Մի քանի հազար զոհով կարող էինք հաղթել, բայց սրանից հետո ավելի շատ զոհեր ենք տալու. Հարություն Մնացականյան
Advertisement 1000 x 90

Մի քանի հազար զոհով կարող էինք հաղթել, բայց սրանից հետո ավելի շատ զոհեր ենք տալու. Հարություն Մնացականյան

«Այն, որ պատերազմը վաղ թե ուշ պետք է սկսվեր, կարծես թե, ակնհայտ էր բոլորի համար, ակնհայտ էր վերջին 30 տարիներին, ակնհայտ էր 2016 թվականի ապրիլից հետո, սակայն մենք չենք պատրաստվել այդ պատերազմին այնպես, ինչպես պետք էր»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց արցախցի քաղաքագետ Հարություն Մնացականյանը, ով պատերազմի առաջին օրից մասնակցել է ռամական գործողություններին։

Արայիկ Հարությունյանի մեղադրանքներն ու ադեկվատությունը

Հարություն Մնացականյանը հիշեցրեց, այսօր, երբ կարծես պատերազմն ավարտվել է, Արցախի Հանրապետության նախագահը, Հանրապետության համար մեկ պատասխանատուն, տարածքային ամբողջականության երաշխավորը ուղերձով դիմել է ժողովրդին՝ մեղադրելով նրան դավաճանության մեջ։

«Պատկերացնո՞ւմ եք՝ գերագույն գլխավոր հրամանատարն իր ժողովրդին մեղադրում է դավաճանության մեջ։ Կայի՞ ն արդյոք դավաճաններ մեր երկրում, ցավոք՝ բազմաթիվ։ Արդյո՞ք մենք բոլորս՝ ինձնից սկսած, արել ենք ամեն ինչ՝ մեր երկիրը պահելու համար, ոչ։ Եթե ես դեռևս ողջ եմ, իսկ Արցախը տալիս ենք, ուրեմն ոչ ոք իրավունք չունի խոսելու։ Մենք չենք տվել այն ամենը, ինչ կարող էինք։ Ոչ մեկ իրավունք չունի ասելու՝ ես արել եմ ամեն հնարավորը, ոչ մեկ։ Հիմա գերագույն գլխավոր հրամանատարը մեղադրում է իր ժողովրդին դավաճանության մեջ։ Կներեք, պարոն Հարությունյան, դուք արդեն վաղուց ադեկվատ չեք, ոչ ադեկվատ եք, ոչ իրավիճակն եք ադեկվատ ընկալում, և ոչ էլ Ձեր կայացրած որոշումներն են ադեկվատ»,- շեշտեց Հարություն Մնացականյանը։

Քաղաքագետ-կամավորի խոսքով, պատերազմի ընթացքում մի քանի անգամ շատ պարզ երևացել  է, թե ինչպես է դրսևորվում Արցախի նախագահի պատրաստակամությունը՝ ծառայելու այս երկրին.

«Ունե՞ք արդյոք անձնական հատկանիշներ՝ այս երկիրը պաշտպանելու համար, գուցե։ Շատ հաճախ եղել եք առաջնագծում, ամենաթեժ կետում, ամենապատրաստված տղաների հետ միասին, որոնք, ձեր խոսքով, հրաժարվում էին մարտական գործողություններ կատարել։ Բայց ես պետք է ասեմ հետևյալը՝ Ձեր խնդիրը ոչ թե մարտական գործողություններին մասնակցելն ու ավտոմատը ձեռքին երկիրը պաշտպանելն է, այլ Ձեր խնդիրը երկրի պաշտպանությունը կազմակերպելը, ամբողջ հայության ռեսուրսը Արցախում կենտրոնացնելն ու վերջին 15 տարիներին երկտղարի ճիշտ ղեկավարելն էր։ Ձեր նման պետական պաշտոնյա ես երբևէ չեմ տեսել՝ իր աշխատասիրությամբ, օրվա ցանկացած ժամին խնդիրը լուծելու պատրաստակամությամբ ու ընդունակությամբ։ Ես Ձեր հետ աշխատել եմ, և չեմ ուրանա դա։ Սակայն եթե վերջին 13 տարիներին դուք եք եղել պատասխանատուն, և մենք ունենք այսպիսի տնտեսություն, այպիսի բանակ, այսպիսի պետություն և այսպիսի կառավարում, ուրեմն դա Ձեր սխալն է»,- շեշտեց նա։

