Ուկրաինայի նախագահ Զելենսկու կուսակցության ներկայացուցիչ` Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է Բաքվին օժանդակություն ցուցաբերելու մտադրության մասին:
Մշտապես իր ոչ ադեկվատ վարքով աչքի ընկնող այդ պատգամավորը ուկրաինական պառլամենտի թուրք-ուկրաինական միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահն է:
Այս տարվա հուլիսին էլ նա մեկ այլ՝ Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ սկանդալային հայտարարությամբ էր հանդես եկել:
Լյուդմիլա Մարչենկոն այն պատգամավորն է, որին Ուկրաինայի օրենսդիր մարմնում «բռնացրել» էին ոչ սովորական զբաղմունքի վրա՝ «Ժողովրդի ծառան» աշխատանքի ժամին հեռախոսով «բաց» տեսանյութ էր դիտում, ինչը քննադատության բուռն ալիք էր բարձրացրել: Այդ թեմայով ու լուսանկարներով հրապարակումների տակ ընթերցողներն ու սոցցանցերի օգտատերերը հեգնել էին, թե կարելի է պատգամավորի աշխատավարձը 5 անգամ բարձրացնել, որ կարողանա իրեն թույլ տալ մշտապես օգտվել պոռնոկայքերից:
Վերջերս էլ Լյուդմիլա Մարչենկոն խորհրդարանում հայտնվել էր կանացի էրոտիկ ներքնազգեստ հիշեցնող ժանյակավոր դիմակով ՝ իբր կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով, ինչն իրարանցում էր առաջացրել ռադայում, պատգամավորի՝ «ներքնազգեստային» դիմակով լուսանկարը հրապարակել էր սոցցանցում, ինչը կիսելով շատ օգտատերեր՝ նրան ծաղրել էին ու բուռն գիշեր էին մաղթել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