Օրեր առաջ պատերազմում ձեռքերը կորցրած Վարազդատի ու նրա սիրելիի` Սոնայի նշանադրությունն էր։ Վարազդատն ու եղբայրը վիրավորվել են նույն օրը, 26-ամյա տղան ձեռքերը կորցրել է եղբորը փրկելիս։ Sputnik Արմենիայի թիմը եղել է Ծովագյուղում, զրուցել է Վարազդատի հետ։
Վաղ առավոտյան ճանապարհ ենք ընկնում Ծովագյուղ։ Աշխատանքիս 16 տարիների ընթացքում առաջին անգամ ուզում եմ, որ պատմությանս հերոսին հասնելու ճանապարհն ավելի երկար լինի, մտածելու, ճիշտ բառեր գտնելու ժամանակը՝ ավելի շատ։ Հասնում ենք։ Մեզ դիմավորում է բարձրահասակ, սիրունատես ու ժպտադեմ Վարազդատը՝ երկու ձեռքերը պատերազմում թողած հերոսս։ Հյուրասենյակը, որտեղ հարցազրույցը պետք է անցկացնենք, բազմամարդ է. ծնողներն են, քույրերը, եղբոր կինը, վազվզող փոքրիկներ ու սիրուն Սոնան՝ Վարազդատի նշանածը։
Զրույցն անբնական կմկմոցով եմ սկսում։ Ամենից շատ խուսափում եմ մոր՝ տիկին Լիանայի հայացքից. կծկվել է մեծ բազկաթոռի մի անկյունում, որ հերթական անգամ լսի որդու պատմությունը։
Վարազդատ Սանեյանի մայրը` տիկին Լիանան
Վարազդատը սկսում է խոսել, լարվածությունս չքանում է։ Ծանրագույն օրերի մասին հերոսս խոսում է զարմանալի թեթևությամբ ու հումորով։