Ժամանակի ընթացքում հագուստը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների, սակայն կան ընդհանուր բնորոշիչներ, որոնք անփոփոխ են մնացել: Նույնիսկ օտար փոխառությունների դեպքում հայերը ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել գույների, ձևերի և ներդաշնակության մեջ: Տարազի յուրահատկություններից են ընտրված գույները և զարդանախշերը: Այս երկու բնորոշիչներով կարելի է նաև նկարագրել հայկական գորգերը: Տարազային համալիրը բաղկացած է մի քանի մասերից, որոնք լրացնում են մեկը մյուսին՝ կապվում իրար հետ զարդարման միջոցով: Տարազային համալիրի առանձին մասերի զարդանախշերին մենք հանդիպում ենք հայկական գորգերում, որը խոսում է այս երկու մշակույթներում պահպանված նախշերի իմաստաբանական նույնության և կապի մասին:
Տղամարդկանց շապիկը հիմնականում զարդանախշվում էր օձիքի բացվածքում ու կրծքի հատվածում, որն ուներ սիրտն անխոցելի դարձնելու, քաջությունը պահպանելու խորհուրդը: Կանանց կրծքամասի հավելյալ զարդանախշ հատվածը կոչվում էր դոշ կամ սրտանոց, որն ուներ կուրծքը պահպանելու խորհուրդը (կերակրող մոր կաթը պահպանելու իմաստը):
Ասեղնագործվում էր կանանց, հատկապես նորահարսի շապիկի քղանցքը, որն ուներ ինչպես չարի մուտքն արգելող, այնպես էլ բեղմավորումն ապահովող պահպանիչի նշանակություն: Առավել զարդարված էր լինում հարսանեկան շապիկը: Ասեղնագործություններն արվում էին արծաթելով կամ ոսկեթելով: Զարդանախշերը ունեին հիմնականում բուսական հարդարում:
Տարազի գլխավոր մասերից մեկը գոգնոցն է: Ամենահարուստ զարդամոտիվներով գոգնոցներ կան Վանի, Վասպուրականի, Արցախի, Զանգեզուրի տարազային համակարգերում: Այժմ Երևանի պատմության թանգարանում ցուցադրվող Վան-Վասպուրական տարազային համալիրի գոգնոցները արված են «թելթող» կոչվող կարպետագործական տեխնիկայով:
Նշազարդով հարդարված եզրագոտուց հատված:
Անկողնապարկի զարդանախշ:
Կարինի կարպետ:
Այս տեխնիկայով են արվել բազմաթիվ անկողնապարկեր, աղաքսակներ, խուրջիներ և այլն: Զարմանալի չէ այս նմանությունը, քանի որ անկողնապարկերը անմիջական կապ ունեն աղջկա հարսանեկան արարողության հետ: Սրանք օգտագործվում էին աղջկա օժիտի տեղափոխման համար:
Ամենահայտնի և տարածված զարդանախշը խաչի սիմվոլն է, որն ունի շատ հին պատմություն: Այս զարդանախշին հանդիպում ենք շատ ժողովուրդների մոտ, ուսումնասիրողների մի խումբ խաչը դիտարկում է որպես արևի սիմվոլ, չորս տարրերի՝ բնության չորս ուժերի գաղափար, որը և դրված է քրիստոնեություն հիմքում: Բացի խաչահիմք զարդանախշերից գորգագործության մեջ և տարազային հագուստում, բազմաթիվ են հայերեն մեծատառ «Տ» հիշեցնող զարդանախշը:
Վարդան Թեմուրճյանը, ով ուսումնասիրում էր հայկական գորգերը, այս զարդանախշը դասում է վիշապ հիշեցնող սիմվոլների դասին, որը առաջացել է վիշապի ոճավորված սիմվոլի հապավումների «ուղղումների հետևանքով»: Վիշապի պաշտամունքը սերտ աղերսներ ունի ջրի պաշտամունքի հետ: Այլ ուսոմնասիրողներ պատկերը կապում են օձի պաշտամունքի հետ: Սակայն ըստ Հարություն Քյուրտյանի, ով բազմաթիվ հոդվածներ ունի նվիրված վիշապագորգերին, կարծում է, որ սխալ է վիշապին և օձին նույնեցնել, քանի որ վիշապի պաշտամունքը տարբերվում է օձի պաշտամունքից:
Չնայած այս երկու հակասական գաղափարներին, այս պատկերի բազմաթիվ ոճավորումների մենք հանդիպում ենք հայկական արվեստում, որը կրում է նույն գաղափարը՝ բեղմավորության, առատության սիմվոլներ:
Տարազային ևս մի տարածված սիմվոլ` նշազարդ կամ կոկոն, որը պղաբերության անենատարածված ոճավորումն է ինչպես տարազի, այնպես էլ գորգերի մեջ: Օժիտի համար պատրաստվող գորգերը, կարպետները, հագուստի ասեղնագործված հատվածները հարդարված են եղել այս՝ սերմի խորհուրդը կրող զարդամոտիվում: Կարևոր և շատ հանդիպող մեկ այլ զարդանախշ է կենաց ծառը, որի ամենաոճաորված տարբերակներին հանդիպում ենք հայկական զարդարվեստում:
Մետաքսաթել գոտիների հիմնական պատկերը կենաց ծառն է, երբեմն այն այնքան է ոճավորվում, որ ստանում է ծաղկամանաձև հորինվածք, որը պտղաբերության, աճի գաղափարի խորհուրդն ունի: Հին աշխարհում հավատալիքային պատկերացումներում ծառերը կնոջ անձնավորումն են, ինչպես օրինակ սպիտակ կեչին` սլավոնական ժողովուրդների մեջ: Հայոց մոտ այդ դերը կատարում է ուռին: Ուռին նաև ծաղկազարդի կենտրոնական առարկան է: Գորգային զարդանախշերում ևս կենաց ծառը գրավում է առաջնային տեղ: Այս սիմվոլին հանդիպում ենք ինչպես ամբողջ գորգադաշտում, այնպես էլ առանձին զարդագոտիներում: Զարդարվեստի մի ամբողջ անսամբլ է պարունակում Վան-Վասպուրականի գոգնոցը: Խաչեր, վեցանկյուն ռոմբեր, աստղեր, թռչնի պատկերներ, կեռեր և վեցանկյուն աստղեր:
Նշված բոլոր զարդամոտիվները կարող ենք հանդիպել գորգագործության մեջ: Այսպիսով, հայկական կիրառական արվեստի մաս կազմող, սակայն իրենց նշանակությումբ ծիսական երկու իրերի՝ տարազում և գորգերում առկա են նույն զարդանախշերի մի ամբողջություն, որը խոսում է ավանդույթները պահպանելու, սերնդներին փոխանցելու կարևոր գաղափարների մասին:
Ամբողջությամբ՝ arvestagir.am