«Առավոտի» հարցերին պատասխանում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
-Պարո′ն Ռուբինյան, երեկ տեղեկացրել էիք, որ Ստրասբուրգում հանդիպումներ եք ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ։ Նշել եք, թե պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաև Ադրբեջանում հայատյացության դրսևորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում: Խնդրում եք նշեք՝ որևէ հստակ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցով:
-Աշխատանքային պայմանավորվածություններ կան, բայց թույլ տվեք դրանց մասին չմանրամասնել: (ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ հարցը չի ընդգրկվել օրակարգում այն հիմնավորմամբ, թե նախատեսվում է առանձին զեկույց պատրաստել հումանիտար խնդիրների թեմայով, ուստի այդ հարցը գտնվելու է ուշադրության կենտրոնում։ Զեկույցի հեղինակը լինելու է իռլանդացի պատգամավոր Փոուլ Գավանը.-խմբ.) :
-ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության գործունեությունը ձմեռային նստաշրջանի ընթացքում շատ քննադատվեց, դա սկսվեց նրանից, որ ռազմագերիների հարցը չհաջողվեց որպես ընթացիկ քննարկում ներառել օրակարգում: Իսկ ինչո՞ւ չէինք դիմել նաև հրատապ քննարկման համար:
– Ընդհանրապես այդ քննադատությունները մի փոքր անհասկանալի էին: Ի սկզբանե ակնհայտ էր, որ նաև այլ պատվիրակություններ դիմել էին Նավալնիի հարցով և՛ հրատապ, և՛ ընթացիկ քննարկում կազմակերպելու համար: Ակնհայտ էր, որ հարցերից մեկը դա է լինելու: Քիչ կարող էր լինել հավանական, որ մեր առաջարկած հարցը կհաստատվի: Այնուամենայնիվ, մենք դիմել էինք, որովհետև նույնիսկ մեր առաջարկը, որը պիտի քննարկվեր, նույնպես քննարկում էր, դրա արդյունքում ռազմագերիների հարցը քննարկվել է Բյուրոյում և քաղաքական խմբերում: Նաև դրա արդյունքում ԵԽԽՎ երկու քաղաքական խմբերի ղեկավարներ գլխավոր քարտուղարին են հարց ուղղել: Ռազմագերիների հարցով մեկ այլ խմբի ղեկավար իր ելույթում նշեց անհրաժեշտությունը ռազմագերիների փոխանակման վերաբերյալ, այնպես որ, ինքնին մեր նպատակը, հաշվի առնելով իրողությունները և ընդհանուր տրամադրվածությունը Նավալնիի հարցի հետ կապված, հենց դա էր, ոչ թե այն մտքով, որ դա պետք է ներառվի քննարկման հարցերի մեջ, այլ հենց այդպես նաև ուշադրություն հրավիրել թեմայի վրա: Նշեմ, որ ընդունվել է մոնիտորինգային հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ բանաձև, որում այդ թվում նաև մեր առաջարկած փոփոխությունների արդյունքում հստակորեն կոչ է արվում ռազմագերիների անհապաղ փոխանակման գործընթացն ավարտին հասցնել և զերծ մնալ ատելություն պարունակող և ոչ կառուցողական
-Բայց նույն այդ բանաձևում հավասարության նշան է դրվում. մասնավորապես ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է զերծ մնան քաղաքական երկխոսությանը վնասող հռետորաբանությունից:
-Սա նորություն չէ: Երեսուն տարի երկու կողմին է կոչ արվում, բայց այստեղ ակնհայտ է, չէ՞, որ հայկական եկեղեցիներն են վտանգի տակ, ոչ թե ադրբեջանական, ակնհայտ է, չէ՞, որ խոսքը հայ ռազմագերիների մասին է, ոչ թե ադրբեջանցիների, նաև այն պատճառով, որ Ադրբեջանն է խափանում գործընթացը: Այնպես որ, այս առումով սա նաև դրական է: Պետք է նաև փաստեմ՝ երեկ ես հարց եմ ուղղել Գերմանիայի ԱԳ նախարարին, և Գերմանիան այժմ նախարարների կոմիտեի նախագահող է, հարց եմ ուղղել պատերազմի ընթացքում սիրիացի վարձկանների օգտագործման վերաբերյալ, թե Գերմանիան ի՞նչ է պատրաստվում անել այս ուղղությամբ: Գերմանիայի ԱԳ նախարարը նախ հաստատել է, որ պատերազմի ընթացքում օգտագործվել են սիրիացի վարձկաններ, որ դրանք օգտագործվել են նաև Լիբիայում և այլ վայրերում, և նաև նշել է, որ ամենայն հավանականությամբ՝ ըստ հետախուզական տվյալների՝ այդ վարձկաները դեռ ռեգիոնում են, և պարզ է, թե ինչ նպատակով:
Ամբողջությամբ՝ aravot.am