Այս քայլերն ուղղակիորեն խրախուսում են Թուրքիային և Ադրբեջանին՝ իրականացնել հերթական ցեղասպանական գործողությունները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
Ավելին՝ նրանք ոչ միայն հայտարարել են, այլ՝ արդեն քայլեր են իրականացրել, ինչի լավագույն ապացույցը պատերազմն է՝ թուրք-ադրբեջանական ագրեսիան, այսինքն, մոտեցումները ոչ թե նոր պետք է փոխվեն, այլ՝ արդեն փոխվել են։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների կողմից պարբերաբար հայտարարվում է Թուրքիայի հետ հարաբերություններում մոտեցումներ շտկելու մասին, ավելին, առկա են մտավախություններ, որ իշխանությունները պատրաստվում են հրաժարվել Ցեղասպանության ճանաչման պահանջից։
Ալավերդյանը նկատեց, որ այդ թեզը նոր չէ և այս իշխանություններից չի սկսվել, դեռևս 1990-ական թվականներին՝ առաջին նախագահի պաշտոնավարման տարիներին շրջանառության մեջ է դրվել այդ թեզը, որ պետք է ոչ թե պահանջել ճանաչումը, այլ՝ մոռացության մատնելով կամ փակելով այդ էջը, քայլեր կատարենք դեպի Թուրքիան։
Ալավերդյանը նաև հիշեցրեց 2009թ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ամբողջովին իրենց մեջ պարունակում էին նախապայմանները, ընդ որում, նախապայմաններից երկուսը Արցախի թուրքական ֆորմատով լուծումն էր և Ցեղասպանությունը որպես զուտ պատմական իրողություն տեսնելն է, իսկ երրորդ պայմանը՝ հայ-թուրքական ապօրինի սահմանն օրինական ճանաչելը, որի մասին չգիտես ինչու մոռացվել է։
«Այն ինչ արվում է այսօր, շարունակությունն է այն տխուր գծի, որով բոլոր իշխանությունները մոռացության են տալիս միջազգային իրավունքի մի շատ կարճ նորմ, այն է՝ իրավունքը չի բխում ոչ օրինական գործողություններից։ Այդ սկզբունքն իրականացվել է։ Օրինակ՝ Գերմանիայի կողմից ընդունվել է, որ տեղի է ունեցել հրեաների հանդեպ ցեղասպանություն, ի դեպ՝ առանց հայրենազրկման, հետո իրենք անցել են փոխհատուցման և դրանից հետո է միայն, որ դրական հարաբերություններ են ստեղծվում»,-նշեց Ալավերդյանը՝ հավելելով, որ միջազգային պրակտիկայում ցանկացած ողբերգական դեպքերից հետո միշտ այդպես է եղել։
Ալավերդյանի դիտարկմամբ՝ այս իշխանությունները ևս մեկ քայլ են անում միջազգային իրավունքին հակասող ճանապարհին, քանի որ այս ամենը նոր նախադեպ է ստեղծում միջազգային իրավունքում, որ ներվում են աններելի հանցագործությունները։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ այս քայլերն ուղղակի խրախուսում են Թուրքիային և Ադրբեջանին իրականացնել հերթական ցեղասպանական գործողությունները։
«Պետք չէ այլ բառեր գտնել։ Ցեղասպանական գործողությունները, որոնք տեղի են ունեցել Թուրքիայի, հետագայում՝ իրեն միացած նորաստեղծ չճանաչված Ադրբեջանի կողմից՝ ոչ միայն Արևմտյան, այլև՝ Արևելյան Հայաստանում։ Այն, ինչ տեղի է ունեցել 1988 թ առ այսօր, ունեն բոլոր բնութագրերը և հատկանիշները՝ մարդկության և մարդասիրության դեմ հանցագործությունների։ Ոչ մի իշխանություն՝ սկսած 90-ականներից, չի տվել այդ բնութագիրը՝ Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպանական ագրեսիային»,- նշեց Ալավերդյանը։
Ըստ Ալավերդյանի՝ տարիներ շարունակ լռեցյալ ձևով կամ մաքսիմալ ջանքեր են օգտագործվել՝ խորքային մակարդակով այդպիսի միջազգային իրավունքի դեմ հանցագործություն գործելու գաղափարախոսություն Հայաստանում տարածելու համար, ինչի արդյունքում այսօր ունենք նման նախադեպ, որ ՀՀ իշխանություններն այսօր բացեիբաց իրենց քայլերով նպաստում են ոչ միայն նախկինում տեղի ունեցած ցեղասպանությունները մոռացության տալու համար, այլ՝ նախապատրաստում են հող՝ նոր ցեղասպանությունների համար։
Դիտարկմանը, որ միևնույն ժամանակ մենք բավականին մեծ գումարներ ենք ծախսում՝ լոբբինգի համար, Ալավերդյանն արձագանքեց՝ նշելով, որ խնդիրը նրանում է, որ տարբեր «մենք»-երի մասին է խոսքը, մասնավորապես, այն գիծը, որը վարում էին տարիներ շարունակ գրագետ իրավաբանները, ցեղասպանությունից տուժած, մազապուրծ եղած մարդիկ, մի խումբ է՝ իր տեսաբաններով և վերլուծաբաններով, իսկ պղտոր գլոբալիստական կենտրոնից կառավարվող և սնվող խմբերը միշտ գործել են հակառակ և, եթե ԽՍՀՄ տարիներին ինչ-ինչ հարցերով դա արդարացվում էր, որովհետև Ադրբեջանը և Հայաստանը գտնվում էին մեկ պետության կազմում և գաղափարախոսության համաձայն՝ ադրբեջանցիները թուրքեր չեն, թուրքերը Թուրքիայում են և գործել են Արևմտյան Հայաստանում, ապա անկախ Հայաստանում պետական մակարդակով այդպես էլ տեղի չունեցավ իրական գնահատականը՝ ոչ քաղաքական, ոչ էլ՝ իրավական։
«Մենք ինքներս մեր օրենքներով չենք դատապարտել այն, ինչ տեղի է ունեցել։ Մենք չենք տվել այն գնահատականը՝ ոչ միայն իրավական-միջազգային, այլև՝ ազգային օրենսդրության ներքո չենք բնութագրել Ադրբեջանի գործողություններին՝ մինչև սեպտեմբերի 27-ն առանց Թուրքիայի և դրանից հետո առերևույթ Թուրքիայի մասնակցությանը։ Մինչ այդ տարբեր ձևերով նշում էինք, որ Թուրքիան մասնակցում է բոլոր ցեղասպանական գործողություններում»,- ընդգծեց Ալավերդյանը՝ հավելելով, որ Հայաստանում եկած իշխանությունները, որոնք իրենց թեև նոր են անվանում, իրականում «նախնիներ են», որովհետև այդ քաղաքականությունը որդեգրված է եղել առաջին նախագահի և ՀՀՇ-ի կողմից։ Բացի դա՝ Ալավերդյանն ուշադրություն հրավիրեց նաև «Նոր Հայաստան» կարգախոսի վրա, որը կրկնում է Ադրբեջանում իշխող կուսակցության անվանումը։
«Այսինքն՝ այդ գաղափարախոսությունը ևս պատրաստվում և տարածվում է մեկ՝ ամենապղտոր գլոբալիստական կենտրոններից»,- նշեց նա՝ պարզաբանելով, որ խոսքը գնում է ոչ թե գլոբալիզմի, այլ՝ հանցավոր կենտրոնների մասին, որոնք իրենց գլոբալիստ են կոչում և բոլոր իրենց ջանքերն ուղղում են մարդկության դեմ։