Թե ինչից ելնելով է ասում, որ կազմակերպման խնդիր կար Արցախում, Հարություն Մնացականյանը պատասխանեց՝ տարբեր տեղերում կային տարբեր ուժեր, որոնք չեն հասցրել մասնակցել ռեալ պատերազմական գործողություններին. կարիքի ժամանակ այդ ուժը անհրաժեշտ տեղում չի եղել։

«Կարծում եմ, որ այն պահին, երբ դուք զգացել եք, որ Արցախը ի վիճակի չեք պահելու, դուք պետք է հրաժարական տայիք…։ Կա ավելի լավ տարբերակ ռազմական գործողությունների ժամանակ, երբ հրամանատարներն են ավարտում իրենց ռազմական քաղաքական միսիան…, սակայն ես սպանություններին այդքան էլ կողմ չեմ, ինքնասպանություններին՝ առավել ևս»։

Պատերազմի ընթացքում եղած սխալները՝ փիլիսոփայությունից մինչև ռազմավարություն

Առաջին և ամենամեծ սխալը, որ մենք ազգովի թույլ ենք տվել՝ որպես ռազմական ստրատեգներ, ըստ Հարություն Մնացականյանի, փիլիսոփայական մակարդակի սխալն է։ Այսինքն՝ պատերազմի ամբողջ արվեստից դուրս է բերվել հարձակվելու կոմպոնենտը։

«Կա հարձակում, կա պաշտպանություն։ Եվ եթե ամբողջ փիլիսոփայությունից դու դուրս ես հանում հարձակվելու արվեստը, ապա դատապարտված ես պարտության։ Երբ Հանրապետության նախագահը ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ հայկական կողմը երբեք նախահարձակ չի լինի, հայկական կողմը երբեք չի սանձազերծի նոր պատերազմ, դու հստակ հակառակորդին ասում ես՝ խփիր ինձ այնքան, ինչքան կուզես, ես երբեք ոչինչ չեմ անի։

Փորձեցին, փորձեցին, և ամեն անգամ մեր ստրատեգիան ավելի լավ ճանաչելով, հասցրին մեզ այս օրին։ Ինքս բազմաթիվ տեսանյութեր ունեմ, թե ինչպես են մեր տղաները ոչնչացնում նրանց, բազմաթիվ անգամ մեր տղաները 30-40 հոգով Քարինտակի հատվածում հակառակորդին հակահարձակման են ենթարկել։ Հավատացեք, հակառակորդին ոչնչացնելը ամենաբարդ խնդիրը չէր»,- ներկայացրեց նա։

Փիլիսոփայական սխալից զատ, հայկական կողմն ունի նաև ստրատեգիական սխալներ։ Հարություն Մնացականյանի խոսքով, ստրատեգիական սխալն այն է, որ տարիներ շարունակ մենք սպասել ենք, որ Ասկերանի հատվածով դեպի Իվանյան, դեպի Բերգաձոր են Ստեփանակերտի վրա հարձակվելու.

«Գլխավոր հարձակման ուղղությունը դա ենք դիտարկել, և ուժերն այդ հատվածում ենք կենտրոնացրել։ Իրենք էլ հարավով անցել են, սարերով ուղիղ եկել են մինչև Շուշի հասել։ Մեր սխալը դա էր, արդյունքում՝ Շուշին այսօր մերը չի, ու խայտառակ զինադադար  է մեզ պարտադրվում»։

