Արցախյան պատերազմի արդյունքների ֆոնին հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը հատուկ նշանակություն է ստանում։ Հայաստանին, ինչպես երբեք, ժամանակակից սպառազինություն է պետք, ընդ որում՝ զարգացման կարիք ունեն բոլոր տեսակի զորքերը։ Գաղտնիք չէ, որ երկրի Զինված ուժերը լրջորեն տուժել են պատերազմի հետևանքով։ Եվ քանի որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության մասին խոսելը դեռ երկար ժամանակ է անտեղի լինելու, ապա զինանոցն արդեն իսկ պետք է համալրել։
Հաղթել որակով, ոչ թե քանակով…
ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Զինված ուժերի հետագա զարգացման և զենքի գնման հարցում Երևանը պետք է շեշտը դնի որակային, այլ ոչ թե քանակային գերազանցության վրա։ Ռուսաստանը, նրա խոսքով, դաշնակցին առաջարկելու բան ունի։
«Հաշվի առնելով վերջին պատերազմի փորձը, որը ցույց տվեց Ադրբեջանի գերազանցությունը օդում, Հայաստանին խիստ անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր։ Հասկանալի է, որ միայն «Օսա» ԶՀՀ-ներն ու մի քանի միավոր «Տոր»-երը բավարար չեն։ Ժամանակակից ՀՕՊ համակարգերի ստեղծման համար պետք է մի շարք բաղադրիչներ ունենալ։ Նախևառաջ պետք է С-400 համակարգեր գնել, իսկ զորքային ՀՕՊ համակարգերից ես կնշեի «Պանցիր-ՍՄ» ԶՀՀ-ները և «Տոր» համալիրների լրացուցիչ քանակը»,-նշեց Եվսեևը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Հզոր ՀՕՊ համակարգի զարգացումն անհնար է առանց ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից համակարգերի։ Մեր զրուցակցի կարծիքով՝ Հայաստանը պետք է «Կրասուխա» ցամաքային և «Խիբինի» օդային տեղակայման ՌԷՊ համակարգեր ձեռք բերի։ Երկու համակարգերն էլ ապացուցել են, որ հակառակորդի թռչող սարքերի դեմ պայքարի հուսալի և արդյունավետ միջոց են։
Հռչակավոր ԱԹՍ-ների մասին
Հաշվի առնելով ադրբեջանական բանակում առկա անօդաչու սարքերի մեծ քանակը` ապագայում Հայաստանը ստիպված կլինի փող ծախսել նաև դրոնների գնման վրա։ Քանի որ Հայաստանը հարվածային ԱԹՍ-ների ոլորտում սեփական մշակումների փորձ ունի, Եվսեևը վստահ է, որ հետագայում այդ հատվածը կարելի է զարգացնել, այդ թվում՝ Ռուսաստանի հետ գործընկերության միջոցով։
Ռուսաստանն այս պահին ուժեղացված տեմպերով զարգացնում է սեփական անօդաչու ավիացիան, ընդ որում՝ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում որսացող անօդաչուների մշակմանն ու արտադրությանը։ Խոսքը «Охотник»-ի մասին է. դրանք ռուսական բանակի սպառազինության մեջ կարող են ներառվել արդեն 2024թ․-ին։ Եվսեևը միանգամայն իրատեսական է համարում ժամանակակից ԱԹՍ-ների հայ-ռուսական համատեղ արտադրությունը։
Սակայն անօդաչուների արդյունավետ օգտագործման համար կառավարման համակարգ է հարկավոր։ Հայաստանը կարող է մարտական կառավարման ռուսական համակարգերի հետ միավորման հարց դնել։
«Հայաստանի համար հետաքրքիր կլիներ նաև ռուսական արբանյակային համակարգերին հասանելիություն ստանալը։ Կարելի է այդ մասին բանակցություններ վարել։ Եթե Հայաստանը հնարավորություն ստանա ռուսական տիեզերական հետախուզության տվյալներն օգտագործելու, ապա դա էապես կմեծացնի երկրի մարտական հնարավորությունները։ Պետք է կարողանալ կռվել իրական ժամանակում, բայց առայժմ ՀՀ զինված ուժերը դա չեն կարող անել, ցավոք սրտի»,-ասաց նա։
Առանց ինքնաթիռների չի լինի
