ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի քանի պարզ ալգորիթմային հարց, որոնց պատասխանը չեմ գտնում:
1. Արդյո՞ք Արցախի` մեր վերահսկողության տակ գտնվող տարածքը ապառազմականացվում է (հայտարարության տեքտսում դրա մասին ոչինչ չկա):
* Եթե այո, ապա արդյո՞ք միայն 2000 խաղաղապահի առկայությունը մի քանի հազար կմ քառակուսի լեռնային տարածքի վրա բավարար է մարդկանց ապահովության զգացողություն ներշնչելու, էլ չեմ խոսում իրական անվտանգությունը երաշխավորելու համար:
* Եթե ոչ, ապա ինչպես ենք պատկերացնում էդ հսկա զորքի, նրա սպառազինության ապահովումը (հատկապես ռազմական գործողությունների վերսկսման դեպքում), եթե Քելբաջարի շրջանը հանձնելուց հետո Արցախի հետ միակ ցամաքային կապը մնում է Շուշիով անցնող Գորիս-Ստեփանակերտը, իսկ նորը դեռ կառուցել է պետք:
2. Ինչպե՞ս է առաջիկա տարիներին Ադրբեջանն իրականացնելու իրեն ըստ ստորագրված փաստաթղթի անցնող Քելբաջարի, Լաչինի ու իր փաստացի վերահսկողության տակ գտնվող Շուշիի շրջաններ զինվորականության, քաղաքացիական անձնանց ու տարատեսակ տեխնիկայի մուտքն ու ելքը, եթե այդ շրջաններ տանող բոլոր ճանապարհները անցնում են մեզ մնացած տարածքներով: Այս մասով փաստաթղլում հստակ գրված է ապաշրջափակման մասին, բայց իրականացումը (երկու ռուսական անցակետի հաղթահարում, հայկական բնակավայրերի միջով երթևեկություն) այս պահին բավականին խնդրահարույց են թվում: Այդպես ինչ-որ վայր կարելի է այցելել որպես զբոսաշրջիկ, ոչ որպես տեր: Նույնն ի դեպ տեղի է ունենալու Նախիջևան-Կովսական` Մեղրիով անցնող հաղորդակցության ուղիների պարագայում, քանի որ ռուս սահմանապահներից բացի այդտեղ անցակետերում մաքսային վերահսկողություն պիտի իրականացնեն նաև Հայաստանի ՊԵԿ աշխատակիցները:
3. Արդյո՞ք փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձ ասելով նկատի ունեն նաև Շուշիի, Հադրութի, մասամբ նաև Ասկերանի ու Մարտունու շրջանների առնվազն մեկուկես տասնյակ հազար բնակչությանը: Եթե այո (տես 5-րդ կետը), ապա ո՞վ է ապահովելու նրանց անվտանգությունը: Եթե ոչ, ապա արդյո՞ք սա լեգիտիմ հիմք չէ մեր մասով պարտավորությունները չկատարելու:
4. Ըստ պատերազմի ընթացքում երկուստեք հրապարակվող ռազմական քարտեզների` Կուբաթլուի ու Զանգիլանի շրջանների արևմտյան լեռնային զգալի հատվածներ մինչև վերջ գտնվում էին մեր զինված ուժերի վերահսկողության ներքո: Ինչպիսի՞ իրավիճակ է հիմա այդ տարածքներում և արդյո՞ք զինադադարի օրվա դրությամբ զբաղեցրած դիրքերում մնալու դրույթը չի տարածվում նաև այս կարևորագույն տարածքների վրա, որտեղով կամ որի անմիջական հարևանությամբ է ի դեպ անցնում Գորիս-Մեղրի ավտոճանապարհի մի մեծ հատված:
5. Եռակողմ հայտարարության մեջ երկու անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը ու հղում է կատարվում նրա տարածքին: Հատկապես ո՞ր տարածքի մասին է խոսքը, եթե ամբողջ աշխարհը չի ճանաչում Արցախի Հանրապետությունը` մինչպատերազմական սահմաններով հանդերձ, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն այդ երկրի վարչատարածքային բաժանման համաձայն որևէ նման միավոր գոյություն չունի: Եթե խոսքը նախկին ԼՂԻՄ-ի մասին է, ապա ինչու դա հստակեցված չի, ոչ էլ հղում կա ՄԽ որևէ փաստաթղթի, որից դա կբխեր:
Իմ կարծիքով, այս բոլոր հարցերը ու բազմաթիվ այլ հարցեր ու հանգամանքներ բավարար գործիքներ են գետնի վրա և դիվանագիտական ճակատում իրավիճակը մեր օգտին փոփոխելու, ավելի բարենպաստ դարձնելու, կարգավիճակի ու տարածքի հարցը կրկին առաջ մղելու համար:
Բայց դրա համար չպետք է ունենանք գոռոզամիտ, ապիկար, ոչ կոմպետենտ ու տվողի հոգեբանությամբ առաջնորդություն: Կա՞ այլընտրանքայինը: Էս պահին բացարձակ չի երևում, իսկ ժամանակը ահռելի արագությամբ հոսում է…»: