Ժենգյալով հացը փոքր եմ թխում, որ զինվորի համար գումարն ավելի շատ կլինի. Հենց պատերազմը վերջանա՝ Ստեփանակերտում մեծ-մեծ կթխեմ բոլորի համար. Արցախցի տիկին Արմինե. pastinfo.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ժենգյալով հացը փոքր եմ թխում, որ զինվորի համար գումարն ավելի շատ կլինի. Հենց պատերազմը վերջանա՝ Ստեփանակերտում մեծ-մեծ կթխեմ բոլորի համար. Արցախցի տիկին Արմինե. pastinfo.am

Երևանի կենտրոնը Արցախի ժենգյալով հացի բույրն է պարուրել արդեն 5-րդ օրը։ Ստեփանակերտի հայտնի շուկայի տիկին Արմինեն Երևանում ժենգյալով հաց է թխում։ Ոչ բոլոր՝25 ժենգյալները կան, բայց խոստանում է՝ 7 ժենգյալով էլ է համեղ պատրաստում՝ 15 տարվա փորձից է։

Տիկին Արմինեն ոտաբոբիկ հասել է Երևան, թաքնվում էին դպրոցի ապաստարանում, երբ հրթիռակոծվում էին խաղաղ բնակավայրերը։ Երեք զավակ ունի՝ երկու դուստր, մեկ որդի, որը հայրենիքին է ծառայում, շուտով նրա ընտանիքում նոր զավակ է ծնվելու։ Արմինե Աբրահամյանը չի հուսահատվում, բոլորին ջերմ ողջունում է, փորձում հասցնել բոլորի համար ժենգյալով հաց թխել։ Չի թաքցնում, այո փոքր է թխում, որ շատ լինի, բոլորին հասնի՝ զինվորին ուղղվող գումարն ավելի շատ կլինի։

«Տարբերություն կա՝ իմացողը զգում է, հիմա Ղարաբաղում ամենալավ սեզոնն է, բայց ինչ անենք, որ էսպես եղավ։ Խոստանում եմ, հենց պատերազմը վերջանա՝ Ստեփանակերտում մեծ-մեծ, համով կթխեմ բոլորի համար»։

Տիկին Աբրահամյանը պատերազմի առաջին օրը՝ արցախցի տիկին Դոնարայի հետ Ժենգյալով հաց էին թխում, առանց շահույթ աշխատում էին ամեն օր՝ 3 ժամ։ Ռմբակոծությունները սկսվում էին, իրենք տուն էին գնում։

«Կռիվը թեժացավ, համ էլ կանաչի չկար։ Գյուղում կանաչի գտնել չէր լինում, բոլորը ապաստարանում էին։ Եթե գոնե քաղաքի վրա չկրակեին, կմնայինք, գործ կանեինք։ Հետո դպրոցի ապաստարանից եկանք Երևան։ Չէի պատկերացնում, որ մի օր օգնության կարիք կունենանք, ծանր էի տանում, մտածեցի, որ ես կարող եմ էս գործը անել, ավելի ծանր վիճակում գտնվողներ էլ կան, թող իրենց օգնեն։ Հիմա 4-րդ օրն է աշխատում եմ, տղաներն իրենց գրպանից են վարձատրում, մնացած գումարը ուղղվում է հիմնադրամին՝ զինվորներին»։

Տիկին Արմինեն ապրում է Էրեբունիում՝ Արցախից եկած 8 այլ քաղաքացիների հետ։ Աշխատում է ՝ երեխաներին հագուստը ապահովելու համար։ Բնակարանը 3 օր առաջ է փլվել, ասում է հոգ չէ՝ նորը կկառուցեն։

«Չեմ նեղվում։ Կարևորը զինվորները շուտ վերադառնան։ Արդեն հոգնել ենք այս պատերազմից, 3-րդ պատերազմն ենք տեսնում։ Տղաս առաջնագծում է՝ զանգում ասում է լավ է, հեռախոսն անջատում է։ Շուտով զավակ է ունենալու, ես էլ թոռնիկ։ Հիմա դուստրս՝ Անգելինան է ինձ էստեղ օգնում։ Ես եմ ժենգյալով հաց թխել սովորեցրել, այսօր էլ փախլավա է թխել»։

Տիկին Արմինեի օգնականներն էլ են օր օրի ավելանում։ Երկու արցախցի կանայք օգնում են, խմորը պատրաստում, Ռոստովից եկած՝ արմատներով արցախցի կինն էլ երեկ եկավ ժենգյալով հաց գնելու, 3 ժամ հերթի մեջ սպասելիս որոշեց օգնել ու մնաց որպես կամավոր.

«Ռուսաստանում ժենգյալով հաց հաճախ են թխում ընկերների ու բարեկամների համար։ Որոշել ենք՝ Ռոստովից գալու ենք մշտական Արցախում բնակվենք»։

Տիկին Արմինեին օգնում էր Արցախի ծանոթներից մեկը. Ինքը ժենգյալով հացը թխում էր, մտածում որդիների ու զինվորների մասին՝ երկու զինվոր տղաները հայրենիքի համար են ծառայում՝ մեկը վիրավորվել է, մյուսը Ռուսաստանից որպես կամավոր նոր է ժամանել։ Ինքն էլ պատրաստ է որպես կամավոր որքան հնարավոր է օգնել, ժենգյալով հաց թխել»։

Հերթի մեջ սպասողներն անգամ մինչև երեք ժամ սպասում են, բոլորը համբերատար են՝ գիտեն, որ բռունցք դարձած պետք է իրենց ներդրումն ունենան հայրենիքի համար։

pastinfo.am