Ադրբեջանն առավել շահագրգռված էր պատերազմ սկսել. Brussels morning թերթի վերլուծական հոդվածը
Advertisement 1000 x 90

Ադրբեջանն առավել շահագրգռված էր պատերազմ սկսել. Brussels morning թերթի վերլուծական հոդվածը

Brussels morning թերթը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, հակամարտությունում Թուրքիայի ներգրավման և տեղի ունեցողին Եվրամիության թույլ արձագանքի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածագիր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն հոդվածի սկզբում նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսումը կարող է ամենավտանգավոր սպառնալիքը դառնալ աշխարհում:

«Շատերը դեռ չեն գիտակցել խնդրի մասշտաբը ՝ նախընտրելով այն դիտարկել պարզապես որպես ռազմական գործողությունների վերսկսում, որոնք շուտով կդադարեն, սակայն մարտական գործողությունները արդեն չորրորդ շաբաթը շարունակվում են, և ականատես եղանք, որ երեք համաձայնեցված հրադադարները չկարողացան կասեցնել բռնությունը, յուրաքանչյուրը տևեց ընդամենը մի քանի րոպե»,- նշում է հոդվածագիրը:

Ըստ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի՝ ինչպես և նախկինում, պայքարն ընթանում է կողմերի միջև տեղեկատվական պատերազմով, զոհերի և ծավալման վայրերի մասին հակասական տվյալներով, ինչը որոշ դեպքերում բավականին դժվար է դարձնում այս կամ այն կողմի վրա անհերքելի պատասխանատվության դնելը ։

«Սակայն այս պահին անհրաժեշտ է որոշակի հետևություններ անել: Նախ և առաջ, այն մասին, որ Հայաստանը որևէ պատճառ չի ունեցել նման ռազմական գործողություններ սկսելու համար, առաջին հերթին այն պատճառով, որ ստատուս քվոն շատ ավելի ընդունելի էր Երևանի համար, քան Բաքվի համար։ Երկրորդ բաղադրիչը վերջին տարիներին երկու երկրների ռազմական ծախսերի անհամաչափությունն է, երբ Ադրբեջանն իր զինված ուժերի վրա մի քանի անգամ ավելի շատ ներդրում է արել, քան Հայաստանը»,- գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ Հայաստանն ավելի շահագրգռված էր ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում ընթացող բանակցությունների պահպանմամբ:

Հոդվածագիրը նշում է, որ խիստ տագնապալի է, որ Թուրքիան բաց աջակցում է Ադրբեջանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական առումով:

«Ավելի ու ավելի շատ փաստեր կան Թուրքիայի միջոցով սիրիացի ջիհադիստ վարձկանների հնարավոր հավաքագրման եւ Ադրբեջան տեղափոխման մասին, ինչպես դա տեղի ունեցավ մինչև սեպտեմբերի 27-ը: Սա ոչ միայն ինքնին իրադարձությունների վտանգավոր զարգացում է, այլեւ կարող է վկայել պատերազմի նախապես պլանավորման մասին: Միջազգային լրագրողները հետաքննել են նման հաղորդագրությունները մի քանի շաբաթվա ընթացքում, որոնք նախորդել են նախքան պատերազմի սկսվելը, և նախագահ Մակրոնի հայտարարությունն այս հարցի վերաբերյալ ավելացնում է հաղորդագրությունների ճշմարտացիությունը:

Փորձագետները մի քանի մայրաքաղաքներից ամենաբարձր մակարդակի հայտարարությունների հետ միասին գրեթե միակարծիք են այն հարցում, թե ով է սկսել վերջին էսկալացիան: Իմ կարծիքով՝ կան ապացույցներ, որ Ադրբեջանն առավել շահագրգռված կլիներ սկսել պատերազմը՝ փորձելով փոխել իրավիճակը ուժի կիրառման միջոցով, այլ ոչ թե խաղաղ բանակցությունների ճանապարհով»,- նշում է հոդվածագիրը:

Ըստ հոդվածագրի՝ որքան պատերազմը շարունակվում է, այն վերածվում է հումանիտար աղետի։

«Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի եւ տասնյակ քաղաքների ու գյուղերի հրետակոծությունները, որոնք ուղեկցվել են հայերի պատասխան գործողություններով, արդեն հանգեցրել են տասնյակ հազարավոր մարդկանց տարհանման և տասնյակ խաղաղ բնակիչների մահվան: Amnesty International-ը նաեւ հաստատել է Ադրբեջանի կողմից այդ հարձակումների շրջանակներում կասետային ռումբերի կիրառումը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված պրակտիկա է:

Հաշվի առնելով բռնության մակարդակը, որ նկատվել է առաջին պատերազմի ժամանակ, որևէ կասկած չի կարող լինել հնարավոր աղետի վերաբերյալ, եթե առաջիկայում լուծումներ չգտնվեն»,- նշում է Ֆաբիո Կաստալդոն:

Հոդվածագրի կարծիքով՝ ԵՄ-ի արձագանքը մինչ օրս թույլ էր և զուրկ հավակնություններից դառնալու նշանակալի աշխարհաքաղաքական դերակատար և փոխելու խաղի կանոնները ՝ ի շահ կայունության, անվտանգության և բարգավաճման, հատկապես հարևան երկրներում։

«Կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ խաղաղ բանակցություններին, նա չէր համարձակվում այդ կոնկրետ հարձակման մեղքը բարդել ինչ-որ մեկի վրա և չափազանց զգուշավոր էր ՝ Թուրքիային անվանելով էսկալացիայի հովանավոր։

Սա առաջին բանը, որ պետք է փոխվի, եթե մենք ուզում ենք արդյունավետ օգտագործել ԵՄ-ի ձայնը: Մինչդեռ, ԵՄ-ի հայտարարությունները, որքան էլ պարադոքսալ լինի տվյալ դեպքում, երբ կան հստակ նշաններ, թե ով կարող է ագրեսոր լինել, բավարար չեն, որպեսզի հարձակվողը դադարեցնի իր գործունեությունը եւ վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: ԵՄ-ին անհրաժեշտ է նաև ավելի կոնկրետ ճնշում գործադրել, որպեսզի համոզի Թուրքիային զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից»,- ընդգծում է հոդվածագիրը:

Նշվում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ավելի ակտիվ դեր խաղալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններում և կառուցողական լուծումներ փնտրի։



Նման նյութեր