«Ֆիլիպ Կիրկորով և Ալլա Պուգաչովա զույգից մենք խիստ տարբեր ենք» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ֆիլիպ Կիրկորով և Ալլա Պուգաչովա զույգից մենք խիստ տարբեր ենք»

Ճանաչված երգչուհի Նունե Եսայանի և Գ. Սունդուկյանի անվան թատրոնի երիտասարդ դերասան Ավո Խալաթյանի` համատեղ կյանք վարելու  որոշումն անսպասելի էր, սակայն  ուրախությամբ ընդունվեց ինչպես արվեստագետների նեղ շրջանակի, այնպես էլ հասարակության լայն շերտերի կողմից: Նրանց միության մասին տարբեր լուրեր են շրջում: Հատկապես Նունե Եսայանի երկրպագուները վաղուց են սպասում իրենց սիրելի զույգի մասին հարցերի անկեղծ պատասխաններին: Նունեն, իր իսկ խոսքերով, արդեն պատրաստ է այդ կապակցությամբ պատասխանել բոլոր հարցերին: 

 

– Նունե, հիմա քեզ համար բախտորոշ ժամանակաշրջան է: Դու արդեն ընտրություն ես կատարել, ունես կյանքի ուղեկից և շուտով մայրանալու ես, ինչը բազմաթիվ ասեկոսեների առիթ է դարձել: Մեկ տարուց ավելի է՝ համառորեն լուրեր էին պտտվում, որ դուք միասին եք: Շատերի համար դա այլևս գաղտնիք չէր: Չե՞ս կարծում, որ բամբասանքները ծնվում են նաև հարցազրույցներից խուսափելու, հասարակության հետաքրքրությունը չբավարարելու պատճառով, քանի որ մարդիկ ինֆորմացիայի վակուումը լրացնում են իրենց իսկ հորինած վարկածներով:

– Չգիտեմ՝ գոյություն ունի՞ որևէ մեկը, ով չի խուսափի իր անձնական կյանքի մանրամասներն անգամ հարևաններից պահել: Բայց ես բոլորովին չեմ խուսափում, որովհետև վաղուց հասկացել եմ, որ դրանից խուսափելն անիմաստ է: Յուրաքանչյուր մարդ (ինձ չբացառենք, պարզապես, ես բոլորի աչքի առաջ եմ), եթե ինչ-որ հարաբերություն է սկսում և դեռ չգիտի, թե այն ինչ շարունակություն է ունենալու, սկզբնական շրջանում դեռ չի կարող հստակ պատասխան ունենալ: Ժամանակին նույնիսկ ծնողներիս հարցերին պատասխան չունեի: Բայց հիմա ես վստահորեն համոզված եմ և պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին: Հասունացավ այդ պահը, և մենք հասկացանք, թե ինչ ենք ուզում: Մենք մեզ ամուսիններ ենք համարում, ճիշտ է, եկեղեցիով և ԶԱԳՍ-ով դեռ չենք օրինականացրել մեր միությունը, բայց դրանք այնպիսի պաշտոնական արարողություններ են, որոնց չլինելը չի խանգարում, որ մենք մեզ լիարժեք ամուսիններ համարենք: Գոնե ինձ համար դա բոլորովին պարտադիր չէ: Մենք այնքան մտերիմ ենք ընտանիքներով, որ այդ թղթերի պակասությունը բնավ չի խոչընդոտում մեր հարաբերություններին: Եվ հիմա արդեն երեխան էլ կծնվի…

– Երեխայի սեռն արդեն գիտե՞ս: Հայաստանո՞ւմ ես ծննդաբերելու:

– Այո, Հայաստանում եմ ծննդաբերելու, ունեմ իմ բժիշկը և գտնվում եմ հսկողության տակ: Ապագա երեխայի սեռը պարզել ենք` տղա է և ծնվելու է նոյեմբեր ամսին: Արդեն անունն էլ ենք որոշել: Նա կկրի Ավոյի հոր անունը` Հենրի: Այլ տարբերակ չկա:

pizap.com14704088605761

– Երբ առաջին անգամ տեսար Ավո Խալաթյանին, մտքովդ անցնո՞ւմ էր, որ նման լուրջ հարաբերությունների է հանգելու ձեր հանդիպումը: Կպատմե՞ս, ինչպե՞ս եք ծանոթացել: Ասում են, որ բախտորոշ այդ հանդիպումը օդանավակայանում է տեղի ունեցել, այն էլ` անձրևի տակ:

– Նման ռոմանտիկ հանդիպում չի եղել: Ոչ թե պատահական ենք ծանոթացել, այլ իմ նախաձեռնած ծրագրով մեկնել էինք Ֆրանսիա` հյուրախաղերի: Դա 2005 թվականին էր: Իրապես, Փարիզում երկուսով քայլել ենք անձրևի տակ, բայց արդեն մտերմանալուց հետո: Յուրաքանչյուր կին կարող է ունենալ զգացմունքներ: Թաքցնելու բան չկա, տարիքային տարբերությունը մեծ էր, դրա համար մենք շատ զգույշ էինք: Գուցե Աստված ուզեց, որ հենց այսպես ստացվի: Մենք անընդհատ մտասևեռված էինք մեր տարիքային տարբերության վրա: Մտածում էինք, որ չի կարելի, ամոթ է, ճիշտ չէ: Ես ինքս հասուն եմ և մտածում էի, որ գուցե ես եմ սխալ, նա մի քիչ ավելի երիտասարդ է, զգացմունքներով կարող է առաջնորդվել, իսկ ես միայն զգացմունքներով առաջնորդվելու իրավունք չունեի: Հակված էինք ենթադրել, որ պետք է ուղեղով դատել, բայց հետո հասկացանք, որ ինչքան կարող ենք զսպել մեր զգացմունքները: Թող ինչ լինելու է՝ լինի, Աստված վերևից ամեն ինչ իր տեղը կդնի, և այդպես էլ եղավ: Ի վերջո, Ավոն էլ հասուն մարդ է:

– Ինչ-որ մի դիպված կամ հանգամանք եղա՞վ, որն ամրապնդեց ձեր միությունը:

– Յուրաքանչյուր բան ժամանակ է պահանջում, մանավանդ ընտանեկան լուրջ հարաբերությունները հստակեցման բավականին երկար ժամանակ են պահանջում: Բնականաբար, մենք միանգամից չորոշեցինք, որ միասին ենք լինելու: Հաստատ մեկ տարի տևեց: Մեր ծնողները, բնականաբար, վաղուց էին տեղյակ մեր հարաբերությունների մասին: Պատկերացրեք, որ ոչ մի կողմից քննադատություն կամ խորհուրդներ չեն հնչել: Չի եղել նաև ոչ մի խոչընդոտ:

– Իսկ մայրանալուց առաջ անսովոր զգացողություններ ունե՞ս:

– Չեմ կարող ասել, թե այնպիսի հեքիաթային զգացողություններ ունեմ, որ զարմացնում են ինձ կամ շրջապատին: Թեպետ, ընկերներս ասում են, որ փոխվել եմ, դեմքիս հանգստություն է իջել, միգուցե… Ես շատ լավ հասկանում եմ, որ նոր մարդ է հասունանում, որը պիտի ծնվի: Եվ անընդհատ այն մասին եմ մտածում, թե ո՞վ և ինչպիսի՞ն է լինելու, ինչպե՞ս պիտի դաստիարակեմ:

– Տագնապ կա՞:

– Տագնապ չկա, կա պարտավորեցնող ինչ-որ մի բան: Լավ մայր լինելը բարդ ու պարտավորեցնող է: Դրան եմ պատրաստվում:

– Այս պահին ստեղծագործական կյանքդ պասի՞վ վիճակում է:

– Ստեղծագործական կյանքը շատ բուռն է, ես երգեր եմ ձայնագրում: Այն կանգ չի առել, ուղղակի ոչ ոք չի տեսնում: Պարզապես բեմ չեմ բարձրանում: Հատուկ Ավոյի համար ես խոշոր նախագիծ եմ ձեռնարկել` Գ. Սունդուկյանի անվան թատրոնում հիմա նոր ներկայացում է բեմադրվում, որի հեղինակը Վահրամ Սահակյանն է, բեմադրիչը` Արթուր Սահակյանը, իսկ պրոդյուսերը ես եմ: Ներկայացումը, որտեղ ընդգրկված են 10 դերասաններ, նախնական տարբերակով կոչվում է «Երկու ընկեր` չհաշված կյանք», հանդիսատեսի դատին կհանձնենք սեպտեմբերի վերջին: Մինչ այսօր Ավոն շատ մրցանակներ է ունեցել, բայց դրա մասին քիչ է խոսվել: Հիմա կա մեկը, ով պատրաստ է ներկայացնելու նրա տաղանդը: Քանի որ ես հիմա համեմատաբար պասիվ վիճակում եմ, համերգներ չկան, ի ցույց կդնենք Ավոյի ողջ կարողությունները: Նույնիսկ «Երկու աստղ» նախագծին համաձայնեցի մասնակցել, որ Ավոն սփյուռքում և Հայաստանում ավելի մեծ ճանաչում ունենա:

– Վերջերս տեղի ունեցած 2 համերգային երեկոները Շուշան Պետրոսյանի հետ, հղի երկու երգչուհիների համար եկամտաբեր բիզնե՞ս էր հետապնդում, թե՞ մայրանալու առթիվ հաջողված անոնս էր:

