Արցախի հերոսի ուժը հակառակորդը զգացել է սեփական մաշկի վրա. Էդգար Մարկոսյանի հերոսական ուղու և բուժման ընթացքի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արցախի հերոսի ուժը հակառակորդը զգացել է սեփական մաշկի վրա. Էդգար Մարկոսյանի հերոսական ուղու և բուժման ընթացքի մասին

Շարքային զինծառայողի կարգավիճակով զորակոչված և Արցախի հերոսի կոչում ստացած 23-ամյա սերժանտ Էդգար Մարկոսյանը երազում է, որ այլևս ոչ մի սերունդ չտեսնի պատերազմական դժվարություններ ու տառապանք։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Էդգարը նշեց, որ կյանքում փորձում է մի կարգախոսով առաջնորդվել․ «Եթե այսօր աշխարհում ամեն մեկն իր գործն անի, ապա ամեն ինչ իր հունով կընթանա»։ Էդգարի համար կարևոր հարցերից մեկն է դարձել նաև այն, թե ինչպես պետք է հաղթահարել հետպատերազմյան երկրի խնդիրները։

Կիբեռնետիկայի ֆակուլտետի «Արցախի հերոս» ուսանողը

Նա ծնունդով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից է, սակայն այնտեղ ապրել է մինչև 5 տարեկան, ապա ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Հարցազրույցի համար Էդգարի հետ պետք է հանդիպեինք երևանյան այգիներից մեկում, սակայն ցուրտ եղանակի պատճառով ինքն ու իր մայրը՝ տիկին Անահիտը, ինձ և լուսանկարչին հյուրընկալեցին իրենց տանը։ Բավականին ջերմ ընդունելության արժանացանք։ Սկսեցին զրուցել Էդգարի հետաքրքրությունների, դպրոցական և ուսանողական տարիների մասին.

«Երևանում եմ սկսել դպրոց հաճախել, որտեղ բավականին լավ էի սովորում։ Դպրոցում էլ լավ եմ սովորել, բարձր գնահատականներով։ 9-րդ դասարանը կարմիր ատեստատով եմ ավարտել, ավագ դպրոցում էլ պարապում էի համալսարան ընդունվելու  համար, ավելի շատ ուշադրություն էի դարձնում հիմնական առարկաների վրա, որոնք ինձ հետագայում պետք կգային համալսարան ընդունվելու համար։ Դպրոցն ավարտելուց հետո, մինչև ծառայության անցնելը, սովորում էի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կիբեռնետիկայի ֆակուլտետում։ Մասնագիտությունս ընտրելիս տատանվում էի՝ էլեկտրոնային տեխնիկայի և ծրագրավորման միջև։ Ծրագրավորումը հնարավոր է տարբեր դասընթացների միջոցով սովորել, առանց բարձրագույն կրթության, դրա համար որոշեցի ունենալ հստակ մասնագիտություն, իսկ ծրագրավորումն էլ կարող եմ համատեղել»։

Պատմում է, որ համալսարանական կյանքը շատ հետաքրքրիր է անցել, ուսանողական խորհրդի անդամ է եղել, որի շրջանակներում հաճախ ճամբարներ ու տարբեր հավաքներ են կազմակերպել։

«Հանքավանում ճամբար էինք կազմակերպել, և տարբեր համալսարաններից, ինչպես նաև Արցախից պատվիրակություններ էինք հրավիրել։ Այդ ժամանակ ձեռք բերեցի շատ լավ ընկեր, ում անունն Արթուր է, և նա դարձավ արցախցի իմ առաջին ընկերը։ Հետագայում, երբ գնացի ծառայության, արցախյան շրջապատս ընդլայնվեց»։

Բակալավրից հետո անվճար հիմունքներով Էդգարն ընդունվել է մագիստրատուրա։ Այդ ժամանակ տարկետման հնարավորություն է ունեցել, սակայն որոշել է սկզբում հայրենիքի հանդեպ պարտքը կատարել՝ գնալ ծառայության։

Էդգարը  հետաքրքրությունների մեծ շրջանակ ունի

Էդգարը հետաքրքրությունների մեծ շրջանակ ունի՝ սպորտ, ծրագրավորում, հատուկ էֆեկտներով վիդեոների պատրաստում և այլն։

«Լողով եմ զբաղվել, առողջությունս էլ ավելի ամրապնդելու համար հաճախել եմ նաև մարզասրահ։ Սպորտից բացի, շատ այլ բաներով եմ զբաղվել՝ աշխատել եմ շինարարական ընկերությունում՝ էլեկտրոնային հաշիվների վրա՝ ծրագրերի ուղղությամբ, ավելի շատ հաշվետար էի։ Հատուկ էֆեկտներով վիդեոներ էլ եմ սարքել։ Ընկերոջս հետ հարսանիքների, ծնունդների ու կնունքների վիդեոներ էինք սարքում»,-պատմում է Էդգարը. նա սիրում է մշտապես զբաղված լինել, փառք է տալիս Աստծուն, որ երբեք ոչնչի կարիք չի ունեցել, սակայն սիրել է, որ իր գումարն ինքը վաստակի։

Երազանքները մեկ նպատակի համար են

Էդգարն այսօր երազում է, որպեսզի երկրում այլևս պատերազմ չլինի, խաղաղություն տիրի.

«Երազում եմ, որ մեր սերունդներ այլևս չտեսնեն այն ամենն ինչ մենք տեսանք ու չունենանք զոհ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Այդ ամենին կարող ենք հասնել շատ պարզ ձևով, ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր ոք զբաղվի իր գործով, օրինակ՝ վարսավիրը հենց վարսավիրությամբ զբաղվի, հաշվապահը՝ հաշվապահությամբ, քաղաքական գործիչն էլ իր գործի մասնագետը լինի և այլն։ Այդպիսով, ամեն ինչ իր հունով կընթանա, բոլորն իրենց ոլորտներում համապատասխան հարկերը կմուծեն, ինչի արդյունքում էլ բյուջեում գոյացած այդ գումարները հնարավոր կլինի ուղղել մեր բանակի հզորացմանը։ Այս ամենից էլ կբխի այն, որ ազգ-բանակ բանաձևով շատ հարցեր ճիշտ ու անվտանգ լուծում կստանան»:

Ինքն անձամբ զբաղված է իր մասնագիտության շրջանակներում աշխատանքներ կատարելով, ասում է, որ բանակում էլ հմտացել է մեկ զինատեսակի վրա և դրա շնորհիվ Արցախյան 44-րդ պատերազմի ժամանակ կարողացել է հասնել լավ արդյունքի՝ խոցելով հակառակորդի 10 տանկ։

1.5 տարվա ժամկետային զինծառայող Էդգարը Կոռնետ մարտկոցի դասակի հրամանատարի տեղակալն է

Նա այս պահին էլ ծառայության մեջ է՝ հրետանային գնդում, Կոռնետ մարտկոցի դասակի հրամանատարի տեղակալն է և առաջին հաշվարկի հրամանատար. «Այս պահին ծառայության մեջ եմ, ուղղակի պատերազմի ընթացքում բավականին լուրջ խնդիր եմ ձեռք բերել՝ ողնաշարի ճաք, պետք է վիրահատվեմ։ Բավականին ագրեսիվ ճաք է, մոտ 50 տոկոսը պետք է լցվի»։

Վեց ամիս Էդգարը ծառայել է Գյումրու հակատանկային ուսումնական զորամասում, որտեղ անցել է ուսումնական փուլը, ինչից հետո տեղափոխվել է Արցախ՝ Մարտակերտի շրջան, իր հիմնական զորամաս։ Այնտեղ, արդեն, սերժանտի կոչումով զենքի հաշվարկի հրամանատար է եղել։

«Գյումրիում, երբ սովորում էինք զենքից օգտվել շատ ակտիվ են անցել այդ ամիսները, հետո էլ Արցախում մեր գիտելիքները փոխանցում էինք մեր մարտկոցի ընկերներին։ Բավականին հետաքրքիր է անցել ծառայությունս, սակայն այդքան էլ չեմ մտածել, որ կարող է նման պատերազմ լինել, կարծում էի` եթե ռազմական, հակառակորդի սադրիչ գործողություններ լինեն, ապա գուցե Ապրիլյան պատերազմի նման կարճատև»։

Հակառակորդի տանկերը շարքից դուրս են եկել մեկը մյուսի հետևից

Պատերազմի սկսվելուց մոտ 2-3 օր առաջվանից կենտրոնացման շրջանում տեղակայված հերոս-զինվորն առաջին ժամերից ստացել է իր խնդիրն ու սկսել մեկը մյուսի հետևից խոցել Ադրբեջանի զինուժի տանկերը՝ ընդհանուր առմամբ 10 միավոր։ Միայն թե մորն ասել է, թե պատերազմական գոտուց հեռու են, իրենց տանում են բունկեր, որպեսզի ապահով լինի և, երբ կարիքը զգացվի, այդ ժամանակ էլ գործի կանցնեն, և դեռ անհրաժեշտություն չկա։ Զգուշացրել էր, որ ուշ-ուշ է զանգելու՝ մոտ 2-3 օրը մեկ անգամ, բայց նաև հավաստիացրել, որ իրենց հետ ամեն ինչ լավ է և լավ է լինելու։

Տիկին Անահիտը, միանալով զրույցին, պատմում է իրենց ապրումների մասին։ «Սկզբից ասեմ, թե ինչպես եմ իմացել, որ պատերազմ է սկսվել։ Կիրակի առավոտյան ես արթնացել եմ Ամերիկայում բնակվող ընկերուհուս զանգից: Նա ինձ հարցրեց՝ ինչ տեղեկություն ունեմ տղայիցս, ասացի, ինչ է եղել, վերջինս էլ թե «ոնց չգիտե՞ս, պատերազմ է սկսվել»: Այդ ժամանակ ասացի, որ 3 օր առաջ եմ խոսել ու ամեն ինչ նորմալ էր: Ինքը զանգել էր պատերազմից առաջ՝ ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 25-ին, պատերազմը սկսեց կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, և դրանից հետո, մինչև երեքշաբթի լուր չունեինք նրանից: Պատերազմի սկսվելու օրն առավոտյան աղջիկս՝ Լյուսին (ամուսնացած է – հեղ.), մեր տուն եկավ ու փորձում էինք իրականում հասկանալ ինչ է կատարվում, ինչ է պատահել: Սեպտեմբերի 27-ին, ընդամենը մի քանի վայրկյան քրոջ հետ խոսել էր, բայց ինձ ոչինչ չէին ասել»,- պատմում է մայրը:

Էդգարի զանգերն ընտանիքի համար նորից շնչելու հնարավորություն են եղել

Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 29-ին, աղջկա հետ գնացել է նրանց տուն: Ասում է՝ շենքի կողքին մի փոքրիկ մատուռ կա, որտեղ այդ օրերին պարբերաբար մտել են Աստծուց խաղաղություն խնդրելու։

«Անընդհատ լսում էինք, որ մարտական գործողություններ են, սակայն ինքն էլ մեզ մի քանի օր առաջ հանգստացրել էի, թե 2-րդ գծում է, դեռ բունկերում են, մարտերին չեն մասնակցում: 3-4 օր Էդգարից զանգ չունենալուց հետո, այլևս չէի համբերում, աղջկաս ասացի, որպեսզի գնանք նրանց տան մոտ գտնվող մատուռ։ Մտանք եկեղեցի, մի փոքր նստեցինք ու հենց այդ ժամանակ զանգ եկավ, Էդգարս էր: Հրաշքի էր նման։ Խոսեցինք, ձայնը լսեցինք, մի փոքր հանգստացանք, որ անվնաս է։ Նա կրկին ասաց, որ ամեն ինչ նորմալ է, ինչից հետո կրկին մոտ 3 օր զանգ չկար, հոկտեմբերի 4-ին նա զանգեց, ցանկանում էր իմանալ` տեղյակ ենք, որ Արցախի նախագահն իրեն պարգևատրել է Արցախի հերոսի կոչումով»,-  հուզմունքն աչքերին պատմում է տիկին Անահիտը:

Ընտանիքում որդու Ազգային հերոսի բարձրագույն կոչմանն արժանանալու մասին իմացել են միաժամանակ հեռուստացույցով և Էդգարի ընկերներից մեկից, ով աշխատում է Արցախի հանքերից մեկում։ Այդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, տիկին Անահիտն իր մոր հետ է խոսելիս եղել, տեղեկացրել է, որ Էդգարի հետ ամեն ինչ նորմալ է, անհանգստանալու կարիք չկա։

«Մորս հետ էի խոսում, և այդ հեռախոսազրույցի ընթացքում անդադար նրա ընկերն էր զանգում Արցախից, որոշեցի պատասխանել, անհանգստացա: Նա էլ, թե «շնորհավոր Անահիտ ծյոծյա, հերոսի մամա ես, տղեդ Արցախի հերոս ա, ես հպարտ եմ որ Էդգարն իմ ընկերն ա»: Ես էլ սկզբում չէի հասկանում ինչ է խոսում, մեկ էլ հենց այդ պահին հեռուստացույցով հայտարարում են այդ նույն բանը: Այդ պահին մտովի տեղափոխվեցի մարտի դաշտ, նրան պատկերացրի այդ գործողությունների ժամանակ: Հետո իմացա, որ նրանք եղել են Մարտակերտում, հետո Թալիշում, այնտեղից էլ Եղնիկներ և այդպես շարունակ: Այդտեղ հասկացա, որ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 4-ը, փաստորեն, նա անընդհատ տեղափոխվել է մի վայրից մյուսը:

Մայրը պատմում է, որ հոկտեմբերի 4-ից հետո, երբ իմացել են, որ իրենց որդին իրականում կռվի դաշտում է, ցերեկն ու գիշերը խառնվել են իրար։ Էդգարը սկսել էր ավելի ուշ-ուշ զանգել, մայրն էլ շոկային վիճակում գտնվելու պատճառով, զանգերին չէր կարողանում պատասխանել:

«Աղջիկս նոր էր իր փոքրիկին լույս աշխարհ բերել ու կարծում եմ, որ ինքը եռակի դժվարությամբ այդ օրերն անցկացրեց: Մտածում էր և՛ երեխայի, և՛ իմ, և՛ եղբոր մասին: Իրենք իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներն են, ես նրանց միշտ շնորհակալ կլինեմ ամեն ինչի համար: Այդ օրերին կարծես թե ես պետք է ուժ տայի որդուս, սատարեի նրան, բայց մի օր ծաղիկներ ստացա, պարզվեց էդգարս էր ուղարկել»,- ժպիտով ասում է տիկին Անահիտը:

Նա հիշում է, երբ անգամ 2 օր զանգ չէր լինում, գնում էին եկեղեցի, բակում կամ մատուռի ներսում զանգը գալիս էր՝ Էդգարն էր։ Ասում է, որ շատ մեծ հզորություն և ուժ կա այդ վայրում, և, որ ամեն մի զանգն իրենց համար նորից շնչելու հնարավորություն է եղել: Հեռախոսի ամեն զանգի հետ տիկին Անահիտի սիրտը կարծես կանգ է առել, չգիտեր, երբ պատասխանի, որդու ձայնը կլսի, թե մեկ ուրիշի:

Մոտ մեկ շաբաթ «Կոռնետ» զինատեսակի ռակետները ձեռքով են A կետից B կետ տեղափոխել

Էդգարը պատմում է, որ Եղնիկներից մինչև Մարտակերտ իրենց կողմից պաշտպանվող տարածքներն են եղել: Մեքենաներ են ունեցել, որոնք, սակայն, 3-4 օրում պայթեցվել էին:

«Օրինակ դրանցից մեկն այսպես է պայթեցվել. մեզ կապ տվեցին ու ասացին, որ մի փոքր ներքևում գտնվող դիրքերից մեկը դարձել է տանկավտանգ ուղղություն: Ես էլ զենքս փակեցի, դրեցի մեքենայի մեջ, հետ գնացի, որպեսզի ռակետը վերցնեմ, այդ հատվածում էլ թմբանման տեղ կար, բլրի մի կողմում մենք էինք, մյուսում` թշնամին: Ռակետս վերցրի ու 2-3 ուժեղ պայթյուն լսեցի, արդեն սովորական էին այդ ձայները, մենք էլ զենքերը ձեռքներիս բարձրացանք, որ դեպի մեքենան գնանք, բայց էլ մեքենա չկար: Կապ տվեցինք, ասացինք, որ չենք կարող գալ, քանի որ շատ հեռու էր տարածությունը` մոտ 12 կմ: Եղել են դեպքեր, որ 1-2 կմ տարածությունը ռակետները ձեռքներիս քայլել ենք (հենց դրա արդյունքում է Էդգարը ողնաշարի հատվածում նման վնասվածք ստացել – հեղ․), իհարկե, մեծ դժվարությամբ, բայց հաղթահարել ենք, սակայն 12 կմ բավականին հեռու էր:  Թալիշում էլ 2-3 մեքենա են պայթեցրել, ամեն անգամ Աստված մեզ հետ էր, որ րոպեների կամ վայրկյանների տարբերությամբ մոտ չենք գտնվել»,- ասում է Էդգարը:

Մոտ 7-8 օր ռակետները ձեռքով են մի կետից մեկ այլ կետ տեղափոխել: Մի օր էլ վերցրել է ռակետը, մեջքի հատվածում սուր ցավ զգացել ու անմիջապես գցել ձեռքից: Հրամանատարին զեկուցել են այդ մասին, նա հրահանգել է Էդգարին իջնել, սակայն հերոսը մերժել է, որովհետև մտածել է, թե մկանային ցավ է, կանցնի:

«Այդ օրն այդպես անցկացրի, գիշերը խրամատում քնեցինք, առավոտյան արթնացա, զրահաբաճկոնն էլ վրաս էր, ուզում էի նստել` չկարողացա: Ընկերս՝ Վարդանը, ձեռքը մեկնեց, դժվարությամբ նստեցի, զգացի, որ ավելի է վիճակս վատանում, և արդեն այդ զրահաբաճկոնի քաշն անգամ շատ ծանր էր թվում: Արդեն գիտակցում էի, որ այն վիճակում եմ՝ եթե իմ առջև խնդիր դնեին, չէի կարողանա կատարել, անգամ վազել չէի կարողանա։ Այդ ժամանակ հասկացա, որ կարող եմ զինակից ընկերներիս համար բեռ լինել, որոշեցի իջնել, որպեսզի արագ բուժումս ստանամ և հետ գնամ»,- անկեղծանում է Էդգարը և ասում, որ մինչև հիմա էլ խոնավ օրերին ծնկները ցավում են, սակայն բժիշկն ասել է, որ նորմալ է նման վնասվածքի դեպքում։

Հոկտեմբերի 12-ին արդեն Էդգարն իջել է դիրքերից, որպեսզի բուժում ստանա։

Ողնաշարի վիրահատությանը պատրաստվելու ժամանակ Էդգարը վարակվել է COVID-19-ով

«Արդեն Երևան էի եկել, հիվանդանոցում պառկած էի, ՄՌՏ հետազոտությունից հետո պարզ դարձավ, որ պետք է վիրահատվեմ, օրը նշանակվել էր, արդեն հորմոններ էի ստանում։ Հենց այդ ժամանակ ինձ մոտ հաստատվեց կորոնավիրուսային հիվանդություն։ Բավականին ծանր տարա, թոքաբորբ էր սկսվել, բարձր ջերմություն ունեի։ Քթիս միջնապատը ծռված է, խնդիր ունեմ, ու COVID-ի պատճառով շնչառությունս ավելի էր վատացել, մոտ երկու օր չէի կարողանում շնչել»,- ասում է Էդգարը։

