«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Մարդու գործունակության գնահատման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնության նպատակն է սահմանափակ հնարավորություններով անձանց համար ստեղծել հասանելի պայմաններ եւ հավասար հնարավորություններ: Այս մասին մարտի 17-ին Ազգային ժողովում Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ անհատի գործունակության գնահատման մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Հանձնաժողովի նիստում այս օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելիս նախարարը, մասնավորապես, նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին նոր օրենքը որոշելու է նշված անձանց ապահովման, խրախուսման, իրավունքների պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակը եւ կարգավորելու է նրանց իրավունքների պահպանման սկզբունքները:
«Օրենքի նպատակն է սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար հավասար հնարավորությունների, հասանելի պայմանների ստեղծումը, խտրական դրսեւորումների վերացումը»,- պարզաբանեց Առաքելյանը:
Նա միաժամանակ նշեց, որ գործող օրենսդրության համաձայն՝ հաշմանդամության սահմանումը պայմանավորված է մարդու առողջական վիճակով: Իսկ այս օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է կարգավորում, որը թույլ է տալիս գրանցել անհատական սահմանափակումները եւ օգնության անհրաժեշտությունը՝ այդ անհրաժեշտության գնահատման հիման վրա:
«Օրենքի համաձայն՝ պետությունը մասնավոր հատվածից եւ պետական հաստատություններից հասանելիություն է պահանջում, հատկապես շինարարության ոլորտում: Անհրաժեշտ է կենտրոնանալ սահմանափակ հնարավորություններով մարդկանց կարիքների վրա եւ դրա հիման վրա նրանց տրամադրել պետական աջակցություն: Գործող նորմերի համաձայն`հաշմանդամության երեք խումբ կա` առաջին, երկրորդ, երրորդ, եւ սահմանափակ հնարավորություններով երեխաներ: Սրա փոխարեն կլինեն սահմանափակ գործունակության աստիճաններ՝ թեթեւ, միջին, ծանր եւ խորը»,- ընդգծեց նախարարը:
Այլ խոսքով՝ այս 4 կարգավիճակները որոշվելու են անհատական գնահատման հիման վրա, որը կփոխարինի հաշմանդամության գոյություն ունեցող խմբերը: Մարդու գործունակության հնարավորությունների գնահատման հիման վրա աջակցությունը տրամադրվելու է անհատական ծրագրերի ճանապարհով, որոնք մարդուն թույլ կտան առավելագույնս վերացնել այդ սահմանափակումները եւ ինտեգրվել հանրային կյանքին:
Երկարատեւ քննարկումներից հետո հանձնաժողովը քվեարկությամբ դրական եզրակացություն տվեց այս օրենսդրական նախաձեռնությանը: Հարցը քննարկվելու է Ազգային ժողովի լիագումար նիստում: