«Աղմուկից մշտապես փախչողներից եմ` ներվը մեր կյանքում օբյեկտիվորեն այնքան շատ է, որ գոնե երաժշտությունը պիտի խաղաղեցնի»
Advertisement 1000 x 90

«Աղմուկից մշտապես փախչողներից եմ` ներվը մեր կյանքում օբյեկտիվորեն այնքան շատ է, որ գոնե երաժշտությունը պիտի խաղաղեցնի»

168.am-ը երգչուհի, նախկինում` լրագրող, հեռուստահաղորդավար Լիլիթ Բլեյանի հետ զրուցել է դեկտեմբերի 17-ին կայանալիք համերգի, ստեղծագործական կյանքի ու ապագայի պլանների մասին։

– Լիլիթ, վերջերս ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էիք, որ ձեր Steps on Water երգը հայտնվել է Independent Music Awards երաժշտական մրցանակաբաշխության «Ակուստիկ երգեր» անվանակարգի եզրափակիչ հնգյակում։ Կմանրամասնե՞ք` ի՞նչ երգ է և ե՞րբ է ստեղծվել, արդյոք ամփոփվե՞լ են մրցանակաբաշխության արդյունքները։

lilit-bleyan-1

– Երգն իմ վերջին` «Կապույտը» սկավառակից է, ի դեպ, այս երգն էլի է ուշադրության արժանացել տարբեր միջազգային մրցույթներում` Ավստրալիայի Songwritersգ Association-ի կողմից, Ջոն Լենոնի անվան երգերի մրցույթում, և այլն։ Իմ այն երգերից է, որ մի շնչով են գրվում` տեքստ-մեղեդի միասին գալիս են, ինձ մնում է հասցնել միացնել ձայնագրիչս, որ տեղում «որսամ» երգը, հետո չմոռանամ։ Ձեր նշած մրցույթում երգը եզրափակիչ հնգյակում հայտնվեց, բայց առաջին տեղում հնգյակից մեկ ուրիշ երգ գրավեց, անկեղծ ասած, չեմ հետևել նույնիսկ` որը։ Երգերս պարբերաբար ուղարկում եմ մրցույթների ու մոռանում եմ հետևել ընթացքին, անցյալ տարի, օրինակ, պատահաբար հայտնաբերեցի, որ իմ Una semana en Barcelona երգը 2012 թվականին UK Songwriting contest-ի ֆինալիստ է դարձել, նույնիսկ ինձ ուղարկվել է համապատասխան վկայագիր, իսկ ես ուշադրություն չեմ էլ դարձրել։ Ինձ երգերի ստեղծման պրոցեսը, համերգների նախապատրաստումը երևի ավելի են հետաքրքրում, քան ֆորմալ մրցանակները։

– Լիլիթ, հայտնի է, որ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի հետ եք զրուցել։ Ըստ Ձեզ` ի՞նչ պետք է անի Մշակույթի նախարարությունն անկախ ստեղծագործողների համար։

– Քանի դեռ մեր փոքրիկ երկրում հետևողականորեն չի կայանում մշակույթի տարբեր ոլորտներում իրական, անկախ պրոդյուսերական գործունեությունը, ես սա ցավով եմ նշում, պետությունը շարունակում է մնալ այն «պրոդյուսերը» կամ հովանավորը, որն ի վիճակի է ներդրում կատարել այս կամ այն մշակութային ձեռնարկի կամ ամբողջ մշակութային ուղղության զարգացման մեջ։ Պետական բյուջեն ընդհանուր սեփականություն է` պետության բնակիչների կարիքները բավարարելուն ուղղված, և պետք է ծախսվի` հաշվի առնելով բոլոր խմբերի կարիքները, այդ թվում` մշակութային կարիքները։

lilit-bleyan-5

Այն մարդիկ, որոնք ստեղծագործում են պետական մշակութային օջախներից դուրս և անմիջականորեն չեն «սնվում» բյուջեի հատկացումներից, պետք է հնարավորություն ունենան իրենց ունեցած հետաքրքիր, արժեքավոր գաղափարների, ստեղծագործական գործունեության իրականացման համար գտնել համապատասխան միջոցներ։ Քանի որ այնպես է ստացվել, որ վերջին տարիներին շատ դժվար, եթե ոչ` գրեթե անհնար է դարձել մշակութային նախաձեռնությունները հովանավորելու համար գտնել անկախ աղբյուրներ, ուրեմն պետք է փորձել պետության` մշակույթին հատկացվող միջոցները բաշխել այնպես, որ բազմազանություն ապահովվի այդ դաշտում։ Չլինի այնպես, որ մի քանի խոշոր շահառու` իրենց խոշոր շահերով, իսկ բազմաթիվ հետաքրքիր, հեռանկարային ու իրականում մեր երկրի «աղը» հանդիսացող անհատներ մնան տներում և հնարավորություն չունենան իրենց ողջ ռեսուրսը դրսևորելու։ Ես ցանկանում էի հենց սա հասկանալ` դրվե՞լ է այդպիսի խնդիր` պետության հնարավորություններն իրոք հետաքրքիր, անկախ, իրոք ստեղծագործ մարդկանց խրախուսելու համար օգտագործելու, թե՞ ոչ։ Նրանց հետ կապը կարևո՞ր է պետության, մշակույթի ոլորտի պետական պատասխանատուների համար, թե՞ մենք շարունակելու ենք առանց որևէ ոգևորության հետևել, թե ինչպես է կարծրանում նոմենկլատուրային բեմը, ֆորմատավորված, ոչ մի ուղղությամբ չզարգացող էստրադան։

lilit-bleyan-4

Նախարարի հետ խոսել եմ կոնկրետ երաժշտությամբ, «երգագրությամբ» զբաղվողների մասին։ Ես ընդհանրապես կողմ եմ, որ մարդիկ շատ կոնկրետ զբաղվեն իրենց գործով։ Նախարարն ինձ վստահեցրեց, որ գիտակցում է այդպիսի մարդկանց կարևորությունը մշակութային ողջ դաշտի համար, որ հենց այդ ստեղծագործողներն են երկրի հարստությունը, և իրենք փնտրում են համագործակցության արդյունավետ ուղիներ։ Ես շատ եմ ուզում հավատալ, որ դա իրոք այդպես է, և սպասելու եմ` տեսնելու, թե ինչ կոնկրետ արդյունքներ կլինեն։ Ես ինքս ներկայացնելու եմ մի քանի ոչ շատ մեծ երաժշտական նախագծեր, որոնք ցանկանում եմ իրականացնել հաջորդ տարվա ընթացքում։

– Լիլիթ, այն մարդիկ, որոնք մեզանում անհատ ստեղծագործողներ են, այդ թվում` բարդ ժանրի երգիչները, միայն ստեղծագործելով կարո՞ղ են արդյոք ապահովել իրենց պահանջմունքները։

lilit-bleyan-6

– Այդ հարցն իրոք ինձ հանգիստ չի տալիս. մեզ մոտ հենց ասում են` հեղինակ-կատարող, պատկերացնում են` աշխատանքից դուրս, ազատ ժամերին իր հաճույքի համար երգեր գրող-երգող մարդու, որը, իհարկե, նույնիսկ կարիք չունի սեփական հաճույքի համար վճարվելու։ Որպեսզի հասկանանք, թե ինչ տարօրինակ է այդ պատկերացումը, կարող ենք ուղղակի մի պահ հիշել, որ մեր սիրելի համաշխարհային շոու-բիզնեսի բազմաթիվ աստղեր հենց հեղինակ-կատարողներ են, ու նրանք միաժամանակ, հենց այդ գործի պրոֆեսիոնալներն են, շատերը` լրջագույն երաժիշտներ, անունները բոլորս գիտենք։ Մեր սիրելի Ազնավուրը նույնպես իր կատարած բազմաթիվ երգերի հեղինակը կամ համահեղինակն է, իմ սիրելի Ժակ Բրելը կամ Ադամոն, որոնց երգերը թարգմանում եմ, նույնպես, մեծ հաշվով, անկախ ստեղծագործողներ են եղել, որոնց հետ ժամանակի ընթացքում սկսել են աշխատել տարբեր պրոդյուսերական ընկերություններ։ Մեր անկախ ստեղծագործողների խնդիրը հենց այն է, որ պրոդյուսերական առողջ կենտրոններն են ցավալիորեն քիչ, որոնք խնդիր կդնեին` գտնել այդ նոր անուններին, օգնել, որպեսզի նրանք ավելի ակտիվ ու անկաշկանդ ստեղծագործեն, որպեսզի դուրս գան ակումբներից և սեփական բնակարանային հավաքներից, որպեսզի մասնագիտանան իրենց գործում և սկսեն իրենք իրենց ու որպես հետևանք` լսարանի կողմից ընկալվել` հենց որպես պրոֆեսիոնալներ, ոչ թե էսպես պարապ ժամանակ իրենց հավեսի համար գրող-երգողներ։ Հավատացեք, եթե չունեք ինչ-որ հուսալի հենարան, շատ դժվար է թևաթափ չլինել ու շարունակել աշխատել ինքնազարգացման վրա։ Պրոդյուսերներն էլ, իրենց հերթին, ունեն ֆինանսավորում գտնելու խնդիր, և այդպես` փակ շրջան։

