Արկտիկական ցուրտ օդը սկսել է ներթափանցել Հայաստան. որոշ բնակավայրերում բուք է. armtimes.com
Advertisement 1000 x 90

Արկտիկական ցուրտ օդը սկսել է ներթափանցել Հայաստան. որոշ բնակավայրերում բուք է. armtimes.com

Ինչպես և կանխատեսվել էր ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կողմից՝ Հանրապետության տարածքը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. գիշերվանից գրեթե բոլոր շրջաններում ձյուն է տեղում:

«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի հաղորդմամբ՝ տեղումները հատկապես ուժեղ են Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքի առանձին հատվածներում, Լոռիում և Տավուշում: Լեռնային բնակավայրերի ճանապարհների մեծ մասում բուք է, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին հատվածներում՝ մերկասառույց:

«Հզոր ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է մինչև առաջիկա առավոտ: Դեկտեմբերի 15-ի ցերեկը ցիկլոնն արդեն կկորցնի իր ուժը: Ճիշտ է՝ ձյան տեղումները ցերեկը կշարունակվեն, բայց ինտենսիվությունը զգալի կնվազի: Այսինքն՝ ինտենսիվ ձյուն կտեղա այսօր ամբողջ օրվա ընթացքում և առաջիկա գիշերը՝ մինչ առավոտ»,- մեր զրույցում ասաց Սուրենյանը:

Դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին և 17-ին ցիկլոնի ուժը կթուլանա, որի հետևանքով ամպամածությունը կպահպանվի, բայց ձյան տեղումները կլինեն շատ թույլ և դադարներով:

Անդրադառնալով հանրապետությունում առկա ջերմային ֆոնին՝ օդերևութաբանը հայտնեց, որ այսօր արդեն առավոտվանից արդեն սկսվել է հանրապետություն արկտիկական ցուրտ օդային հոսանքերի ներհոսքը: «Դուք տեսաք, թե գիշերը որքան տաք էր. ողջ գիշեր Երևանում +5…+6 աստիճան էր, առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում արկտիկական ցուրտ օդը սկսեց ներթափանցել Հայաստան և օդի ջերմաստիճանը նվազեց: Այժմ 0-ի սահմաններում է»,- տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը:

Վերջինս ընդգծեց, որ ջերմաստիճանի նվազումը շարունակվում է, ինչը ճանապարհների իմաստով որոշ վտանգներ է պարունակում.

«Ամենակարևորը, որ ուզում եմ նշել. քանի որ այսօր երեկոյան ժամերից Երևանում օդի ջերմաստիճանը դառնալու է բացասական և գիշերը նվազելու է՝ հասնելով -4…-6 աստիճանի, դրան զուգահեռ ձյուն է տեղալու, ուստի ճանապարհները պատվելու են մերկասառույցով: Հետևաբար, ճանապարհները մաքրող մարմիններին (տվյալ դեպքում «Սանիթեք» ընկերությանը) և վարորդներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն: Գիտեք, մերկասառույցը ինչքան վտանգավոր է երթևեկության համար, ուստի վթարներից խուսափելու համար պետք է առավելագույնս զգոն լինել»,- ասաց Սուրենյանը:

Խոսելով առաջիկա օրերին սպասվող ջերմաստիճանի մասին՝ օդերութաբանը նշեց, որ ջերմաստիճանը Երևանում այսօր գիշերը կլինի -4…-6, վաղը ցերեկը 0…-2: Դեկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել և արդեն 17-ին գիշերը կհասնի -10 աստիճանի, ցերեկը՝ -3: