Օրերս e-draft.am պաշտոնական կայքում կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով իսպառ արգելում է խաղատնային գովազը՝ եւ հեռուստատեսությունում, եւ կայքերում, եւ ռադիոյում։ Ինչը նշանակում է, որ լրատվադաշտը զրկվելու է իր գովազդի առնվազն 60 տոկոսից եւ դա բնականաբար բերելու է շատ լրատվականների փակվելուն։ Այս իշխանությունը 2018-ից սկսած բոլոր հնարավոր եղանակներով փորձում է խոչընդոտել ԶԼՄ-ների աշխատանքին, բազում արգելքներ ստեղծել, քրեականացնել քաղաքացիաիրավական հարաբերությունները, մեծ տուգանքներ սահմանել օրենքով, արտակարգ դրություն եւ ռազմական դրություն հայտարարել, որոնց գլխավոր բաղկացուցիչը մամուլի հրապարակումների սահմանափակումն է եւ ամենակարեւորը՝ լրատվամիջոցների եկամտին խփել։
Դա արվում է բոլոր անթույլատրելի եղանակներով եւ մենք ակնկալում ենք, որ միջազգային եւ հայաստանյան այն կազմակերպությունները, որոնք ազատ խոսքի ջատագով են, կարձագանքեն այս քայլին եւ հասարակությունը թույլ չի տա, որ 80 ուսապարկերի ջանքերով Հայաստանում ոչնչացնեն խոսքի ազատությունը։ Առնվազն տարօրինակ է՝ երբ օրնիբուն խոսում են մամուլի տնտեսական անկախությունից, քննադատում են այն լրատվամիջոցներին, որոնք, իրենց խոսքով, վճարվում են ընդդիմությունից եւ հիմա փորձում են փակել օրինական եկամտի աղբյուրները՝ նորից ստվերային դաշտ մղելով ԶԼՄ-ներին։
Ուշագրավ է, որ օրենսդրական նախորդ նախաձեռնությունները, որոնցով սահմանափակեցին խաղարկային գովազդի չափերն ու տեւողությունը, Ազգային ժողովի պատգամավորներն էին նախաձեռնել, այժմ այս նախագծի հեղինակը ՀՀ ֆինանսների նախարարությունն է՝ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ, որը անշուշտ հասկանում է, թե ինչ արատավոր գործընթացի է մասնակից դառնում եւ դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ մեր երկրի համար՝ ժողովրդավարության, պետականության համար իր աղետալի ազդեցությամբ։
Ահա այն նախագիծը, որը ծածուկ, առանց ԶԼՄ-ների եւ այլ շահառուների հետ քննարկելու տեղադրվել է e-draft.am-ում․
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում.
• 10-րդ մասի 1-ին պարբերության մեջ «յուրաքանչյուր վիճակախաղի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ տոտալիզատորի)» բառերով.
• 10-րդ մասի 4-րդ պարբերության մեջ «վիճակախաղը» բառից հետո լրացնել «(բացառությամբ տոտալիզատորի)» բառերով.
• 10-րդ մասի 5-րդ պարբերության մեջ «վիճակախաղի» բառից հետո լրացնել «(բացառությամբ տոտալիզատորի)» բառերով, իսկ «21+» թվերը փոխարինել «18+» թվերով:
• 10-րդ մասի 7-րդ պարբերության մեջ «վիճակախաղը» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ տոտալիզատորը)» բառերով.
• 11-րդ մասում «շահումով խաղի» բառից հետո լրացնել «կամ ինտերնետ շահումով խաղի» բառերով.
• ) 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: