1990-ականներին Հայաստանում առողջանում էր քաղցկեղով հիվանդ երեխաների միայն 3-5 տոկոսը: Այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է, եւ արդեն 10 երեխայից 7-8-ը լիարժեք ապաքինվելու հնարավորություն ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ղեկավար Սամվել Դանիելյանը:
Ինչպես իր հերթին նշեց մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը, բարձր եկամուտ ունեցող երկրներում սովորաբար առողջանում է քաղցկեղով հիվանդ երեխաների մոտ 80 տոկոսը, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրներում` ընդամենը մոտ 20 տոկոսը: Չնայած Հայաստանը եկամտի ցածր մակարդակով երկիր է համարվում, սակայն մեր գոյատեւման մակարդակը 70-75 տոկոսի է հասնում, երբեմն` նույնիսկ 80 տոկոսի, եւ դա` ոլորտի ֆինանսավորման բացակայության եւ երկրի ունեցած այլ խնդիրների պայմաններում:
Մասնագետների կարծիքով` Հայաստանում մանկական ուռուցքաբանությունն ու արյունաբանությունը մեծ առաջընթաց են ապրում, եւ այսօր նույնիսկ երկրի հեռավոր գյուղերում այդ հիվանդություններով երեխաները կարող են նույն բուժումը ստանալ, ինչ Լոնդոնում կամ Ֆրանկֆուրտում:
Իհարկե, ոլորտում խնդիրներ եւս կան, այդ թվում` դեղամիջոցների հետ կապված, որոնցից շատերը դեռ գրանցված չեն, ինչպես նաեւ` նոր, փորձարարական տեխնոլոգիաների ներդրման, ինչպիսիք են իմունոթերապիան կամ բջջային թերապիան:
Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 15-ին, մանկության քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որի նպատակն է մարդկության ուշադրությունը հրավիրել այս հիվանդության խնդրի վրա: