Երգիծանկարիչ Վրեժ Քասունին սեփական պայքարն է մղում աշխարհում տարածվող ապատեղեկատվության դեմ՝ որպես զենք օգտագործելով մշակույթը: Նա համացանցում պարբերաբար հրապարակում է երգիծանկարներ, որոնք ավելին են ասում հայոց պատմության, Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների մասին, քան լայնածավալ հոդվածներն ու վերլուծությունները:
Վրեժ Քասունու համոզմամբ՝ երգիծանկարչությունը ռազմական լուրջ զենք է, որը պետք է կիրառել ոչ միայն պատերազմի, այլև խաղաղ ժամանակ:
«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում Քասունին հիշեցրեց, որ երգիծանկարչությունը հատկապես վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում ամենահզոր գործիքն է դարձել քաղաքական դաշտում:
Նկարիչը երգիծանկարները տարածում է «Ֆեյսբուքի», «Ինստագրամի» և «Թվիթերի»-ի իր անձնական հարթակներում՝ անտարբեր չթողնելով ոչ միայն հայերին, այլև օտարազգիներին, մասնավորապես՝ ադրբեջանցիներին և թուրքերին: Վերջիններս իրենց բողոքն են արտահայտում երգիծանկարների բովանդակության վերաբերյալ՝ իրենց երկրների դրոշները տեղադրելով մեկանաբանություններում:
«Երբեմն նաև հայհոյանքներ են լինում: Եթե միայն դրոշներ են զետեղում, չեմ հեռացնում, բայց հայհոյանքներն ու սպառնալիքները ջնջում եմ: Շատերը գրում են կեղծ էջերից: Քննադատողներ պետք է լինեն, բայց դա հասավ նրան, որ մի երգիծանկար հեռացրել էին՝ բողոք ուղարկելով դրա դեմ: Ձգտում են նաև էջերս փակել: Հետաքրքիր է, բայց իրականում, երբ այդպես են վարվում, ավելի է մեծանում հետաքրքությունը: Այդպես եղավ և իմ դեպքում: Հետևորդների քանակն ավելի մեծացավ, ինչպես նաև՝ հավանությունների: Եթե նույնիսկ ջնջեն նկարները, դրանք արդեն տարածվել են»,- պատմեց Քասունին:
Նրա խոսքով՝ երգիծանկարների քննադատությունը և հարձակումները դեռ շատանալու են, և դա բնական է: «Անգամ մենք, եթե ինչ-որ փաստերի ծանոթ չենք և հանդիպում ենք դրանց, նախ և առաջ հերքում ենք: Նրանց դեպքում նույնպես այդպես է: Ես չեմ նկարում երգիծանկար, որը ծիծաղ կառաջացնի: Այդ երգիծանկարներում պատմական, փաստավավերագրական դրվագներ են, օրինակ՝ Ալիևի հանդիպումը Ստալինի հետ, կամ Ալիևի հայտարարությունը խաղաղություն ցանկանալու մասին և այլն: Քանի որ դա ընդամենը հումոր չէ, ադրբեջանցիներն այն ծանր են տանում»,-շեշտեց երգիծանկարիչը:
Քասունին խոստովանեց, որ ամենաշատը տխրում է այն ժամանակ, երբ ինչ-որ մեկն այդ երգիծանկարների մեկնաբանություններում ժպիտ է դնում, այնինչ ամեն նկարը նկարելիս ինքը ցավ է ապրում, քանի որ ժամանակ է տրամադրում Ալիևին կամ և մյուսներին նկարելու համար, բայց գիտի, որ փաստեր է արձանագրում, որոնք տարիներ հետո մեծ նշանակություն են ունենալու: Երգիծանկարիչը հույս ունի՝ կգա մի օր և շարքը կունենա վերնագիր, այն է՝ «Խաղաղություն»:
Խոսելով երգիծանկարների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի մասին՝ նա ասաց, որ շատերն են հետաքրքրվում իր գործերով, հավանում դրանք, բայց այս պահին առավել կարևոր է ադրբեջանցիների և թուրքերի արձագանքը: «Եթե ֆրանսիացին, անգլիացին դիտեն երգիծանկարները և ուրախանան, մեծ բան չի փոխվի: Պետք է, որ խոսքը հասնի թուրքին և ադրբեջանցուն, այդ իսկ պատճառով հաճախ նրանց լեզվով եմ մեկնաբանություններ թողնում նկարների վրա: Կուզենայի, որ մեր երկրում թրքալեզու հարթակներն ավելի շատ լինեին ու ակտիվ: Պետք է անել այն, ինչ արեց Հրանտ Դինքը՝ նրանց լեզվով մեր խնդիրը հասցնելով թուրքերին: Կարծում եմ՝ անհրաժեշտ է նաև Հայաստանում լուրջ հարթակ ստեղծել, որտեղ երգիծանկարների միջոցով անդրադաձ կլինի աշխարհին, դեպքերի, որոնք անմիջականորեն կապված են Հայաստանի հետ»,- եզրափակեց Վրեժ Քասունին:
Անժելա Համբարձումյան