Հայկական գորգերի միակ թանգարանը գտնվում էր Շուշի քաղաքում։ Արցախյան վերջին պատերազմի օրերին՝ Շուշին հանձնելուց օրեր առաջ, թանգարանում գտնվող ցուցանմուշները, թեև ոչ ամբողջությամբ, բայց հաջողվեց տարհանել: Արցախյան գորգերը փետրվարի 20-ից ցուցադրվում են Երևանում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան–ինստիտուտում: Հանրության հետաքրքրությունը բավականին մեծ է, մի քանի օր է՝ ցուցադրությունը օրվա լրահոսի կարևոր թեման է մնում: Գորգերի հավաքածուն պատկանում է արցախցի, մասնագիտությամբ տնտեսագետ-իրավաբան Վարդան Ասծատրյանին: Արցախի այցեքարտը հանդիսացող ձեռագործ գորգերը նրա նախաձեռնողականության շնորհիվ հաջողվել է պահպանել և որպես արցախյան մշակույթ ներկայացնել աշխարհին:
Պրն Ասծատրյան, որտեղի՞ց է գալիս Ձեր հետաքրքրվածությունը գորգերի նկատմամբ:
Արցախցիները խորհրդային շրջանում տեսել են, թե ինչպես էին ադրբեջանցիները, գյուղերով շրջելով. գնում արցախյան հին գորգերը կամ նոր գորգեր էին առաջարկում դրանց փոխարեն։ Երեխա ժամանակվանից ականատես էի դրան և ուզում էի հասկանալ իմաստը: Գորգերը հավաքելու մի ալիք էլ սկսվեց 1994-ին, Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո, երբ Երևանից էին գալիս գյուղերից գորգերը հավաքում: Դրանք տեղափոխում էին Երևան, այստեղից էլ տանում էին Ամերիկա, Լիբանան, Թուրքիա և այլ երկրներ։ Մտածեցի, որ եթե այդպես շարունակվի, որոշ ժամանակ հետո կկորցնենք մեր մշակույթը։ Ես ընդհանրապես հետաքրքրված եմ հնություններով, հայկական կերպարվեստով և հատկապես՝ գորգերով, որը հենց մեր մշակույթն է։ Մենք այդ մշակույթը կկորցնեինք, եթե արտահանումը կանխելու միջոցներ չձեռնարկեինք։ Օրենքում ամրագրված է, որ հնությունները երկրից չեն կարող դուրս բերվել, բայց բոլորն աչքերը փակեցին դրա վրա: Չգիտեմ որն էր պատճառը, որ իշխանություններն այդ հարցին կարևորություն չտվեցին։ Այդ պատճառով ինքս նախաձեռնեցի մեր մշակույթը պահպանելու գործը՝ որոշեցի գորգեր ձեռք բերել:
Այդ հարցում ինձ օգնում էին հենց այն մարդիկ, որոնք Արցախից գորգեր էին գնում վերավաճառելու համար: Դա նրանց ապրուստի միջոցն էր, բայց իրենք էլ էին մտահոգված, հասկանում էին, որ ճիշտ չեն անում։ Նրանք միավորվեցին ինձ հետ, և 2000թ.-ից սկսեցինք գյուղերից գորգեր գնել: Բոլորի մեջ էնտուզիազմ կար, եթե մինչ այդ նրանք աշխատում էին գումար վաստակելու համար, այստեղ արդեն իրենց զգում էին այս կարևոր գործի մի մասը։ Նույնիսկ Երևանից մի քանի գորգ ձեռք բերեցինք, շատ հարմար գնով տրամադրեցին՝ իմանալով, որ թանգարանի համար ենք գնում։
Ամբողջությամբ՝ hetq.am