին այդ բարձունքը՝ վերջնականորեն լռեցնելով թշնամու կրակակետը:

15 հոգով դիրքավորվելով գրաված բարձունքում, պահում էին այն: Այնտեղից թուրքերի դիրքերը երևում էին ինչպես ափի մեջ: Մարգարտիը դիպուկ կրակով ոչնչացնում էր թշնամու անզգույշ զինվորներին:, սակայն թուրքերը, չհաշտվելով հարմար բարձունքը կորցնելու հետ, դեռ մի քանի օր համառ մարտեր են մղում: Հայ մարտիկներն արիաբար ետ են մղում բոլոր հարձակումները, մեծ կորուստներ պատճառում թշնամուն: Բայց հոգնածությունն իրեն զգացնել է տալիս: Երկարատև անքնությունից և լարվածությունից ուժասպառ էին եղել: Հրամանատարը մարտիկներին հայտնում է, որ փոխարինող խումբ է գալիս, սակայն մինչ այդ, թուրքերը, օգտվելով հայ մարտիկների անզգուշությունից, մոտենում և նռնակներ են նետում խրամատները:

1993 թվականի օգոստոսի 18-ին անհավասար մարտում 15 մարտիկներից շատերը զոհվում են: Մարգարիտն ու Վազգենը ուղիղ նշանառությամբ խփում են մոտեցող հակառակորդին, բայց շուտով Մարգարիտը նույնպես խփվում է կրծքից և տեղում մահանում: Արյունալի մարտը տևում է մոտ մեկ ժամ: 15 մարտիկներից ողջ են մնում միայն 3-ը, ովքեր կռվում են այնքան, մինչև տեղ է հասնում օգնությունը և թշնամուն ետ են շպրտում:

Դադարներից մեկի ժամանակ, երբ Մարգարիտը տուն էր վերադարձել, ընկերների հետ զրուցելիս ասել էր.

– Եթե զոհվեմ, գերեզմանիս շատ ծաղիկներ կդնեք:

Օգոստոսի 18-ին Մարգարիտի մայրը Երևանում էր: Նա այցելեց Եռաբլուր և ծաղիկներ դրեց հերոսաբար զոհված ազատամարտիկ Նունե Աբրահամյանի գերեզմանին, իսկ մի քանի օր անց Ստեփանակերտի գերեզմանոցում հողին հանձնեցին նրա սիրելի դստեր՝ Մարգարիտ Սարգսյանի, աճյունը… և ողջ գերեզմանաթումբը ծածկեցին արցախյան վառվռուն ծաղիկներով:

Հովիկ Վարդումյան

«ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԿԱՆՉԸ»

freedomsoldiers.wordpress.com