Բոլորը սիրում էին Արտյոմին, Արտյոմն էլ բոլորին ու ամեն ինչ էր սիրում, ամեն դետալ նկատում էր, ամեն չնչին բանի վրա ուրախանալ գիտեր, ամենավատ իրադրությունում՝ միևնույն է նա օպտիմիստ էր: Սովորաբար, որ հարցնում էիր՝ ո՞նց ես, վանկարկելով ասում էր՝ հիասքանչ. սիրում էր աշխարհում ամեն ինչ:
Արցախում հակառակորդի դեմ ծավալած մարտերի ընթացքում նահատակված կամավոր Արտյոմ Քոլանջյանի մասին նրա ընկեր Արմեն Առաքելյանը Tert.am-ին պատմեց, որ հերոսն իր ժամկետային ծառայությունը իրականացրել էր Թալիշում 2011-2013 թվականներին, Ապրիլյան պատերազմին ևս մասնակցել է, որպես կամավոր, այս անգամ էլ զինվորագրվել ու մեկնել էր առաջնագիծ: «Գնալիս իր սենյակում կախված դրոշն ամենակարևոր բանն էր, որ ուզեց հետը տանել: Միշտ նվիրված էր հայրենիքին ու ազգին»-պատմում է ընկեր:
Նրա խոսքով՝ Արտյոմը բնավորությամբ շատ ակտիվ ու շփվող էր, երբեք չէր կաշկանդվում մտքինն ասելուց կամ հարցնելուց։ «Փոքր տարիքից սկսած էլ միշտ արագ էր կողմնորոշվում, կարողանում էր մարդկանց մեկ խմբի մեջ հավաքել ու խմբի հոգին դառնալ։ Անասելի կերպով տաղանդավոր էր, երաժիշտ ու կոմպոզիտոր էր։ Հանդես էր գալիս Scionis կեղծանվամբ։ Վերջին տարում 10-ին մոտ թողարկված երաժշտությունների հեղինակ էր ու շատերն էլ պատրաստ էին, բայց չհասցրեց թողարկել, որոնց մասին մասին արդեն իր թիմը կհոգա։ Ստեղծագործում էր իդեայով։ Եթե նստեիր կողքը, կարող էր պատմել՝ իր գրած երաժշտության ամեն ելևէջ ինչի մասին է խոսում:
Արտյոմը տանել չէր կարողանում բռնությունն ու դաժանությունը, որի մասին իր ելույթների խորագրերն էին խոսում. «We shout about peace. We are against violence. We say no to war» («Մենք բղավում ենք խաղաղության մասին։ Մենք դեմ ենք բռնությանը։ մենք «ոչ» ենք ասում պատերազմին»): «Այս ամենն ասում էր այն ժամանակ, երբ Հայաստանը դեռ չէր գտնվում պատերազմական դրության մեջ, կարծես ինչ-որ բան էր զգում: Նա սիրում էր կրկնել՝ «Երբ ցանկացած երկու մարդկային միավոր հանդիպում են իրար, լինի անհատ, թե խումբ, պիտի սիրեն իրար, ոչ թե կռվեն»։
«Երբեք չեմ ունեցել իր պես ուրիշը ու չեմ էլ ունենա: Երբ ցանկացած հարցին կպատասխանեի՝ միանշանակ, ասում էր՝ հիմա որ NASA-ից մարդիկ գան, այլմոլորակայինները ձեռքը բռնած ու հակառակը համոզեն, բոլորին կուղարկեմ գրողի ծոցը, որովհետև իմ ընկերն ասել է՝ միանշանակ»,-հիշում է ընկերը:
Հերոսի եղբայր Դավիթ Քոլաջյանը Tert.am-ին պատմեց, որ Արտյոմը միշտ ամենաբարին էր, չնայած նրան, որ բոլորի վրա միշտ խոսում էր, ջղայնանում էր նկատողություն էր, անում բայց մեկ է՝ ինքը միշտ ճիշտ էր: «Ես սա չեմ ասում ուղղակի որպես նրա եղբայր, այլ ասում եմ որպես մարդ, որն իր եղբորը միշտ ընդունել է, սիրել է, հասկացել է, էլի չնայած նրան, որ մենք միշտ չէր, որ խոսում էինք իրար հետ, միշտ չէր, որ շփվում էինք բայց մի հայացքը՝ մեկս մյուսին ամենինչ ասում էր։ Միշտ ասում էր` սիրեք ու հարգեք իրար, որովհետև դրանից թանկ բան գոյություն չունի։ Ես ամենինչ իմ եղբորից եմ սովորել՝ ամենափոքր մանրուքներից սկսած։ Միշտ մեր տան ուժն ու դուխն էր, չէր թողնում, որ ինչ-որ հարցով ես կամ մաման դուխներս գցեինք կամ մտածեինք, որ չի ստացվի ինչ-որ բան։ Միշտ նայում էր ինձ ու հարցնում՝ տոչնի՞ ա սաղ, Դավ, սաղ ճիշտ ես անո՞ւմ»։
Եղբայրը պատմում է, որ Արտյոմն իր ստեղծած երաժշտությունը կարևորում էր ու ասում, որ բոլորն իրեն պետք է ճանաչեն, որովհետև ինքը «իրա մյուզիքով կյանքեր ա տալու, կյանքեր ա փրկելու ու կյանքեր ա փոխելու»։ Եղբայրներն իրար հպարտորեն են սիրել, ամեն տեղ մեկը մյուսի մասին հպարտությամբ է խոսել, պատմել, իսկ Արտյոմը միշտ գիտեր, թե որ պահին ինչ պետք է ասի, ինչ խոսի, ինչպես իրեն պահի: Արտյոմի երաժշտությամբ նույնիսկ արտասահմանյան շատ տարբեր երկրներից էին հետաքրքրվում, որովհետև մարդիկ պարզապել լսել ու տեսել են այն կյանքն ու ասելիքը, որը նա էր դրել երաժշտության մեջ:
«Նա գիտեր, որ հետ չի գալու ու ես իր աչքերում տեսել եմ դա, բայց, քանի որ նա միշտ ճիշտ էր, ուրեմն պետք էր իր ազգին, իր ընկերներին, իր ընտանիքին, սահմանին։ Մենք մեր հույսը դրեցինք նրա վրա, որ մեզ պաշտպանի, ինքն էլ հույսը դրեց ինձ վրա, որ ես մամային լավ նայեմ։ Սիրում եմ իմ ախպորը, շատ, իմ ախպերը հզոր մարդ էր ու ոչ հասարակ»,-հպարտորեն նշեց Դավիթը:
Ընկերը՝ Արմենը պատմելով Արտյոմի չիրականացված երազանքների մասին՝ ասաց՝ նա երազում էր Մալայզիա գնալ, Տիբեթում լինել, սեփական նավն ունենալ: «Մեկ էլ միշտ ուզում էր, որ իր երաժշտությունը մարդկանց շատ սեր տա, այս մեկը մի քիչ հասցրեց, բայց իր տաղանդն ու հնարավորությունները հաշվի առնելով` շատ քիչ մասը միայն իրականացավ»:
Արմենն ասում է, որ Արտյոմը վերջին անգամ զանգել է առավոտյան, հենց իր զոհվելու ՝ հոկտեմբերի 22-ին: «Տրամադրությունը բարձր էր, գործերի ընթացքից էր հարցնում, ամեն զանգելուց խոսակցության վերջում ասում էր` հաղթելու ենք»: