Ղանդիլյանների ընտանիքում ևս պատերազմը իր հետքը թողել է՝ կյանքը բաժանելով երկու մասի՝ մինչ պատերազմը և պատերազմից հետո: Պատերազմից առաջ իրենք երջանիկ ընտանիք էին, համեստ կենցաղով ապրող մարդիկ: Պատերազմը Ղանդիլյանների ընտանիքից խլել է իրենց 19-ամյա որդուն:
Գառնիկ Ղանդիլյանը պատերազմի ժամանակ տասը ամսվա զինծառայող էր, ծառայում էր Ստեփանակերտի զորամասում, վարորդ էր:
Գառնիկի մայրը՝ տիկին Հռիփսիմեն, պատմում է, որ միշտ ուզեցել է, որ որդին ծառայի.
«Բայց հենց ծանուցագիրը ձեռքին ներս մտավ, ես կորստի ցավ զգացի, չգիտեմ դա ինչ զգացողություն էր… պինդ գրկեցի Գառնիկիս ու լաց եղա։ Ասաց՝ մամ, ինչի՞ ես լաց լինում, տղեդ գնում է ծառայելու, հպարտացիր, զինվորի մամա ես լինելու: Ասացի՝ ես քեզնով միշտ եմ հպարտ: Ասում էր՝ մամ, աշխարհում առաջին տեղում գիտես, որ դու ես ինձ համար: Ծառայությունից միշտ գոհ էր, միայն դժգոհում էր, որ տուն չի կարող գալ: Ինը ամիս չէի տեսել, սպասում էի, ասում էի՝ տղաս գա զինվորական համազգեստով տեսնեմ, ասում էի՝ Աստված ջան, շնորհակալ եմ, որ ինձ նման երջանկություն ես պարգևել: Հենց զորամաս էի զանգում, ասում էի՝ Գառնիկի մաման եմ, ջղայնանում էր, ասում էր՝ մամ, Գառնիկ ես քեզ համար եմ, էստեղ ես Գռնոն եմ: Ոչնչից չէր դժգոհում, չէր տրտնջում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Գառնիկի մայրը:
Հռիփսիմե Ղանդիլյանը պատմում է, որ տղան չի ասել, որ կռիվների մեջ է և ամենաթեժ տեղերում է: Նախքան պատերազմը խոսել էի Գառնիկի հետ, ոչինչ չէր ասում, ասում էր՝ մամ ջան, ամեն ինչ նորմալ է, գնամ քնեմ, հոգնած եմ: Առավոտյան զանգեցի, չկարողացա կապի դուրս գալ. ընկերները հետո զանգեցին ասացին, որ տղայիս հետ ամեն ինչ նորմալ է:
Հաջորդ օրը ինձ նամակ էր գրել. «Մամ, ցավդ տանեմ, ամեն ինչ նորմալ է. մի անհանգստացիր, ուղղակի ամբողջ Ղարաբաղում կապ չկա: Բնավորությունս գիտենալով՝ զանգում էր, գիտեր, որ զանգը ուշանա, կլացեմ, ինձ վատ կզգամ: Պատերազմի ընթացքում էլ ոչնչից չէր դժգոհում, չի տրտնջացել… չէր ասում, որ պատերազմի մեջ է, ինձ հմտորեն խաբում էր՝ ասելով, որ ինքը չի կռվում, բայց ինքը թեժ կռիվների մեջ է եղել՝ պատերազմի հենց առաջին իսկ օրերից: Պատերազմի ժամանակ եղել է Մարտակերտում, Հադրութում, Օմարի լեռներում, զոհվել է Կարմիր շուկայում: Որդիս զոհվել է նոյեմբերի 9-ին փաստաթղթի ստորագրելուց 2 ժամ հետո: Ոտքերի գլխավոր երակներն էր վնասվել, ոտքն է կոտրված եղել: Գառնիկը վարորդ էր և՛ պատերազմի ժամանակ, և՛ առհասարակ, երևի պատկերացնում եք՝ ինչպիսի պատասխանատվություն է իրենից ներկայացնում, այսինքն՝ տղերքին ճիշտ ժամանակին պիտի հաց, հագուստ, զենք-զինամթերք հասցվեր։
44 օր իմ տղեն կռիվ է տվել, զինվորների կյանքեր փրկել, դիրքերից վիրավոր տղերքին է իջեցրել, ու ես էդ մասին հրամանատարից ու զինծառայակից ընկերներից եմ լսել: Ընկերները պատմում էին, որ առանց Գռնո ամեն ինչ սուտ է, Գռնոն մեր ժպիտի հեղինակն էր, իր ներկայությունն էլ հերիք էր, որ մենք ուրախ լինեինք:
Բնավորությամբ շատ բարի էր, խղճով, հոգատար, հասնող, նվիրված: Բոլորին էր պատրաստ օգնելու: Թասիբով էր, նպատակասլաց. ոչ թե իմ տղեն է, դրա համար եմ ասում, այլ իսկապես ինքը գովելի էր: Ամեն ինչից խելքը հասնում էր, ամեն ինչի ելքը կգտներ: Վատատես չէր, բայց մի անգամ ասաց՝ ես ոչ մի տեղ բախտ չեմ ունեցել: Աչքերը միշտ թախծոտ էին, իր աչքերը ինչ-որ բանից բողոքում էին, բայց չգիտեմ ինչից էր դժգոհ:
Ծառայության ընթացքում չկարողացավ տուն գալ, ասաց՝ մամ, տեսնում ես, որ ես անբախտ եմ, բախտս ոչ մի տեղ չի բերում, ճիշտ եմ ասում»,- շարունակում է գյումրեցի հերոսի մայրը:
Տիկին Հռիփսիմեն պատմում է, որ պատերազմի ժամանակ որդին հնարավորություն ունեցել է մի քանի օրով տուն գալու, բայց հրաժարվել է.
«Դեպքից 15 օր առաջ տղայիս ընկերը զոհվել էր, գնացի ընկերոջը էդ վիաճկում տեսա, վատ զգացի ինձ: Զանգեցի ասացի՝ Գառ ջան, գոնե ինձ խղճա, տուն արի, չէի ասել, որ ընկերը զոհվել է, որովհետև գիտեի՝ ծանր էր տանելու: Ասացի՝ տուն արի, դու գիտես, որ քո մատը փուշ մտնի, ես կխելագարվեմ: Ասաց՝ մամ, ո՞նց ես պատկերացնում, ես ո՞նց կարող եմ թողնել տուն գալ, իմ կյանքը հարյուր հայի կյանք է փրկելու, իմ կյանքը էստեղ շատ է պետք: Լսեցի, որ ընկերոջն ասում է՝ մերս ասում է, որ տուն գնամ, բայց ես չեմ կարող նման բան անել. ես պիտի մնամ այստեղ. կամ զոհված ինձ այստեղից կհանեն, կամ վիրավոր. ուրիշ ձև այստեղից դուրս չեմ գա:
Ամսի 9-ի իրիկունն էր զանգեց. տրամադրություն չուներ, Գառնիկս հենց տրամադրություն չէր ունենում, աշխարհը սև էր դառնում ինձ համար: Ասացի՝ ի՞նչ է եղել, ցավդ տանեմ, ո՞վ է քեզ նեղացրել, ինչի՞ ես անտրամադիր: Ասաց՝ մամ, բան չի եղել, ուղղակի հոգնած եմ, քնեմ, հետո կզանգեմ: Քիչ հետո նորից զանգեց, ասաց՝ մամ, մի երգ ասեմ, կդնե՞ս լսեմ: Ասացի՝ ցավդ տանեմ, ասա, բայց դու էդքան ժամանակ ունե՞ս: Մեսչյանի «Ո՞ւր էիր Աստված» երգն ուզեց… աղջիկս զարմացավ, ասաց՝ Գառ, էս ի՞նչ է, դու նման երգ ես լսո՞ւմ: Ասաց՝ հետո կլսեք, ինձ կհասկանաք:
Վերջին խոսելն էր, երգը լսեց, ասաց՝ լավ դե, մամ, գնամ քնեմ, հոգնած եմ, առավոտ կզանգեմ: Մինչև այսօր ես իր զանգին եմ սպասում, ես գիտեմ, որ կզանգի, որովհետև Աստված իմ հետ այդքան դաժան չէր լինի: Ասացի՝ Գառ, գիտես, չէ՞, որ քեզ աշխարհի չափ եմ սիրում, ասաց՝ մամ, գիտեմ՝ ամեն զանգելուց ասում ես: Ինքը զգացմունքները երբեք ցույց չէր տալիս, ծանրումեծ էր. մեկ-մեկ ասում էի՝ տղա կարծես պապս լինես (ծիծաղում է)»:
Նրա խոսքով՝ զավակի կորուստը ոչ մի կորստի հետ չես կարող համեմատել, որովհետև դու ինքդ ես կորում, ասում է՝ տունս, հոգիս դատարկ է… ամեն անկյունում Գառնիկս է, ուր լինեմ, իր հետ եմ:
«Երբ պատերազմը ավարտվեց, ես վատ կանխազգացում ունեի, լացելով եկեղեցի էի գնում, աղոթում էի՝ Աստված ջան, իմ երեխուն բան չլինի, ինչ լինելու է, թող ինձ լինի: Տանը խաչ ունեի, պատահական խաչը ընկավ ու ջարդվեց, ու տանս լույսերը անջատվեց: Ասացի՝ Աստված ջան, ինչ նշան է, ես զգում էի, որ երեխուս մի բան լինելու է:
Նախքան դեպքը զանգել էր, ասաց՝ մամ, վայբերը կմիացնես, որ խոսենք… մեծացել էր, ավելի հասուն էր դարձել: Ասաց՝ մամ, կմիացնես ամբողջ տունը տեսնեմ, հետո շենքի դուռը ուզեց տեսնել… ասաց՝ մամ, մեր թաղի պստիկ փոսերից հետ կարոտել եմ: Երեխես էդ օրը իր տանը հրաժեշտ էր տալիս:
Ասում էի, որ եկար, քեզ մեքենա եմ առնելու, չուրախացավ, ասաց՝ մամ, սպասի գամ հասնեմ տուն, դրանք հետո… ինքը մի բան զգում էր»,- պատմում է Գառնիկ Ղանդիլյանի մայրը:
Տիկին Հռիփսիմեն ասում է՝ Գառնիկիս դեմքը չեմ տեսել, հույս ունեմ, որ իմ երեխեն հետ կգա: «Ես չեմ տեսել դեմքը… համոզում եմ ինձ, որ ողջ է… ավելի շատ մոր սիրտն է այդպես ուզում: Ամեն հեռախոսիս եկած զանգ գիտեմ Գառնիկս է ու պիտի հարցնի՝ մամ, ի՞նչ կա: Ամեն զինվորի համազգեստով տղայի մեջ փնտրում եմ իմ որդուն:
Ոչ մի մայր հերոս չի ուզում, իր բալին է ուզում… թող վիրավոր լիներ, ոտքը, թևը չլիներ, բայց տուն գար. միայն թե ձայնը լսեի, ասեր՝ մամ, ի՞նչ կա: Էդ մի «մամ» բառով ես կապրեի… հերոս բառը չի փրկում… իմ թևերս կոտրված են: Ինքը միշտ է հպարտանալու առիթ տվել: Գլուխս չեմ կարող բարձր պահել, որովհետև վիզս ծուռ է մնացել, աչքս ճամփին մնաց: Ես երազներով եմ իմ երեխուց կարոտս առնում… ինքը երազներիս հայտնվում է ու ասում՝ մամ, ավելի լավ է դու քնած լինես ու ոչինչ չզգաս, քան արթուն տանջվես: Ամեն մամա կհասկանա՝ ես ինչ եմ ասում… մեզ դանդաղ մահ տվեցին, իրենք հասան իրենց նպատակին: Ես ոչ մեկի դեմ չարացած չեմ, Աստծո դեմ չեմ ըմբոստանում… գիտեմ, որ Աստծո գործերը անքննելի են»:
Անահիտ Չալիկյան