Առաջիկա տարիներին Հայաստանը պետք է շարունակի օդաչուավոր ավիացիայի զարգացումը։ Առանց ուժեղ կործանիչ ավիացիայի անհնար է խոսել ոչ միայն օդում գերազանցության, այլև արդյունավետ հակաօդային պաշտպանության մասին: Ընդհանրապես, օդում գերիշխանություն ունենալու մեծ շղթայում կարևոր են բոլոր օղակները՝ կործանիչներ, դրոններ, գրոհիչներ, ուղղաթիռներ։
Կործանիչներն այս ամբողջ շինության անկյունաքարն են։ Առանց դրանց ամբողջ կառուցվածքը փլվում է։ Պետք է արձանագրել, որ Հայաստանի ռազմական ղեկավարությունը երկար տարիներ, ըստ էության, չէր հասկանում այդ պարզ ճշմարտությունը, ինչի պատճառով Հայաստանը նոր է սկսել առաջին քայլերն անել։
Նախորդ տարի Երևանը գնել էր 4 միավոր Սու-30ՍՄ բազմանպատակային կործանիչներ, նախատեսվում էր գնել ևս ութ նման ինքնաթիռ։ Առայժմ հայտնի չէ` արդյո՞ք պատերազմն ու տնտեսական հետընթացը շտկումներ կմտցնեն այդ ծրագրերում, բայց ակնհայտ է, որ չորս ինքնաթիռով սահմանափակվելը հիմարություն կլինի. դրանք պարզապես անօգուտ խաղալիքներ կդառնան:
Որպեսզի այդ մեքենաների հնարավորությունները լիովին կիրառելի լինեն, պետք է ունենալ առնվազն մեկ էսկադրիլիա՝ 12 ինքնաթիռ։ Նույն Ադրբեջանն օդում կարողացավ գերազանցության հասնել հիմնականում թուրքական F-16-ների շնորհիվ, որոնք այնտեղ էին տեղափոխվել պատերազմից մեկ ամիս առաջ։ Առանց թուրքական ինքնաթիռների Բաքվի հնարավորությունները զգալիորեն սահմանափակված կլինեին։
Իսկ ցամաքում…
Ավիացիայի դերն, իհարկե, անվիճարկելի է, բայց այնուամենայնիվ պետք է հաշվի առնել, որ մարտական գործողությունների զգալի մասը գետնի վրա է ծավալվում։ Իսկ դա նշանակում է, որ ցամաքային զորքերը ևս լուրջ թարմացման ու համալրման կարիք ունեն։ Եվսեևի կարծիքով՝ Արցախի պատերազմն ի հայտ բերեց հայկական զորքերում ինքնագնաց զենքերի պակասը…
«Այդքան քիչ ինքնագնացներ ունենալն անթույլատրելի է։ Հայկական հրետանու հիմնական մասը քարշակվող զենքերն են։ Այդ հանգամանքը չափազանց նվազեցնում է հրետանու շարժունակությունը։ Ինքնագնաց զենքերի տրամաչափը ևս պետք է տարբեր լինի՝ խոշոր տրամաչափի «Պիոններից» մինչև մանր տրամաչափի զենքեր։ Գումարտակային մարտավարական խմբերի մակարդակով արդյունավետ մարտական գործողությունները ենթադրում են այսպես կոչված «կրակային հորձանքի» օգտագործում ։ Այն ապահովվում է առաջին հերթին ինքնագնացների հաշվին»,-ասում է մեր զրուցակիցը։
Փողային հրետանին պետք է լրացնեն համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։ Ադրբեջանի զինանոցում ռեակտիվ համակարգերի լայն տեսականի կա՝ «Գրադներից» և «Սմերչերից» մինչև իսրայելական LAR-160 և թուրքական Kasirga։ Հայկական բանակը նման հարստությամբ չի կարող պարծենալ, այն հիմնականում ունի «Գրադ»-ներ և «Սմերչ»-ներ, ընդ որում՝ դրանց թիվը զգալիորեն ավելի քիչ է, քան հակառակորդինը։
Եվս մեկ կարևոր բաղադրիչ, ըստ փորձագետի, զրահատանկային տեխնիկան է։ Ապագայում Հայաստանը ստիպված կլինի փող ծախսել ժամանակակից Т-90 տանկեր և БМП-3 հետևակի մարտական մեքենաներ ձեռք բերելու համար։
Անշուշտ, սպառազինության թվարկված բոլոր համակարգերի գնումը լրացուցիչ մեծ բեռ է տնտեսության վրա։ Ամենայն հավանականությամբ, շատ գնումներ հարկ կլինի անել վարկային միջոցների հաշվին, ինչպես դա արվել է վերջին տարիներին։ Միջոցների պակասը պետք է Հայաստանի ղեկավարությանը ստիպի կշռադատված ծախսել յուրաքանչյուր դոլարը, ճիշտ սահմանել առաջնահերթությունները և հրաժարվել նավթով հարուստ Ադրբեջանի հետ քանակական հավասարության ձգտումից։