Պատերազմի ընթացքում Վրաստանի երկնքով ռազմական ինքնաթիռներ անցել են. fip.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պատերազմի ընթացքում Վրաստանի երկնքով ռազմական ինքնաթիռներ անցել են. fip.am

Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 3-ին խորհրդակցություն էր հրավիրել՝ քննարկելու Արցախում «վերսկսված զինված առճակատումը և իրավիճակը Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև», ինչից հետո հայտարարեց, որ դադարեցվել է ռազմական բեռնափոխադրումերի թույլտվությունների տրամադրումը դեպի Հայաստան և Ադրբեջան։

«Վրաստանի կառավարությունը, սրացումից ի վեր, ժամանակավորապես դադարեցրել է իր տարածքով ռազմական բեռի տարանցման թույլտվությունների տրամադրումը նշված երկու երկրների ուղղությամբ, լինի դա օդով կամ ցամաքով»,- նշված է հաղորդագրության տեքստում։

Վրացական կողմի այս հայտարարությունից առաջ համացանցում քննարկվում էր այն հարցը, որ թուրք-ադրբեջանական ռազմական ինքնաթիռները թռիչքներն իրականացնում են Վրաստանի օդային տարածքով, մինչդեռ Հայաստան եկող ռազմական ինքնաթիռների համար Վրաստանի երկինքը փակ է։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ուսումնասիրել վրացական երկնքով Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական ինքնաթիռների թռիչքների պատմությունը՝ սկսած սեպտեմբերի 27-ից։

Թռիչքները

Ինչպես «Փաստերի ստուգման հարթակն» արդեն մի քանի անգամ գրել է, ռազմական գործողություններին նախապատրաստվելիս և դրանց մեկնարկից հետո Ադրբեջանն ուներ ռազմական տեխնիկա տեղափոխելու երեք հիմնական տարբերակ՝ Ալիևի ընտանիքին պատկանող Silk Way ավիաընկերությունն ու Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները։

Ամենայն հավանականությամբ, Իսրայելից մեծաքանակ զինտեխնիկայի տեղափոխություն իրականացվել է Ալիևներին պատկանող Silk Way ընկերության «Իլյուշինների» միջոցով։

Ադրբեջանի ռազմական թռիչքների զգալի մասը իրականացվում է ռուսական արտադրության Ил-76-երով։ Այն միջին հեռավորության թռիչքների համար նախատեսված ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է: Ил-76-ը արտադրվում է Մոսկվայի «Իլյուշին ավիացիոն կոմպլեքս» ընկերության կողմից, և դրա հիմնական առաքելությունը ռազմական տեխնիկայի և անձնակազմի տեղափոխությունն է։

Ռազմական գործողությունների երրորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին այս «Իլյուշիններից» մեկը՝ 4K-AZ101 բորտը,  ուղիղ չվերթով Ադրբեջան է ուղևորվել Թունիսից՝ Վրաստանի երկնքով։ Սեպտեմբերի 30-ին նույն «Իլյուշինը»՝ կրկին օգտագործելով Վրաստանի օդային տարածքը Անկարայից Բաքու մեկնել է Բաքու։ Նույն ճանապարհով թռիչք եղել է նաև սեպտեմբերի 29-ին։

Սեպտեմբերի 27-ին Անկարա-Բաքու թռիչք է իրականացրել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող «Իլյուշինը»՝ 4K-78131 բորտը։ Թռիչքը, ինչպես մյուս դեպքերում, իրականացվել է Վրաստանի օդային տարածքով։

Թուրքական օդուժի թռիչքների պատմությունը որոշ դեպքերում չի պահպանվում Flightradar-ի բազայում։ Այլ աղբյուրներում, սակայն, պահպանվել են թուրքական օդուժի՝ Վրաստանի օդային տարածքով տեղաշարժերի մասին տեղեկություններ։ Այսպես, Թուրքական օդուժի կողմից Վրաստանի օդային տարածքով թռիչքներ արձանագրվել են առնվազն սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 2-ին։

Այսպիսով, հիմնվելով Վրաստանի երկնքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացված ռազմական նշանակության բեռներ տեղափոխող ինքնաթիռների թռիչքների մասին բաց աղբյուրներում առկա տեղեկությունների վրա՝ կարելի է եզրակացնել, որ պատերազմի ընթացքում ռազմական տեխնիկայի փոխադրումներ Վրաստանի օդային տարածքով դեպի Ադրբեջան, այնուամենայնիվ, եղել են։

Անի Ավետիսյան

fip.am



Նման նյութեր