Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։
ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։
Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։
Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։
Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:
«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան»,— Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։
Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։
Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։
Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։
«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի»,— ավելացրեց Միքայելյանը։
Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։
«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում»,– ասաց Բադալյանը:
Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։
«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին»,— ասում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։