Երրորդն էլ, ըստ քաղաքագետի, տակտիկական սխալն է։

«Նույնիսկ այս պահի դրությամբ, ունենալով մեծաքանակ զորք Արցախում, ճիշտ պահին չենք կարողացել ճիշտ տեղում կենտրոնացնել։ Երբ Հանրապետության նախագահն ասում է՝ մի քանի հարյուր մարդ է եղել Ստեփանակերտը պաշտպանելիս, ինքը չարաչար սխալվում է։ Զորքը շատ ավելի մեծ է եղել։ Իսկ այն, որ երիտասարդները Ստեփանակերտից գնում էին, չթողնեիք, բռնեիք, գոնե որպես պոստավիկ պահեիք։ Որ կանոնավոր բանակը գնար իր գործողությունները կատարեր։ Դուք հասկանո՞ւմ եք՝ մեր բազմաթիվ զոհերի պատճառը ինչն է։ Հայրենիքը վտանգված է, «ՄՈԲ»-ը հավաքվել է, ուղարկում են Ջաբրայիլ, Հադրութ։ Ո՞նց պիտի առանց հրամանատարի, առանց տարածքը իմանալու, առանց կապի միջոցների գնային. արդյունքում հայտնվել են շրջափակման մեջ, զոհվել են։ Շատ կոպիտ է հնչում, բայց առանց մարտի մասնակցելու զոհվել են։

Հաջորդ խնդիրը շատ զոհեր տալու՝ օդն է։ 2016-ին հակառակորդի կողմից ԱԹՍ-ների կիրառման փորձը մեզ համար պիտի դաս լիներ, որ օդը փակեինք։ ՀՀ-ն գիտություն չունի՞, նորմալ մասնագետներ չունի՞։ Ասեմ՝ որն է խնդիրը, Արցախի պետական համալսարանում, նաև Հայաստանում ավելի շատ ֆինանսավորում են հումանիտար հատվածը։ Դա նրանից է, որ ֆիզիկան ու մաթեմատիկան այս երկրում սպանել եք։ Հաջորդը, երեսուն տարվա ընթացքում գյուղապետարաններ եք սարքում, մանկապարտեղներ, գոնե մի հատ էլ ապաստարան սարքեիք։ Չեք արել, որ գոնե խաղաղ բնակչությանը այստեղ պահեինք։ Իսկ դա ամենակարևոր պահն է եղել այս ամբողջ պատերազմի ընթացքում։ Եթե խաղաղ բնակչությունը մնար այստեղ՝ իմանալով, որ արկերից չի վնասվի, մեր տղամարդիկ տասը անգամ ավելի շատ կմտածեին իրենց ընտանիքի մասին, ավելի լավ կկռվեին։ Խաղաղ բնակչությունը Արցախի տարածքից չպետք է դուրս գար։ Երբ պատերազմի 15-րդ օրն իմացա, որ իմ ընտանիքն Արցախից դուրս է եկել, աշխարհը գլխիս փլուզվեց»,- նշեց նա։

Ռազմական իրավիճակը…

Հարություն Մնացականյանը նշեց, որ 1992  թվականից փաստացի սկսվել է պատերազմը՝ ավելի վատ պայմաններով։

«Այսինքն՝ Շուշին, Խոջալուն, Ստեփանակերտի շրջակայքը եղել է Ադրբեջանի հսկողության ներքո, մենք չենք ունեցել ցամաքային ելք դեպի Հայաստան։ Բայց այդ իրավիճակում պատերազմը հաղթել ենք։ Իսկ հիմա պատերազմը կանգնեցնում ենք ու ասում՝ ոնց ուզում եք ցրիվ տվեք մեր երկիրը։ Չի կարելի, դա ուղղակի կամքի, իրավիճակին տիրապետելու, թեկուզ զոհերի գնով հայրենիքը փրկելու ցանկության բացակայության արդյունք է։ Հնարավորություն եղել է այս իրավիճակում մեր երկիրը փրկելու, այո։ Մի քանի հազար զոհով կարող էինք հաղթել։ Բայց ինչ մեզ է սպասվում, ավելի վատ է լինելու, այդ զոհերից ավելի շատ զոհեր ենք տալու»։

panorama.am