Համարյա առանց վերլուծության ու մեկնաբանությունների առաջարկում եմ դիտարկել Հայաստանի սոցիալական պատկերը ներկայացնող ոլորտների որոշ թվեր: Պարզապես հարկավոր է ուշադրություն դարձնել, որ այդ թվերը որոշակի իմաստով պիտի որ կապված լինեին միմյանց հետ: Մի դեպքում դրանցից մեկի աճը տրամաբանորեն պիտի աճ ապահովեր մյուսի համար: Օրինակ, իրավախախտումների պարագային հասկանալի է, որ հանցագործությունների աճը պիտի հանգեցնի դատական պատասխանատվության ենթարկվածների թվաքանակի աճին: Կամ, ասենք, դպրոցականների քանակական աճը պիտի ենթադրեր դպրոցների քանակի ու ուսուցիչների թվաքանակի աճ: Մյուս դեպքում` պիտի հակառակ ազդեցություն ունենար: Բայց սա՝ տրամաբանորեն: Մեր իրականությունը մի փոքր այլ է: Դիտարկենք Հայաստանի սոցիալական թվերը: Դիտարկենք ու փորձենք հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր:
Ընտանեկան նպաստ
2017թ․ մեր երկրում ընտանեկան և սոցիալական նպաստ ստանում էր 100 հազար 288 ընտանիք (նրանց 75.1 տոկոսը ընտանեկան նպաստ էր ստանում): Մեկ ընտանեկան նպաստի միջին չափը 31 հազար 500 դրամ էր:
2018թ․ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը պակաս էր՝ 92 հազար 564 (նրանց 73 տոկոսն էր ընտանեկան նպաստ ստանում): Մեկ ընտանեկան նպաստի միջին չափը չէր փոխվել՝ 31 հազար 500 դրամ:
2019թ․ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը ավելի պակաս էր՝ 86 հազար 197 (նրանց 71.2 տոկոսն էր ընտանեկան նպաստ ստանում): Մեկ ընտանեկան նպաստի միջին չափը դարձյալ չէր փոխվել՝ 31 հազար 500 դրամ:
Կենսաթոշակ
2017թ․ կենսաթոշակառուների թվաքանակը 458 հազար 194 մարդ էր: Նրանցից 455 հազար 609-ը աշխատանքային թոշակառուներ էին: Զինծառայության հետ կապված թոշակ ստանում էր 1 984 մարդ, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակառուների թիվը 601 էր: Միջին կենսաթոշակի չափը 40 հազար 633.4 դրամ էր:
2018թ․ կենսաթոշակառուների թվաքանակը 463 հազար 72 մարդ էր: Նրանցից 460 հազար 548-ն աշխատանքային թոշակառուներ էին: Զինծառայության հետ կապված թոշակ ստանում էր 1 866 մարդ, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակառուների թիվը 601 էր: Միջին կենսաթոշակի չափը 40 հազար 477.9 դրամ էր:
2019թ․ կենսաթոշակառուների թվաքանակը 466 հազար 580 մարդ էր: Նրանցից 464 հազար 110-ը աշխատանքային թոշակառուներ էին: Զինծառայության հետ կապված թոշակ ստանում էր 1 779 մարդ, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակառուների թիվը 691 էր: Միջին կենսաթոշակի չափը 40 հազար 424 դրամ էր:
Հանրակրթություն
2017թ․ դպրոցների քանակը 1421 էր, 2018-ին՝ 1409, իսկ 2019-ին՝ 1400:
2017/18 ուս տարում աշակերտների թվաքանակը 369 հազար 772 էր: 2018/19 ուստարում՝ 382 հազար 378, իսկ 2019/20 ուստարում՝ 390 հազար 511 աշակերտ:
Բայց աշակերտների թվաքանակի աճին հակառակ՝ միայն դպրոցների քանակը չէ, որ պակասում էր: 2017/18 ուս տարում ուսուցիչների թվաքանակը 38 հազար 270 էր, 2018/19 ուստարում՝ 31 հազար 371, իսկ 2019/20 ուստարում՝ 31 հազար 18:
Իրավախախտումներ և դատական պատասխանատվություն
Հանցագործությունների քանակը տարեց տարի աճում է՝ 2016-ին արձանագրվել է 18 հազար 764 հանցագործություն, 2017-ին՝ 20 հազար 284, 2018-ին՝ 24 հազար 678, իսկ 2019-ին՝ 26 հազար 850:
Դրան հակռակ է դատական պատասխանատվության ենթարկվածների (դատապարտվածների) թվաքանակի փոփոխությունը՝ նրանց քանակը պակասում է: 2017-ին դատապարտվել է 2 410 մարդ, 2018-ին՝ 1 963, իսկ 2019թ․՝ 1 556 մարդ:
Համարյա մեկնաբանություն
Մեր երկրի սոցիալական վիճակը նկարագրող թվերի ուսումնասիրությունը հակասական տրամադրություններ ու վերաբերմունք է ծնում: Օրինակ, կարող ես ուրախանալ, որ 2019թ․ ՀՀ պետբյուջեի օգտին «կատարողական վարույթներով» վերականգնվել է մոտ 10.9 մլրդ դրամ գումար: Դժվար է ասել, թե ինչ զգացում կունենա սյունյակի մյուս տողը ընթերցողը, ուր գրված է՝ չի վերականգնվել համարյա կրկնակին՝ 20 մլրդ-ից ավելի գումար: Բայց այս մասին միայն պաշտոնական (ու մասնագիտական) հաշվետվություններում է նշվում: Պաշտոնական լրատվությունը խրոխտ ու հպարտ միայն նշում է, որ մոտ 31 մլրդ դրամի վերականգման որոշում է կայացվել: Թե հետո այդ որոշումն ինչպես է իրականացվել կամ հնարավո՞ր էր իրականացնել, թե՞ ոչ, բոլորովին այլ խնդիր է:
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org