Էդգարը փրկել է գնդապետ Սևակ Աբրահամյանի կյանքը

«Մարտակերտում դիվիզիոնի հրամանատարի դիտակետ կար, նրա մոտ էինք։ Այդ հատվածում 2 հաշվարկով էինք։ Այդ հատվածում հրետանու աջակցում էր կատարվում։ Հրետանուն նշանակետերն այդտեղից են տրվել հատուկ սարքի օգնությամբ։ Տանկեր լինելու դեպքում մենք դրանք խոցում էինք, միմյանց հետ համագործակցում էինք։ Մի պահ այնպես ստացվեց, որ Գրադով խփեցին, կպավ մեր դիտակետի անկյունին, մտածեցի պայթեց ամեն ինչ, հողի տակ ենք, շուրջբոլորն ամեն ինչ սև էր։ Երբ արդեն փոշին իջավ, այդ պահին տեսա, որ մյուս հաշվարկի գնդապետ Սևակ Աբրահամյանը վիրավորվել է, արնահոսում էր։ Բարեբախտաբար, մեզ մոտ բինտ կար, գնդապետի գլուխը կապեցինք (նրանք առանց զրահաբաճկոնի և սաղավարտի են, քանի որ հրետանին կառավարելու համար հարմար չէ – հեղ․)։ Ես թուլացրի իմ զրահաբաճկոնը, մի մասը պահել էի գնդապետ Աբրահամյանի գլխավերևում։ Երբ կրակահերթերը դադարեցին, նրան տարան հոսպիտալ, արդեն բավականին շատ արյուն էր կորցրել»,- պատմում է Էդգարը։

Տիկին Անահիտն էլ հուշում է, երբ Էդգարը հիվանդանոցում է եղել, գնդապետ Աբրահամյանի որդին փնտրել է նրան, որպեսզի շնորհակալություն հայտնի հոր կյանքը փրկելու համար։ «Պատահական հանդիպեցինք, ծանոթացանք միմյանց հետ, այժմ էլ ընկերներ ենք դարձել»,- ասում է Էդգարը։

Պատերազմը ցույց տվեց ․․․

«Եթե խաղաղություն ենք ուզում, ապա պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Այս ամենը պատերազմը ցույց տվեց, սովորեցրեց նաև զգուշություն, բազմաթիվ հարցերի այլ կերպ նայել։ Պատերազմական իրավիճակում խնդիր կատարելիս սեփական կյանքդ մի կողմ ես դնում, այդ ժամանակ 90/10 հարաբերակցությամբ է այդ պահին կյանքն ու մահը։ Մենք հնարավորինս փորձել ենք կատարել մեր առջև դրված խնդիրը և կարծում եմ որոշ չափով հաջողվել է։ Պետք է լուրջ վերաբերվել բանակին, պատերազմական իրավիճակներին, որպեսզի նման դեպքերում կարողանանք լուրջ արդյունքներ գրանցել»,- շեշտում է Էդգարը։

Անկեղծանում է, որ կռվի դաշտում, բնականաբար, վախ եղել է, քանի որ երբ մարդու ուղղությամբ այնպիսի զինատեսակներ են աշխատում, որոնք իրենցից կախված չեն, հանգիստ լինել և չմտածել ուղղակի անհնար է։ Կարծում է՝ եթե որևէ մեկը պատերազմի ժամանակ չի վախենում, ապա առնվազն անգիտակից է։

Վստահեցնում է, որ կյանքի խաղաղ պայմաններում բոլոր խնդիրները լուծելի են։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի



Նման նյութեր