Asekose.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասանուհի Անի Պետրոսյանը:
– Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:
– Ձեռքբերում բառը չեմ սիրում, հետևաբար չեմ կոնկրետացնի` ունեմ այն, ինչ ունեմ։ Շնորհակալ եմ, որ առողջ եմ, ունեմ ընկերներ, աշխատանք, աշխարհի ամենալավ մայրիկ, որ կյանքս միապաղաղ չէ, որ դեռ մեծ հավատ ու հույս ունեմ…
– Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:
– Եթե կարողանայի փոխել, եթե այդ շնորհն ինձ տրված լիներ, կուզեի հարազատներս միշտ կողքիս լինեին, վաղաժամ չհեռանային։
– Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:
– Սովորական մարդ եմ (ժպտում է)։ Ինչպես մեզանից յուրաքանչյուրը, երազում եմ, սպասում եմ, տխրում եմ, ջղաինանում եմ, սիրում եմ, կռվում եմ, օգնում եմ, նորից եմ երազում և շարունակում եմ ապրել։
– Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:
– Ամենադժվար իրավիճակում էլ փորձել մարդ մնալ…
– Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել`կներես:
– Վերջին անգամ հենց այսօր։ Միամիտ մեկի ոտքին կանգնելուց հետո (ժպտում է):
– Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:
– Մայրիկիս, առավոտյան։
– Ես երջանիկ կլինեի, եթե…
– Ես երջանին կլինեի, եթե մեր երկրում սոցիալական ծանր վիճակը վերանար, հացի խնդիր չլիներ և մեր փայլուն մտքի տեր ազգը, մեզանից յուրաքանչյուրը զբաղվեր իսկապես իր սիրած գործով. Ֆիզիկոսը ֆիզիկոս լիներ, արվեստագետը՝ արվեստագետ, հացթուխը՝ հացթուխ։ Երկար կարող եմ թվել…Կուզեի, իսկապե’ս, ապահով երկրում ապրեինք…
– Երազում եմ, որ…
– Երազում եմ, որ այդ օրը գա, որ մեզ հաջորդող սերունդն ավելի երջանիկ լինի…
– Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:
– Բամբասանքներին լուրջ չեմ վերաբերում (ժպտում է):
– Կյանքիս ամենամեծ հիասթափությունը:
– Հիասթավում եմ անարդարությունից։ Ավելի շատ այն մարկանցից, ովքեր տեսնում են և լռում, ովքեր հաշտվում են։ Մեռած հոգու հաշիվ է։
– Արարք, որի համար զղջում եք:
– Զղջում եմ… Բայց չեմ ասի։ Կփորձեմ ինքս իմ մեղքերը քավել։
– Երբեք չեմ…
– Երբեք հարազատիս կես ճամփին չեմ թողնի, քանի դեռ իմ կարիքն ունի։
– Ինչի՞ց եք վախենում
– Վախենում եմ… Բայց աշխատում եմ չվախենալ։ Վախենալիս հիշում եմ ինձ փոքր տարիքում, երբ հավատս անսահման էր, և համարյա թե բոլոր երազանքներս իրականանում էին… Համոզում եմ ինձ, որ էլի նույնն է, նույն կերպ կլինի։ Եվ պատկերացրեք` ստացվում է….