– Հիմնական խնդիրը ո՞րը կառանձնացնեիք անկախ ստեղծագործողների համար։

lilit-bleyan-8

– Խնդիրը գալիս է խորքից ու հանգում է արդյունավետ մեխանիզմների չկայանալուն։ Երկրի տնտեսական, քաղաքական, հասարակական կիսատ-պռատությունն ազդում է բոլորի վրա, նաև, բնական է, անհատ ստեղծագործողների։ Արդյունքում` տեղի չեն ունենում առողջ գործընթացներ, որոնք կբերեին, ասենք, պրոֆեսիոնալ պրոդյուսերական դաշտի կայացմանը, ու մենք կդադարեինք պետությանը դիտարկել` որպես միակ երաժշտական պրոդյուսեր կամ հովանավոր։ Եթե ավելի մանրանանք` ունենք նաև պրոֆեսիոնալ որակը բարձրացնելու, անընդհատ մասնագիտորեն զարգանալու խնդիր։ Լավ երաժիշտը` մարզիկի, սպորտսմենի պես, պետք է աշխատի իր «մարզավիճակի» վրա, պետք է ունենա այդ հնարավորությունը` իր գործին ժամանակ տրամադրելու, սովորելու, ճամփորդելու, տեսնելու-վերցնելու համար։ Պարզապես մի փուլում ենք, երբ դժվար է բոլորի համար` առանց բացառության, ու ամենաբարձր պրոֆեսիոնալներն էլ Հայաստանում ունեն ինքնադրսևորման, սեփական մասնագիտությամբ իրենց արժանապատիվ կենցաղն ապահովելու խնդիր։ Բայց եթե ընտրել ենք այդ ճանապարհը, պետք է փորձենք, առնվազն` փորձենք որևէ հետաքրքիր արդյունք տալ։

– Ձեր երգերն աչքի են ընկնում մեղեդայնությամբ, հանգստությամբ, երբեմն` աշխուժությամբ։ Ստեղծագործում եք երեք լեզվով` երգեր ունեք անգլերենով, իսպաներենով։ Ի՞նչ ընդհանուր բան ունեն արդյոք այդ երգերը, արդյո՞ք լեզուն պայմանավորում է երգերի ռիթմն ու ընտրությունը։

– Մեծապես։ Ռիթմը, կառուցվածքը, տրամադրությունը. այնքա՛ն բան է կախված երգի լեզվից, սակայն կողքից դժվար է պատկերացնել, քանի դեռ ինքդ չես սկսում գրել մի քանի լեզվով։ Ես գրում եմ միանգամից «բնագրով», այսինքն` իսպաներեն երգերս գրվել են հենց իսպաներեն, իտալերենը` իտալերեն, և այլն, ունեմ էդպիսի նվեր բնության կողմից` լեզուները հեշտ եմ զգում։ Իսպաներեն երգերիցս երբեմն փորձում եմ թարգմանել հայերեն, բայց տեսեք, որևէ կերպ չեն ենթարկվում։ Այդ երգերը հենց իսպաներեն են, ֆրանսերենն ու հայերենը ստեղծված են իրար չափածո թարգմանելու համար` ես արդեն տասնյակից ավելի երգ եմ փոխադրել ֆրանսերենից հայերեն։ Ի դեպ, չի բացառվում, որ հաջորդ տարի ֆրանսերենից հայերեն փոխադրված երգերի սկավառակ թողարկեմ։

– Ովքե՞ր են Ձեր լսարանը, ո՞ւմ համար եք ստեղծագործում։ Նկատի ունեմ` այդ մեղեդային ու խաղաղեցնող երաժշտությունն արդյո՞ք պահանջված է։

lilit-bleyan-3

– Ինձ հավաստիացնում են, որ` այո, կա պահանջարկ, և ես սիրով հավատում եմ դրան։ Ես ինքս լսում եմ հենց այդ տիպի երաժշտություն։ Աղմուկից մշտապես փախչողներից եմ` ներվը մեր կյանքում օբյեկտիվորեն այնքան շատ է, որ գոնե երաժշտությունը պիտի խաղաղեցնի։ Ես ինքս նման երգեր ու նման ձայներ եմ սիրում` խաղաղ։ Լսարանս, ի դեպ, զարմանալիորեն բազմազան է, նույնիսկ ամենաաղմկոտներին երևի պետք է` պահի տակ պոկվել, կտրվել լարվածությունից։ Ես այնքան ուրախ եմ այդ բազմազանության համար։ Ուրախ եմ հատկապես, որ ծրագիրս էլ բազմալեզու է, ու մարդկանց դա չի խրտնեցնում. անկախ այն բանից` գիտե՞ն իսպաներեն, իտալերեն կամ անգլերեն, լսում են երգերս։ Ուրեմն` որպես երգ են ընկալում, ոչ թե` տեքստի ու մեղեդու մեխանիկական միացություն։

