Ձեզ ենք ներկայացնում Qahana.am կայքի հարցազրույցը վիրտուոզ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի հետ:
Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էիք, որ Հայաստանում չեք տեսնում Ձեզ: Ձեր մասնագիտությամբ դժվար է կայանալ, ինչ–որ բանի հասնել Հայաստանում: Ինչ–որ բան փոխվե՞լ է:
Ես չեմ ձգտել կայանալ, հայտնի դառնալ Հայաստանում: Կապ չունի, թե արվեստը որտեղ է ծնվել, ստեղծվել: Այն պետք է հասանելի լինի և՛ հայի և՛ ցանկացած այլ ազգի ներկայացուցչի սրտին:
Ձեզ համար կա՞ գագաթ երաժշտության մեջ: Ո՞վ է այդ գագաթը:
Ամեն օր տարբեր ոճի երաժիշտների եմ լսում, տարբեր ազգերի ժողովրդական երաժշտություն, դասական երաժշտություն, օրինակ, հնդկական դասական երաժշտությունն աշխարհում ամենաբարձր մակարդակի երաժշտություններից է: Ցանկացած ոճում կան և´ լավ, և՛ վատ բաներ: Շատ եմ ոգեշնչվում հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտությունից:
Ի՞նչ է տալիս Ձեզ հայկական երաժշտությունը:
Գիտեք, հայկական երաժշտությունը սնվելու անսպառ աղբյուր է: Ինչքան զբաղվես դրանով, փորփրես, այնան տեղ կա, անսպառ է: Հայկական հոգևոր ու ժողովրդական երաժշտությունները շատ մոտ են իրար, լադային մտածողությունը նույնն է: Օրինակ, Ս. Մեսրոպ Մաշտոցի «Անկանիմ առաջին քո» շարականը նույն լադի մեջ է, ինչպես «Հով արեք, սարեր ջան»-ը:
Եկեղեցու հետ կապը մանկո՞ւց է եղել:
Կարելի է ասել, որ երաժշտությունն ինձ բերեց դեպի քրիստոնեություն և հավատք: Երաժշտությունն ուսումնասիրելով՝ եկա եկեղեցի: Սկսեցի Ս. Գրիգոր Նարեկացու տաղերն ուսումնասիրել, հետո՝ շարականները, հետո սկսեցի «Նարեկ» կարդալ: Միշտ մտածում էի, որ հոգևոր երաժշտությանը կարող է մոտենալ, դրա հետ աշխատել միայն հոգևոր մարդը:
Ասացիք, որ պահք եք պահում, իսկ եկեղեցական ո ՞ր տոներն են Ձեզ համար առավել սիրելի, որո՞նք եք նշում ընտանիքում:
Երբ Հայաստանում եմ լինում, բոլոր տոներն էլ նշում եմ: Դա պայմանավորված է այն բանով, թե որտեղ եմ: Երբեմն ճանապարհին եմ լինում, բայց աղոթելու համար նշանակություն չունի, թե որտեղ եմ:
Մենք գիտենք, որ նախաձեռնել էիք գրաբար սովորել…
Շատ քիչ առաջխաղացում ունեմ: Երբ դեռ նոր էի «Լոյս ի լուսո»-ն սկսել, ավելի շատ էի զբաղվում գրաբարով: Վեց ամիս դադարից հետո հիմա նորից սկսել եմ: Գրաբար սովորելու հարցում առաջնայինն այն էր, որ հոգևոր երաժշտությամբ զբաղվելիս ինձ հարկավոր էր հասկանալ, թե ինչի մասին են դրանք: Պետք էր հասկանալ շարականի տեքստի բովանդակությունը, որպեսզի կարողանամ ճիշտ մշակել:
Ասացիք, որ վախենում էիք հոգևոր երաժշտությանը մոտենալ: Ի՞նչը բերեց նրան, որ ի վերջո անդրադարձաք դրան:
Ս. Ներսես Շնորհալին: Շնորհալուց շատ բաներ քաղեցի: Շատ հետաքրքիր է նրա վերաբերմունքն ու մոտեցումը հոգևոր երաժշտությանը: Նրա մոտ կա ազատ, իմպրովիզացիոն մոտեցում հոգևոր երաժշտությանը: Ս. Ներսես Շնորհալին ասում է, թե կարող է վերցնել մի վանկ, մի ձայնավոր և 5 րոպե այդ լադի մեջ երգել:
Հնարավոր է՞, որ ապագայում լսենք Ս. Ներսես Շնորհալու Արևագալի շարականները Ձեր մոտեցմամբ:
Շատ բան կա Ս. Ներսես Շնորհալուց, որ պետք է մշակեմ: «Լոյս ի լուսո»-ի մեջ անդրադարձել եմ շատ ստեղծագործությունների:
Այժմ սոցիալական վիճակը, կարծրատիպերը ճնշող են երիտասարդների համար: Դուք ինքներդ միշտ տարբեր կերպ եք ներկայանում համերգներին, իմպրովիզացիաներ եք անում: Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց սահմաններից, կարծրատիպերից ազատվելու համար:
Երաժշտության մեջ ինձ համար կարծրատիպ չկա: Կարծրատիպ չունենալը պայմանավորված է ազատությամբ: Կարծրատիպերը գիտակցված սահմանափակումներ են: Չկա լրիվ ազատ վիճակ: Միշտ կան և կլինեն սոցիալական խնդիրներ: Այսօր դրանք շատ ճնշող են: Կարևոր է, թե ծնողներն ինչ վերաբերմունք ունեն երեխաների հանդեպ: Մանկուց է պետք զբաղվել մտածելակերպի ձևավորմամբ: Ինձ օգնել է հորեղբայրս: Նա է ինձ հետևել: Կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչ է լսում երեխան, ինչով է մեծանում: Հայաստանում հեշտ է հասնել հայտնիության, բայց միանգամից կանգնում ես փակուղու առաջ: Թվում է, թե հայտնի լինելուց հետո ոչինչ անելու կարիք չկա: Այդ դեպքում տաղանդը կորում է:
Երաժշտությունը համարվում է մարդու վրա ազդելու ամենամեծ զենքերից մեկը: Ի՞նչ կերպ եք տեսել այդ ազդեցությունը:
Ամենակարևորն այն է, որ մարդը համերգից հետո սրահից երջանիկ դուրս գա: Հոգեպես նրան վեր բարձրացնես, որպեսզի արդյունքում գնա և ինչ-որ լավ բանով զբաղվի: Վերջերս Ս. Պատարագի ժամանակ մի պարզ մեղեդի լսեցի, որից հուզվեցի: «Տեր, ողորմեա»-ի երգեցողության ժամանակ եկեղեցու սրահից տարբեր ձայներ էին լսվում, ու ամեն մեկի մեջ մի ապրում կար: Երեխան երգում էր, անգամ սխալ էր երգում, բայց հենց դրա մեջ էր ներդաշնակությունը: Դա ամենաներդաշնակ բանն էր, որ լսել էի: Երաժշտությունը շատ հզոր միջոց է:
Ինչպե՞ս եք տեսնում մանուկների և երաժշտության կապը:
Ես չեմ կարող մանկավարժական ու մասնագիտական կարծիք հայտնել: Մանկավարժ չեմ, սակայն դասավանդել եմ երեխաների: Եղել են դեպքեր, երբ երեխաներն ավելի արագ են ըմբռնել: Նրանք ռիթմը շատ արագ են ընկալում: Ես շատ եմ ցանկանում, որպեսզի լուրջ երաժշտական դպրոց բացվի Հայաստանում: Չեմ ուզում ասել, որ այնտեղ ջազը կլինի հիմնական, սակայն կուզենայի ջազային, իմպրովիզացիոն մտածելակերպ զարգացնել: Պետք է դուրս գալ քառակուսիներից: Իմպրովիզացիոն մոտեցումն ինձ համար շատ կարևոր է:
«Առաքյալներ» ռոք խմբի մասին ասում են, թե նրանք հաճախ էին գնում եկեղեցի, Պատարագների մասնակցում` հասկանալու և սովորելու հայկական երաժշտության ու հայկական երգեցողության առանձնահատկությունները: Դուք, որպես երաժիշտ, ի՞նչ եք կարծում, երաժիշտն ի՞նչ ունի սովորելու եկեղեցուց:
Բարդ հարց է: Ամեն ինչ ասված է նրանով, որ հայկական միջնադարյան ամենահզոր երաժշտությունը ստեղծվել է հենց եկեղեցում և հենց հոգևոր թեմաներով:
Ի՞նչ կմաղթեք Qahana.am կայքի ընթերցողներին:
Առավել հոգևոր կյանք:
Հարցազրույցը վարեց Նոյեմի Անդրեասյանը