Վազգեն Մանուկյանի առաքելությունը
Advertisement 1000 x 90

Վազգեն Մանուկյանի առաքելությունը

ՀՀ 1–ին վարչապետ ու Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն ընտրվել է վարչապետի միասնական թեկնածու հետնիկոլական Հայաստանի համար։

Քաղաքական ուժերն ու հանրության տարբեր շրջանակները պաշտոնապես դեռ չեն հայտարարել այդ մասին, բայց լուրն արդեն հայտնվել է ոչ միայն հայկական, այլ նաև արտասահմանյան ԶԼՄ–ներում։ Մասնավորապես՝ ռուսական բոլոր կենտրոնական հեռուստատեսությունները, ազդեցիկ տպագիր մամուլն ու կայքերն անդրադարձել են Վազգեն Մանուկյանին՝ նշելով, որ նա է դառնում Փաշինյանի գլխավոր ընդդիմախոսը։

Առաքելությունն ավարտված չէ

Վազգեն Մանուկյանը «Ղարաբաղ» կոմիտեի փաստացի առաջնորդն էր և Ղարաբաղյան շարժման գաղափարախոսներից մեկը։ Նա ՀՀ 1–ին վարչապետ դարձավ ծանր ժամանակահատվածում, երբ անցում էր կատարվում ԽՍՀՄ–ից անկախ Հայաստանին։

Ծանր էր այդ ժամանակահատվածը նաև պայմանավորված Ղարաբաղյան պատերազմով։

Լևոն Տեր–Պետրոսյանի ու ՀՀՇ–ի հետ ունեցած գաղափարական տարաձայնությունների պատճառով Մանուկյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, բայց շատ չանցած նրան առաջարկեցին Պաշտպանության նախարարի կարգավիճակը, քանզի մենք կորուստներ էինք կրում Արցախում և իշխանությունը որոշեց ընդդիմությանը հանձնել բանակը՝ «Եթե մեզանից դժգոհ եք, ապա եկեք ինքներդ էլ պատերազմը վարեք» թեմայով։

Տեր–Պետրոսյանի հաշվարկը պարզ էր։ Եթե մենք պարտվեինք Արցախում, ապա պարտության պատասխանատվությունը կդրվեր ընդդիմության վրա կամ առնվազն այդ պատասխանատվությունը կկիսվեր։ Իսկ եթե ամեն ինչ հաջող ընթանար, ապա դա կվերագրվեր իշխանությանը, իսկ Մանուկյանից էլ արդեն կարելի էր ազատվել։ Իրականացավ 2–րդ տարբերակը։

Մանուկյանը որպես Պաշտպանության նախարար գրանցեց շատ լուրջ արդյունքներ։ Իր նախարար եղած ժամանակ է մեր բանակը նահանջողից վերածվել հակահարձակվողի ու ազատագրողի։ Մասնավորապես տեղի է ունեցել Քարվաճառի ազատագրման ռազմագործողությունը։ Այն Քարվաճառի, որը Նիկոլ Փաշինյանն առանց կրակոցի ու դավադրաբար հանձնեց։

Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո Մանուկյանը շարունակեց քաղաքական գործունեությունը՝ դառնալով մեծ ընտրակեղծիքների զոհ 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Նա փաստացի հաղթել էր այդ ընտրություններում, բայց ժողովրդի քվեն գողացվեց։ Հիմնվեց ընտրակեղծիքների արատավոր համակարգը։

Դրանից հետո Մանուկյանը քաղաքականաապես ակտիվ ու պասիվ շրջաններ է ունեցել։ Եթե չլիներ 2018–ի իշխանափոխությունը, ապա նրա քաղաքական կարիերան կարելի էր ավարտված համարել, սակայն դեպքերն այնպիսի ընթացք ստացան, որ Մանուկյանի դերակատարումը կրկին պահանջված դարձավ։ Նա նախ դուրս եկավ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից, հիմնադրեց «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը և մտավ ակտիվ պայքարի մեջ։

Մանուկյանն այն եզակի մարդկանցից էր, ով պատերազմի թեժ օրերին դեմ հրապարակավ դեմ գնաց նիկոլական կեղծ քարոզչությանը, ասաց ողջ ճմշարտությունը և պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Եթե այն օրերին Մանուկյանի ասածները հանրային լայն արձագանք գտնեին, ապա մենք գոնե կխուսափեինք այսպիսի խայտառակ պարտությունից ու նվաստացուցիչ կապիտուլյացիայից։ Հիմա էլ դեռ վտանգները չեն չեզոքացվել։

Բանն այն է, որ Հայաստանն իր շահերի համար կռիվ տվող չունի, բանակցող չունի։ Հայաստանն անտերության է մատնվել։ Նիկոլը միայն իր աթոռի մասին է մտածում։ Այս պայմաններում նրա փոխարինումն ազգային անվտանգության հարց է դառնում։

Եվ այսպես, Մանուկյանի առաքելությունը, փաստորեն, ավարտված չէ, քանզի բոլոր այն ձեռքբերումները, որոնք մենք ունեցել ենք հետանկախական շրջանում նաև Մանուկյանի շնորհիվ, Նիկոլ Փաշինյանի ձեռքերով շատ արագ փոշիացվեցին։

Վարչապետ դառնալուն պես Մանուկյանի գլխավոր առաքելությունը պետք է լինի ներհայաստանյան թույնի ու ատելության մթնոլորտի վերացումը և հետպատերազմական իրավիճակի կայունացումը։

Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ Մանուկյանը հավակնում է վարչապետի պաշտոնին այն ժամանակ, երբ կրկին սև ամպեր է կուտակված Սյունիքի մարզի վրա։ 90–ականների սկզբում նրան հաջողվեց որպես Պաշտպանության նախարար ապահովել Կապանի անվտանգությունը։ Հիմա մենք մեր հարավային դարպասները կրկին պաշտպանելու խնդիր ունենք։ Մանուկյանը դեռ անելիք ունի։

7or.am



Նման նյութեր