«Տղա ջան, նոր ես քեզ բացատրեցի…»․ Գագիկ Ջհանգիրյան
Advertisement 1000 x 90

«Տղա ջան, նոր ես քեզ բացատրեցի…»․ Գագիկ Ջհանգիրյան

ԲԴԽ անդամի թեկնածու, նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» իշխող խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցը սկսեց նախ բոլորին իրենից փոքր-ինչ հեռու կանգնելու հորդորով՝ համավարակ է: Ապա Ջհանգիրյանի՝ լրագրողների հետ զրույցից կարելի էր տպավորություն ստանալ, թե վերջինս արդեն ԲԴԽ անդամ է:

Լրագրողները նախ Գագիկ Ջհանգիրյանին հիշեցրին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքը վերջինիս մասին, երբ նրան մեղադրում էր նախկին իշխանություններին ծառայելու մեջ, ու հարց հնչեցրին, թե այսօր, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ինչպե՞ս է հավակնում դառնալ ԲԴԽ անդամ:

«Սահմանադրության և կանոնակարգ օրենքի համաձայն, իրավաբան-գիտնականը որևէ այլ ճանապարհ չունի ԲԴԽ կազմում հայտնվելու, բացի խմբակցությունների կողմից առաջադրվելուց: Եվ քանի որ թվապես ավելի փոքր խմբակցությունների կողմից առաջադրումը երաշխիք չի, որ ձայները չեն բավարարելու, որովհետև 3/5 է պահանջվում, ինչպես գիտեք, ընտրության համար, բնականաբար, ես համաձայնել եմ թվապես մեծամասնության խմբակցության կողմից առաջադրվելու հետ: Բայց ես գործադիր իշխանություն չեմ գնում, ես քաղաքական պաշտոն չեմ ստանձնում, ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, ես գնում եմ մասնագիտական աշխատանքի»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Հիշեցմանը, որ ինքը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը անգրագիտություն էր անվանել, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ «ով որ իմ նախագիծը անգրագիտություն է որակում, անգրագետն ինքն է», ու ուղղված հարցին, թե սրանից հետո ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը, նա արձագանքեց.

«Գիտե՞ք, ես հիմա էդպիսի Ձեր գայթակղություններին չեմ տրվի, էդ անցած-գնացած… ես էլ հարյուրավոր լավ էպիզոդներ կարող եմ վկայակոչել իմ ու Փաշինյանի համատեղ քաղաքական գործունեության, որպես կալանավոր, բանտարկյալ՝ գործունեության և այլն, բայց դրա ժամանակը չէ: Էդ խարդավանքներին հիմա չեմ ուզում տրվեմ…

Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս անազատության մեջ մի հոդված է գրել, և հրապարակվել է էդ հոդվածը «Հայկական Ժամանակ» թերթում, որտեղ ինքը հայտարարում էր, որ գտել է Հանրապետության գլխավոր դատախազի թեկնածուին՝ հանձին Գագիկ Ջհանգիրյանի» :

Երեկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը անդրադարձել էր Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածու լինելու լուրին՝ ասելով, թե իր կարծիքով՝ Գագիկ Ջհանգիրյանի չափ փորձառություն ունեցող իրավաբանը չի գնա օրենքի խախտման ճանապարհով՝ նշելով տարիքային շեմի մասին:

Հարցին, թե ԲԴԽ գործող նախագահի հայտարարությանը, որ տարիքային սահմանափակում կա՝ Դատական օրենսգրքին ու Սահմանադրությանը հղում տալով, արձագանքեց իր խոսքով՝ «պարզ ու հասարակ»:

«Էս նույն օրենսգրքով՝ նախկին ՍԴ դատարանի նախագահը 70 տարին լրանալուց հետո ընտրվել է ԲԴԽ նախագահ: Ես էլ ասում եմ, որ, ցավոք սրտի, լավ չեն ուսումնասիրել Դատական օրենսգիրքը: Նայեն հատկապես 86-րդ հոդվածը, որը վերաբերում է լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերին, դուք էլ ընթերցեք 86 հոդվածի դադարման և դադարեցման հիմքերը, Դուք այնտեղ կտեսնեք, որ դատավորների համար տարիքային սահմանափակումը այդ հոդվածում նախատեսվում է, բացի 112 հոդվածի սահմանափակումները, որը թվարկում է, իսկ իրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահման նախատեսված չէ:

Հետևաբար, ասենք, եթե մեկը ընտրվում է 62 տարեկանում, ըստ այդ հայտարարության տրամաբանության, 65-ում ավտոմատ դադարման հիմքը պիտի 86 հոդվածը նախատեսած լիներ: Իսկ այդպիսի բան չկա: Հետևաբար՝ օրենքը մեկնաբանում են ոչ թե որևէ հոդված ընթերցելով․․․ Դուք գիտեք՝ հատկապես դա բնորոշ է ճշգրիտ մասնագիտության տիրապետողներին՝ մաթեմատիկա, ֆիզիկա, երբ մի օրենքի մի դրույթ կարդում են, ասում են՝ «ըհը, էսի էսպես է»:

Օրենքն իր ամբողջ հոդվածների մեկնաբանության մեջ պետք է մեկնաբանել: Եվ ես հատուկ այդ խնդիրն ուսումնասիրել եմ: 65 տարին իրավաբան-գիտնականի համար ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ Դատական օրենսգրքով նախատեսված չէ»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Ջհանգիրյանը պնդում էր, թե ինքը Նիկոլ Փաշինյանի առաջարկով չէ դարձել ԲԴԽ անդամի թեկնածու, ու առհասարակ չի դարձել նրա իշխանության մաս:

«Ինձ առաջարկել է խմբակցությունը, և ոչ թե՝ վարչապետը, իսկ մնացած հարցերում, Դուք գիտեք, ԲԴԽ անդամը պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերի, և որևէ քաղաքական գնահատական ես չեմ տալու»,- ասաց նա:

Հակադարձմանը, թե «Իմ քայլը» վարչապետի խմբակցությունն է, արձագանքեց.

«Ես չգիտեմ՝ դա վարչապետի՞ խմբակցությունն է, թե՞ վարչապետն է այդ խմբակցության վարչապետը: Ա՜յ, Դուք սխալ եք, որովհետև սա պառլամենտական կառավարման համակարգ է, և գործադիր իշխանությունը հաշվետու է Ազգային ժողովին, հասկանո՞ւմ եք: Եվ վարչապետն է այս խմբակցության վարչապետը՝ որպես մեծամասնություն կազմող խմբակցություն, ոչ թե հակառակը»:

Մեկ այլ դիտակման, թե նախկին զինդատախազն ուզում է ասել, որ վարչապետի հրահանգո՞վ չեն իրեն նշանակել, ասաց, թե տեղյակ չէ այդ խոհանոցին:

Ավելի վաղ 168.am-ին հայտնի դարձած տեղեկությունը, որ իր նեղ շրջապատում Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, թե՝ «գնում եմ դատավորներին բռիս մեջ հավաքեմ», վերջինս չափազանցեցված համարեց:

«Դուք ինչ-որ չափազանցեցված բաներ եք ինձ ասում, որովհետև ԲԴԽ-ն կազմված է 10 անդամից՝ 5 դատավոր, 5 իրավաբան: Ես այնտեղ ընդամենը ունեմ 1 ձայն, ինչ-որ «գնում եմ, բուռս հավաքեմ», ես այդպիսի բաներ ո՛չ հայտարարել եմ, ո՛չ էլ ասել եմ»,- նշեց նա:

Արձագանքելով մեկ այլ տեղեկության, թե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իրեն տեսնել ԲԴԽ նախագահի պաշտոնում, Ջհանգիրյանը փոքր-ինչ վրդովված արձագանքեց.

«Տղա ջան, նոր ես քեզ բացատրեցի, որ ԲԴԽ նախագահը գործում է, և ինքը, ինչքան գիտեմ, դեռ տարի և ավելի ժամկետ ունի: Դուք ընկալեցի՞ք իմ ասածը, շնորհակալ եմ»:

Ճեպազրույցի ընթացքում նախկին զինդատախազն ասաց, թե վատ իրավաբան չէ, ամեն ինչ ուսումնասիրել է, նոր համաձայնել: Ապա նշեց, որ ուրախ կլինի, եթե ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ևս իրեն առաջադրեն ԲԴԽ անդամի պաշտոնում, ինչին ինքը կհամաձայնի:

Ջհանգիրյանը նաև նշեց, թե ԲԴԽ անդամների մեծ մասն իր ուսանողներն են, կոլեգաները, այնտեղ վատ մթնոլորտ չի տեսնում ու պատրաստվում է «շատ լավ» աշխատել: Ունի տեսլականը թե՛ դատական համակարգի, թե՛ մնացած իրավապահ մարմինների կառուցվածքի, ֆունկցիաների, գործունեության վերաբերյալ:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ



Նման նյութեր