– Հղիության առաջին իսկ վայրկյանից որոշել էի, որ որևէ համերգի չեմ մասնակցելու: Իսկ երբ «Երկու աստղ» նախագիծն ընթացքի մեջ էր, մտածեցի` ավարտվի, էլ ոչինչ չի լինելու: Հետո «ԷՅ Էյ Դի» պրոդյուսերական կենտրոնն առաջարկեց համերգ կազմակերպել: Սկզբնական շրջանում հրաժարվեցի: Հետո նրանք հետաքրքիր վերնագիր առաջարկեցին` «Մայրանալուց առաջ»: Հենց այդ գիշեր գեղեցիկ մտահղացում ծնվեց ինձ մոտ` համերգային ծրագիր իրականացնել Շուշան Պետրոսյանի հետ, քանի որ նաև լավ լուր ունեի, որ նա էլ է հղի: Նախ Շուշանի հետ խոսեցի, որն ուրախությամբ ընդունեց առաջարկս: Երբեք երկուսով մենահամերգ չէինք ունեցել: Ու քանի որ միասին էինք սկսել երգել, և համընկավ, որ նույն ժամանակահատվածում երկուսս էլ հղի էինք, իրականացրեցինք մտահղացումը: Շուշանի անսպառ էներգիան բեմում փոխարինեց հազարավոր պարային խմբերին և երաժիշտներին: Գոնե ինձ համար այն շատ տարբեր ու հաճելի համերգային ծրագիր էր:

– Ինչպե՞ս ես վերաբերվում այն մոտեցմանը, երբ Նունե Եսայան և Ավո Խալաթյան զույգին նմանեցնում են ռուսական էստրադայի ներկայացուցիչներ Ալլա Պուգաչովային և Ֆիլիպ Կիրկորովին:

– Իմ կարծիքով՝ Պուգաչովայի և Կիրկորովի միությունն ի սկզբանե լավ կազմակերպված շոու էր: Հայերի համար նման շոու անելը բարդ է: Ես զգում էի, որ այդ միությունը երկար չի տևելու, որովհետև այլ նպատակ կար դրա տակ: Մեզ մոտ ուրիշ է. ժողովուրդն է կարծես մեզ ղեկավարում ու թելադրում: Մի փոքր սխալ շարժում, և միանգամից համապատասխան ռեակցիան է հաջորդում… Համենայնդեպս, Ֆիլիպ Կիրկորով և Ալլա Պուգաչովա զույգից մենք խիստ տարբեր ենք: Որքան ես գիտեմ՝ բոլորը շատ ուրախ են և արդարացնում են մեր միությունը: Ինձ համար շատ կարևոր է, որ հատկապես մեծահասակներն են ողջունում:

– Նունե, դու առաջիններից էիր, որ շոու-բիզնեսին զուգահեռ՝ մուտք գործեցիր նաև այլ բիզնես` բացելով քո գեղեցկության սրահը: Իբրև բիզնես-լեդի՝ ինչո՞ւ նախընտրեցիր հենց այդ բնագավառը:

– Գեղեցկության սրահն արվեստի հետ սերտ առնչություն ունի: 7 տարի առաջ եմ հիմնել սրահը: Ներկայիս սարսափելի գների համեմատ, անշարժ գույքի գներն այդ տարիներին շատ էժան էին, և ես ինձ բախտավոր եմ համարում, որ ձեռք բերեցի այդ փոքրիկ անկյունը: Երբ զբաղվում ես շոու-բիզնեսով և լիովին հասկանում ես այդ բառակապակցության իմաստը, սկսում ես հասկանալ բիզնեսի օրենքները: Այն մարդիկ, որ ինձ օգնել են, որ ես իմ կարիերայում հաջողակ լինեմ, ինձ սովորեցրել են, որ բացի լավ երգելուց, լավ տեսք ունենալուց, խելացի մարդկանցով շրջապատված լինելով` պետք է հասկանալ բիզնեսի օրենքները: Եվ հենց դրա պակասն ունեն մեր չակերտավոր շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Յուրաքանչյուր բիզնեսում ամենակարևոր պայմանը որոշակի ժամկետներում ներդրված գումարների վերադարձելիությունն է: Եթե գումարդ ետ չես վերադարձնելու, ուրեմն դա չպետք է անվանել շոու-բիզնես: Կարող են ասել` մենք զբաղվում ենք երգով կամ պարում ենք: Օրինակ, այսօր շենքեր են կառուցում, բայց ավտոկայանատեղիներ չեն կառուցում, որովհետև դա այնպիսի բիզնես է, որ ներդրած գումարները կաթիլ առ կաթիլ պետք է հավաքագրել: Խոշոր բիզնեսմենները ձգտում են կարճ ժամկետներում մեծ շահույթ բերող գործունեություն սկսել, ինչը փոքր Հայաստանում բարդություններ կարող է առաջացնել: Սա ընդամենը մի օրինակ է, իսկ այդպիսիք շատ են, և կարելի է անվերջ թվարկել:

– Դու քեզ հաջողակ բիզնեսմեն համարո՞ւմ ես:

– Ես, նախ, իմ կարիերայի առումով ըմբռնեցի բիզնեսի իմաստը: Դրանից հետո կարելի է յուրաքանչյուր բնագավառում բիզնես ծավալել: Երբ ես հիմնադրեցի այս փոքրիկ բիզնեսը, նպատակս բոլորովին այլ էր: Ես մեծ ընտանիք ունեմ` հայրս, մայրս և մենք՝ երեք երեխաներս, գումարած` նրանց ամուսիններն ու երեխաները: Այդ ժամանակ նրանք աշխատանք չունեին, ես որոշեցի մի տեղ ունենալ, որը հետագայում ինձ համար և եկամտի աղբյուր կլինի, և, ամենակարևորը, իմ հարազատները գործ կունենան: Սրահում հիմնականում իմ հարազատներն են աշխատում:

– Հաճախակի՞ ես օգտվում քո հիմնած սրահի ծառայություններից, և քեզ գոհացնո՞ւմ է այնտեղ մատուցվող որակը:

– Այո, ես այնտեղ եմ գեղեցկանում: Բնականաբար, եթե ինչ-որ բան էլ ինձ դուր չի գալիս, ես պարտավոր եմ օգտվել հենց այս գեղեցկության սրահի առաջարկած ծառայություններից: Դա էլ է բխում բիզնեսի օրենքներից: Ինչպե՞ս կարող ես ինչ-որ բան արտադրել և չօգտվել դրանից: Ինչևէ, սա ոչ թե ընտանեկան բիզնես է, այլ հանուն ընտանիքի բիզնես, որին ես ժամանակ առ ժամանակ հետևում եմ:

– Իսկ ինչո՞ւ այս 7 տարիների ընթացքում չես ընդլայնել բիզնեսդ:

– Որովհետև ի սկզբանե նպատակ չէի դրել այս բիզնեսով մեծ գումարներ վաստակել: Քանի որ կարողանում եմ իմ երգարվեստի բիզնեսը կառավարել, դեռ չեմ ուզում ուրիշ գործերով զբաղվել, որովհետև համարում եմ, որ այն շատ ժամանակ է խլում, ու արդեն եկամտաբեր է: Չեմ սիրում ձեռքս ամեն ինչի մեկնել և կիսատ արդյունք ստանալ: Ես սիրում եմ իդեալական աշխատանք:

– Կին ղեկավարին բնավորության որոշակի հատկանիշներ հարկավո՞ր են:

– Կապ չունի՝ կի՞ն ես, թե՞ տղամարդ: Նախ, որպեսզի ղեկավարին հարգեն, սիրելն այստեղ շատ հարաբերական հասկացություն է, կարևորը վերահսկողությունն է, աշխատողներին հսկելու կարողությունը: Պետք է հասնել նրան, որ քո մասին վատ չխոսեն, ինչ-որ տեղ՝ նաև վախենան: Ղեկավարին պետք չէ, որ սիրեն, նրանից պետք է վախենան: Մանավանդ հայերը երբեք չեն ուզում գիտակցել և գնահատել իրենց ղեկավարի խելքը, միտքը, կարողությունները: Աշխատողներին միշտ թվում է, թե այդ ամենն իրենց շնորհիվ է ստեղծվել: Մի քիչ ընկերական եղար, անպայման գործը կտուժի. սա հային բնորոշ բնավորություն է: Գործատուն աշխատողներից ժամկետ պետք է պահանջի` շատ կտրուկ միջոցների դիմելով:

– Իսկ արդյո՞ք ղեկավար ու առաջնորդ Նունե Եսայանը հեշտ գոյակցելի է համատեղ կյանքում: Քո լիդերության հետ հաշվի նստո՞ւմ է Ավո Խալաթյանը:

– Ես, ուզեմ թե չուզեմ, սովորել եմ լիդեր լինելուն, սակայն եթե անհրաժեշտ է, շատ հանգիստ ու խելոք կարող եմ ենթարկվել` դիմացինիս թույլատրելով լինել առաջնորդ: Ես նրա կինն եմ, բնականաբար, մեր ընտանեկան հարաբերություններում լիդերն ինքն է: Ինչ վերաբերում է գործնական հարաբերություններին, ապա փոխըմբռնման ենք գնում: Պետք է դիմացինին թույլ տալ արտահայտվել: Երբ փորձես միայն քոնը պնդել, յուրաքանչյուր հարաբերություն կարող է տուժել:

Հարցազրույցը վարեց Նաիրա Մարտիրոսյանը

«3 Միլիոն»