Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք եւ այլ իրեր։ Այս ամենը, իհարկե՝ «հանուն հայրենիքի»»,-գրել է նա։
Մի կողմ թողնենք այն, որ կառավարական ամառանոցը հատուկ պահպանության օբյեկտ է, որ շատ խիստ վերահսկվում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետական պահպանության ծառայության բազմաթիվ աշխատակիցների կողմից և չի բացառվում, որ հենց Փաշինյանի և նրա ընտանիքի կողմից են ներքին հրահանգ ստացել՝ ամառանոցային տարածք, ապա նաև նրանց առանձնատուն մուտք գործել թույլ տալու համար։
Ինչո՞ւ։ Օրինակ, որպեսզի որոշ ցուցարարներ «հայտվեն» նրա կրտսեր դուստրերի ննջասենյակում, կամ պատահաբար հեռախոսով նկարահանեն հայկական արտադրության AWI ժամացույցները՝ ցույց տալու համար, թե տեսե՜ք՝ ազգընտիր վարչապետը տեղական արտադրության, ոչ թանկարժեք ժամացույցներ է կրում, իսկ նախկինները․․․ Եվ, ինչպես արդեն, ավելի քան 2․5 տարի միամիտ մեր ժողովրդին մոլորեցնրել է «հպարտ քաղաքացիներ», «Սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով» այլևս տհաճություն պատճառող ու իր համար որևէ արժեք չունեցող արտահայտություններով, հույս ունի, որ հիմա էլ կկարողանա իր էժանագին մանիպուլյացիաներով խաբել, հավատացնել, թե ժողովրդի ծառան է և մի մասնիկը․․․Ի՞նչ է պատահել, կասի՝ ահա, դասալիքները, որոնք պատերազմ չգնացին կամ փախան ռազմի դաշտից, այդ ավազակները, հանցագործները մտել են երեխաների ննջասենյակ․․․ Խեղճ ժողովուրդ, ի՜նչ իմանա, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետական պահպանության ծառայության մի քանի տասնյակ աշխատակիցներ են հսկում կառավարական ամառանոցները և որևէ մեկը առանց համաձայնության չէր կարող ներս ներխուժել։ Իսկ եթե ներխուժել են, ուրեմն ․․․ նույնիսկ մի մառանոց չեն կարողանում վերահսկել, ուր մնաց երկիր։
Ինչևէ։ Փաշինյանը թաքստոցից ի լուր հայ ժողովրդի, աշխարհասփյուռ հայերի՝ հայտարարեց, որ իր ամառանոցում գողություն է կատարվել․
«Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք եւ այլ իրեր։ Այս ամենը, իհարկե՝ «հանուն հայրենիքի»։
Քաղաքացիներից մեկը Սևանի ամառանոցի բունկերում, կամ միգուցե այլ երկրում թաքնված Փաշինյանին պատասխանում է․
«Իսկ մեզանից Արցախն են գողացել․․․»։
Փաշինյանը կարող է, իհարկե, գողացված օծանելիքի, Աննայի վարորդական իրավունքի կամ համակարգչի և կամ ժամացույցի համար դիմել ոստիկանություն, որպեսզի հայտնաբերեն դրանք։
Իսկ Հայաստանի և Արցախի քաղաքացին ո՞ւմ դիմի, որպեսզի իրենից գողացված Արցախը վերադարձնի։
ԼԻԼԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