– Համերգային ի՞նչ ծրագրով եք պատրաստվում ներկայանալ հանդիսատեսին դեկտեմբերի 17-ին կայանալիք Ձեր համերգին։ Կմանրամասնե՞ք։

– «Միքս» կլինի` տարբեր ժամանակների, տարբեր սկավառակներում ներառված երգերի, ֆրանսերեն հայտնի երգերից իմ կատարած փոխադրումների ու նաև` դեռևս երբևէ չկատարված` բոլորովին նոր երգերի։ Թեթև, տաք ձմեռային երեկո ենք ուզում կազմակերպել։ «Բոհեմ» թատրոնի բեմը կարծես թե իրոք տրամադրում է այդպիսի երեկոյի։ Բեմում լինելու ենք իմ սիրելի ակուստիկ կազմով` մշտական գործընկեր-երաժիշտներիս հետ` կիթառահար Տիգրան Տեր-Ստեփանյանը, որը նաև երգերի գործիքավորումներն է կատարել, թավջութակահար Անժելա Սարգսյանը և Աշոտ Ոսկանյանը։ Այ, նման սիրուն, ջերմ կազմով ենք լինելու։

– Նշել էիք, որ Ձեր առաջիկա համերգին կատարելու եք «չարենցյան» երգ։ Խոսքը «Կապույտը» երգի մասին է։ Չարենցյան թեմատիկան ինչո՞վ է Ձեզ հետաքրքիր։ Արդյոք հե՞շտ է ստեղծագործել մեծ բանաստեղծի բանաստեղծությունների հիման վրա։

– Ես ընդհանրապես շատ դժվար եմ հարմարվում ուրիշի տեքստին, հաճախ է լինում, որ ծանոթները կամ անծանոթներն ուղարկում են իրենց չափածո գործերը տարբեր լեզուներով` առաջարկելով դրանց վրա մեղեդի ստեղծել ու դարձնել երգ։ Բայց ինձ համար ամենադժվար բանն այդպես «պատվերով» աշխատելն է, անգամ` եթե իրոք տաղանդավոր, հետաքրքիր տեքստի հետ գործ ունեմ։ Բառերի հետ ես շատ «մզմզալով» եմ աշխատում, սեփական տեքստերիս հետ բազմաթիվ կռիվների միջով եմ անցնում, մինչև բոլոր բառերն ու տառերն ու շեշտերն իրենց տեղերում են հայտնվում, մեղեդու հետ դառնում են մի ամբողջություն։ Թե չէ երգը երգ չի դառնա, կդառնա «երգված բանաստեղծություն», իսկ ես դրա հետ հեչ համաձայն չեմ։

Չարենցի պարագայում ավելի հեշտ է։ Նախ` աշխատում եմ չմտածել իր մեծության մասին, թե չէ` ոչինչ չի ստացվի։ Վերցրել եմ միայն այն նկար-պատկեր-տրամադրության պես իր փոքրիկ գործերը, որոնք տեղով գրեթե երգ են։ Էստեղ Չարենցն ինձնից ակնկալիք չունի, այլ ես ինքս ինձնից ունեմ` ինչպե՞ս անել, որ չխախտեմ էդ սիրուն պատկերի տրամադրությունը, ու մեղեդին միայն լրացնի այն։ Վերցնում եմ միայն այն գործերը, որոնց որևէ բառի հետ դիսկոմֆորտ չունեմ, ու զգում եմ, որ դառնում են, ի վերջո, իսկական երգ, ոչ թե` ինչ-որ հիբրիդ։ «Կապույտ»-ի պարագայում, կարծես թե, ստացվեց։ Ու, պատկերացրեք, ստացվել է նաև մյուս` տասնյակից ավելի չարենցյան երգերի պարագայում, որոնք հաջորդ տարի միայն պատրաստվում ենք ձայնագրել։

– Տարին ի՞նչ ակնկալիքներով կամ գուցե հուսախաբություններով եք ավարտում։

– Երևի մեծացել եմ, որևէ հուսախաբություն ինձ չի դիպչում։ Ակնկալում եմ, որ հաջորդ տարում ծրագրածս նախագծերը կստացվի իրականացնել, նաև, իհարկե, այս տարում դեռ ակնկալիքներ ունեմ` ուզում եմ դեկտեմբերի 17-ին սիրուն համերգ-երեկո ունենալ։

Կարմեն Ղուկասյան

168.am