Արտաքնապես բարետես չէր՝ խստադեմ էր: Գլամուրային չէր: Պճնասեր չէր: Դրա համար ժամանակ չուներ: Ցանկություն էլ: Ծագումն էլ այն չէր, հասարակ էր:
Որքան ինձ հիշում եմ աշխատում էր՝ անդադար: Շատ: Շատ-շատ: Զբաղված էր ամեն ինչով՝ միանգամից: Եվ, նախևառաջ մեզանով՝ պարապ-սարապներով:
Կերակրում էր: Պարմեզաններով և մոցառելլաներով չի կերակրել, այլ՝ սովորական պանրով, երշիկով: Անշուք փաթեթավորմամբ:
Կրթում էր: Քթներս էր մտցնում գրքերը, ակումբները, թատրոնները և կրկեսները: Տոմսը՝ 10 կոպեկ:
Սովորեցնում էր մտածել, եզրակացություններ անել: Կասկածել և հաղթել: Ջանում էինք ամեն ինչ հաղթահարել: Որքան ստացվում էր: Կամակոր էլ էինք: Քիթներս վեր ցցած:
Մեծանում, խելացի մտքերի տեր էինք դառնում, կոչումներ և մեդալներ ստանում: Եվ ոչինչ չէինք հասկանում: Չնայած, համարում էինք, որ ամեն ինչ գիտենք:
Իսկ նա նորից և նորից մեզ ուղարկում էր ինստիտուտներ, համալսարաններ: Գործարաններ և մարզադաշտեր: Կոլխոզներ: Շինհրապարակներ: Հեռավոր շինարարությունների: Տիեզերք: Անընդհատ ինչ-որ տեղ էր մեզ տանում: Հետևից թեթև բրդում էր, հետո հեռանում, և հեռվից նայում էր, թե ինչ ենք կարողանում անել:
Առատաձեռն չէր: Տնտես էր: Խնայող:
Երես չէր տալիս արտասահմանյան բարիքներով: Գերադասում էր տանը պատրաստածը: Սակայն, ոչ հաճախ նվերներ էր անում. ամերիկյան ֆիլմեր, գերմանական կոշիկներ, ֆիննական վերարկուներ, ֆրանսիական օծանելիք…
Բոլորը բարձրակարգ, որակով, դե՝ նվերներ էին, այլ կերպ չէր էլ կարող լինել:
Բոլորով ուրախանում էինք, աղմուկով, երեխայի պես…
Հոգոց էր հանում: Լուռ էր: Եվ նորից կառուցում էր, կառուցում… կերակրում էր, կրթում էր…
Մեզ էլ չէր հերիքում: Երես առած երեխաներ էինք, որ չգիտեին, թե ինչ բան է դժբախտությունը: Քիչ է՝ ասում էինք:
Եվ մի օր բողոքեցինք, զայրացանք:
Չզարմացավ: Ամեն ինչ հասկանում էր: Ոչինչ չասաց: Ծանր հոգոց հանեց և հեռացավ: Ընդմիշտ:
Չնեղացավ: Ամեն ինչի սովոր էր:
Կատարյալ չէր, ինքն էլ դա լավ գիտեր: Սխալվում էր, երբեմն՝ լուրջ, հիմնականում՝ ողբերգական սխալներով էր ներկայանում աշխարհին և մեզ:
Սխալվում էր՝ մեր օգտին: Պարզապես շատ էր մեզ սիրում: Աշխատում էր ցույց չտալ: Սիրում էր առավել, քան մենք արժանի էինք: Կարծում էինք, թե վաղուց արդեն մեծ ենք: Վստահ էինք, բայց…
Սխալվեցինք, իսկ նա ՝ ոչ:
Նա հերթական անգամ իրավացի էր: Չվիճեց՝ հեռացավ: Առանց կրակոց: Անաղմուկ: Թողեց մեզ, որ անենք այն, ինչ ուզում ենք:
Ահա, այդ օրվանից այսպես էլ ապրում ենք: Եվ հիմա, ամեն ինչ գիտենք: Գիտենք, թե ինչ բան է ողբերգությունը:
Երջանի՞կ ենք: Չգիտեմ:
Մի բան գիտեմ. որքա՜ն ասելիք ունեինք նրան այն ժամանակ, որ չասացինք: Մենք պատանեկան լկտիության համար վարձահատույց եղանք: Շատ բան տեսանք, հասկացանք, որ տհաս խելքով այն ժամանակ չէինք ընկալում:
Շնորհակալություն: Վատ խոսքերով մեզ չհիշես: Ներիր: Ամեն բանի համար՝ Խորհրդային Հայրենիք: