«Տեր-Պետրոսյանն օժտված է ղեկավարի գերմարդկային հատկանիշներով»
Advertisement 1000 x 90

«Տեր-Պետրոսյանն օժտված է ղեկավարի գերմարդկային հատկանիշներով»

Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ այն վերնագրելով. «Որակի անկում»: Գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է քաղաքական գործընթացը դուրս բերել «Քաղաքացիական Ակտիվ Քայլ» վիճակից, հայտնվում են մարդիկ ու սկսում խոսել արցախյան պատերազմին առաջին նախագահի անտեղյակ, ավելին՝ դրա նվաճումներին կտրականապես դեմ լինելուց։

Ռուսաստաններում բիզնեսները փակած եւ ճակատագրի հեգնանքով տաքսի քշողների, մայլի բեսեդկեքում նարդի խաղացողների, բոշա կնանիքանց, սովետական կրթական համակարգի բոմժերի եւ էլի մի շարք խմբերի վրա սա, անշուշտ, կարող է որոշակի ազդեցություն ունենալ՝ ժամանակավորապես խոսք-խորաթայի անհամ թեմա դառնալով։

Բայց ուղեղի բջիջներն՝ ըստ հնարավորի օգտագործող որեւէ քաղաքացի չի հավատա, որ 1991-ին ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեն ստացած նախագահը կարող էր անմասն մնալ երկրի ճակատագրից՝ թույլ տալով, որ առանց իր գիտության, ավելին՝ առանց իր հրամանի, ռազմական գործողություններ կատարվեն։

(ՀՀ պաշտպանության նախարարներին Հաբեշստանի թագավորը չէր նշանակում եւ ազատում։)

Այդ տարիներին զուգահեռ երկու գործընթաց է եղել՝ ռազմական եւ դիվանագիտական։ Եթե առաջինը դեպքի վայրում անձամբ նախագահը չի ղեկավարել, այսինքն՝ քննադատներից ոմանց նման «պալեվոյ կամադիր» չի եղել, երկրորդը հաստատ ղեկավարել է անձամբ եւ անմիջականորեն։

Դիվանագիտական աշխատանք կատարողը չէր կարող անտեղյակ լինել «նյութից»։ Սա այնքան պարզ է, որ ապացուցման կարիք չունի։ Բայց եթե հավատանք «պալեվոյ կամանդիրներից» ոմանց, թե անտեղյակ ու անհամաձայն է եղել, ուրեմն պետք է ընդունենք, որ Տեր-Պետրոսյանն օժտված է ղեկավարի գերմարդկային հատկանիշներով։ Այսինքն՝ ունակ է գործընթացներից մեկը բարձիթողի արած, հաջողությամբ կառավարել զուգահեռ ընթացող եւ փոխկապակցված մյուսը՝ թույլ չտալով ճնշումներ ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի նկատմամբ։

Հրադադարի հաստատումից անցել է քսաներկու, իսկ Տեր-Պետրոսյանի հրաժարականից տասնութ տարի։ Եվ նրանք, ովքեր կոչված էին հրաժարականի առիթի «սնանկությունը» սեփական «հանճարով» ապացուցելու, տասնութ տարում ընդամենը վերասերել եւ այսօր էլ վերասերում են զազրախոսությունը՝ մեկ անգամ եւս հաստատելով, որ պատերազմը ՎԱՏ ԲԱՆ Է։

Պատերազմը միայն մարդկային կորուստներն ու թափված արյունը չէ, այլ նաեւ ու առաջին հերթին մարդկային որակի անկումն՝ ընդհուպ մինչեւ անհետացում»



Նման նյութեր