ՎԻՐԱՎՈՐՎԵ՛Ք։ Արժանապատվություն ունեցող մարդու համար դա կարևոր հատկանիշ է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ՎԻՐԱՎՈՐՎԵ՛Ք։ Արժանապատվություն ունեցող մարդու համար դա կարևոր հատկանիշ է

Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում է պնդել, որ «Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»։ Երեկ նա կրկնեց այդ խոսքերը Ազգային ժողովում, ուր ժամանել էր սև, բայց ոչ կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախատեսված դիմակներով հարյուրավոր  թիկնապահների, դիպուկահարների ուղեկցությամբ։ Պռոշյան փողոցում գտնվող կառավարական ամառանոցից դուրս գալիս նրան ուղեկցող թիկնազորի անդամներն ավտոմեքենայի իջեցված պատուհանից ցուցադրաբար զենքը պարզել էին ժողովրդի ուղղությամբ։

Այո, Նիկոլը պատրաստ է կրակել ժողովրդի վրա։ Նա իշխանություն պահելու համար ընդունակ է ամեն ինչի։ Պատրաստ է խաղալ ձեր հոգիների հետ, գողանալ ձեր երազանքները, ձեր զգացմունքները, ստերով ողողել աղանդավոր և ոչ աղանդավոր ուղեղները, ստորին զգայարաններով առաջնորդվողների ուղեղները, ֆեյսբուքներում բանասիրական լացի տողեր գրողների ուղեղները․․․

Նրա անհայրենիք թիմակիցները՝ «իմ քայլ»-ականները, խոսում են Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կամ ճանապարհները բացելու անհրաժեշտության մասին: Մեկ այլ անհայրենիք պատգամավոր հայտարարում է, թե Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում, այն դեպքում, երբ համացանցում ադրբեջանցիները ջանք չեն խնայում տարածելու  հայ գերիներին կտտանքների ենթարկելու, մի քանիսին, այդ թվում՝ մի ծերունու ու հալումաշ եղած մի երիտասարդի, դաժանորեն մորթելու տեսանյութերը․․․

Այսօր կեսօրից Բաքվում ընթացող երկժամյա «հաղթանակի շքերթում» Նիկոլ Փաշինյանի կիրթ ընկեր Իլհամ Ալիևը  հայտարարում էր՝ «Զանգեզուրը, Գյոյչան, Իրևանի շրջանը մեր պատմական հողերն են։ Մեր ժողովուրդը այդ տարածքներում դարերով ապրել է։ Սակայն Հայաստանի ղեկավարությունը այդ մարդկանց գաղթեցրել է»։

Չիմացողներին տեղեկացնենք՝ Զանգեզուրը Սյունիքն է, Գյոյչան՝ Սևանը, իսկ Իրևանը՝ Երևանը։

«Հավատացե՛ ք, ոչինչ չի ավարտվել, ամեն ինչ նոր է սկսվում»,- նոյեմբերի 11-ին ֆեյսբուքյան իր էջում հաթաթա էր տալիս այդ ընտանիքի երրորդ ներկայացուցիչը՝ Մարիամ Փաշինյանը: Ֆիքսեք՝ նոյեմբերի 11-ին։ Ֆիքսեցի՞ք օրը։ Դե հիմա շարունակեք նայել Բաքվում ընթացող «հաղթանակի շքերթը»։

Այն, որ Նիկոլը ծախու մեղսունակ է՝ փաստ է։ Այն, որ նա և նրա գավառամիտ կինը որևէ սրբություն չունեն՝ փաստ է։ Ի սկզբանե, հեղափոխություն կոչվածի առաջին իսկ օրից ակնհայտ էր նաև այն, որ գումարի դիմաց նրանք պատրաստ են վաճառել ամեն ինչ, այնպես, ինչպես իրենց սեփական երեխաներին են օգտագործում այս կամ այն խնդիրը լուծելու և նեղ անձնական նպատակներին հասնելու համար։ Մի ողջ ժողովրդի երեկ հանուն սեփական PR-ի ծաղրում էր՝ համոզել է Արփիին՝ օգտագործած խաղալիքներն արցախցի երեխաներին նվիրել,  Second Hand-ի «Էրատո» դիցուհու երևակայության սահմանն այսքանն էր միայն։

Նրանց համար ոչինչ են բոլորի զինվոր  զավակները, գերի ընկած կամ 5000-ից ավելի զոհված զավակները, անհայր մնացած բոլոր երեխաները, նրանց համար ոչինչ է հայրենիքը, նրանց համար ոչինչ են դողացող ձեռքով և դառնահամ արցունքները բերանում խեղդող մարդիկ, որոնք հայացքները շրջած՝ այրում էին իրենց տները, որտեղ երբևէ երջանիկ են եղել․․․ Նիկոլի և գավառամիտ Second Hand-ի կնոջ համար արժեք չունի շուշեցի 10-ամյա  տղայի, որի հայրը զոհվել է Շուշիում, խոսքերը՝ «Ոչ մի երազանք էլ չունեմ, մենակ երազանք ունեմ՝ պապաս մոտս լիներ»․․․

Նրանց համար ոչինչ է Արցախում և Երևանում՝ սառած քաղաքում կեսգիշերին Պաշտպանության նախարարության պատերի տակ իրենց կորած տղաներին փնտրող ծնողների հոգեվիճակը։ Նրանց համար ոչինչ են զոհված և անհետ կորած հայրերի անօգնական ու զայրացած կոչերը․․․

Բայց արդյո՞ք մեր հասարակությունը միայն այդպիսի մարդկանցից է բաղկացած։ Հուսամ՝ ոչ։ Այդ դեպքում ո՞ւր են նրանք, ինչո՞ւ չեն վիրավորվում, ինչո՞ւ փողոցում չեն։ ՎԻՐԱՎՈՐՎԵ՛Ք։ Արթնացեք, արժանապատվությունը մարդու ողնաշարն է։ Դրանից չունե՞նք այլևս։

Կործանարար այս  հեղափոխություն կոչվածի սիմվոլ դարձած Պողոսը հասարակ ժողովուրդը չէ։ Կամ, ավելի շուտ, դրանք չեն  վտանգավորը։ Ավելի վտանգավոր են այն բոլոր դիպլոմավոր պողոսները, որոնք աշխատասենյակներում նստած՝ հանդուրժում են այս ամենը, կատարում են մեղսունակ այս ընտանիքի քմահաճույք-հրահանգները։

Արժանապատվություն կամ կա, կամ՝ չկա։ ՎԻՐԱՎՈՐՎԵ՛Ք։ Դա լավ հատկանիշ է։ Վիրավորվե՛ք ու ոտքի կանգնեք։ Եթե չեք վիրավորվում, ապա դրա մյուս տարբերակն էլ ունեք՝ շարունակեք նվաստանալ։ Կամ․․․ շարունակեք նայել Բաքվում ընթացող «հաղթանակի շքերթը», հիշեք մորթվող ծերունու օգնություն հայցող հայացքը, սեփական տները մղկտալով  այրող  մարդկանց, իրենց հայրերին սպասող երեխաների աչքերը, այդ ամբողջ մղձավանջը ու․․․ շարունակեք ապրել հանգիստ խղճով,  արդարացնելով հանցագործին․․․ Շարունակեք ուրախանալ Կանադայի վարչապետ Թրյուդոյին Հայաստանի վարչապետ կոչվածի «կրեատիվ» նվերով՝ եռագույն նասկիներով, ասելով՝ «Թրյուդոյի նասկիները մեր երկիրը կգովազդեն»։ Իրականում, մեր երկրի խորհրդանիշ՝ պետական դրոշն առաջին անգամ  ոտնատակ տրվեց հենց այդ ժամանակ:

Շարունակեք նայել Բաքվում ընթացող «հաղթանակի շքերթը», Ալիևի ու Էրդողանի հրճվանքը, երբ հրապարակ դուրս բերվեց հայոց բանակի բռնագրավված զրահատեխնիկան, տանկերը: Կարդացեք ադրբեջանական մամուլի ծաղրական արտահայտությունները՝ «Ուզում էիք, որ ձեր տանկերը Բաքվում լինեն, կատարեցինք  ձեր երազանքը՝ վայելեք»:

Վիրավորվե՛ք։ Արժանապատվություն ունեցող մարդու համար դա լավ հատկանիշ է:

Ռեալիստի անկյուն