Հեթանոսական հավատքին միանալով՝ Արմանը մաս կազմեց Հայաստանում ոչ մեծաթիվ կրոնական փոքրամասնության: 2011 թվականի մարդահամարի արդյունքում պարզվել է, որ բնակչության 92,6 տոկոսը հետևում է Հայ Առաքելական եկեղեցուն ու ազգային կրոնին: Ըստ մարդահամարի, Հայաստանում կա շուրջ 5500 հեթանոս (նրանցից 734-ը էթնիկ հայեր են):
Չնայած իրավապաշտպաններն ասում են, որ հեթանոսների նկատմամբ խտրական վերաբերմունքի նշանները քիչ են, սակայն հավատքի վերաբերյալ անհամար սխալ պատկերացումներ կան, որոնք երբեմն տարաձայնություններ են առաջացնում: Հեթանոսներին զայրացնում է նաև այն, որ կառավարությունը հրաժարվում է ճանաչել հին տոները:
Հայաստանը քրիստոնեություն է ընդունել մ.թ. 301 թվականին: Հեթանոսական հավատալիքները շատ ավելի հին են: Ժամանակակից հավատացյալները կարծում են, որ հեթանոսությունը վերակենդանացնելու և վերածնելու ճիշտ տերմինը գտավ Գարեգին Նժդեհը (հայ մեծ ռազմական, քաղաքական և պետական գործիչ 1886-1955), ով հայրենիքից տարագրվելուց հետո «ցեղակրոն ուխտերի» շարժումը սկսեց։
«Հեթանոսները միշտ են եղել…կրոնն իր հիմքում ունի մեր պապերի, նախնիների աշխարհընկալումը»,-ասում է քուրմ Գագիկը և ավելացնում, որ արորդիների ուխտը որպես կրոնական կազմակերպություն պետական գրանցում է ստացել 1991թ-ին:
«Բազմիցս փորձել եմ որպես կրոն ծանոթանալ Աստվածաշնչին՝ չի ստացվել, փոխարենը երբ մեր դիցաբանության հետ ծանոթացա, ինձ չափազանց հետաքրքրեց»,-ասում է նա։
«Շատ մեծ ոգևորություն էր, որովհետև միշտ ասում ենք, որ մենք հին ազգ ենք, մեծ պատմություն ունենք, բայց երբ կարդում ես քո ազգի հավատքի գիրքը՝ Սուրբ Աստվածաշունչը ու ոչ մի տեղ քեզ չես գտնում, բնականաբար մտածում ես կամ անտեսում են քեզ այս գրքում, կամ ինչ-որ մի բան այն չէ, իսկ քո առասպելների, դիցաշխարհի մեջ հենց դու ես, և քեզ ողջ էությամբ զգում ես»,-ասում է Արմանը։
27 տարեկանում նա հեթանոս դարձավ ավանդական ծիսակարգով՝ Գառնու տաճարում: Տաճարը կառուցվել է մեր թվարկության առաջին դարում `ի պատիվ արևի աստծու` Արեգ-Միհրի:
Այսօր հավատացյալները մեկնում են Գառնի մյուս հին աստվածներին նվիրված տոնակատարությունների և ծիսակատարությունների մասնակցելու համար ևս, քանի որ քրիստոնեություն ընդունելուց հետո մյուս տաճարներն ամբողջությամբ ավերվել են, նշում է Գագիկը:
Հին հայերը աղոթում էին մի քանի աստվածների. Անահիտին, որպես մայր աստվածուհի, Արային, որպես արարիչ, Աստղիկին, որպես գեղեցկության և սիրո աստվածուհի, Պատերազմի աստված Վահագնին և շատ ուրիշների:
Ամբողջությամբ՝ chaikhana.media