Հաճախ Հայաստանում դեղատների աշխատակիցների մոտ են հայտնվում բժիշկների նշանակած դեղատոմսեր, որտեղ «սովորական» դեղերի հետ միասին գրվում են այնպիսի դեղերի անվանումներ, որոնք ապացուցված արդյունավետություն չունեն: Դրանք կարող են ներառել որոշ բուսական միջոցներ, որոնք չեն անցել անհրաժեշտ կլինիկական ուսումնասիրություններ եւ չեն գրանցվել որպես դեղամիջոցներ եւ հոմեոպաթիկ միջոցներ, որոնք, բառի բուն իմաստով, չունեն ակտիվ բաղադրիչներ:
Շատ հիվանդներ շփոթում են հոմեոպաթիկ միջոցները դեղաբույսերի հետ: Բայց առաջինները, ի տարբերություն վերջինների, ինչպես վերը նշեցինք, չեն պարունակում որեւէ ակտիվ նյութեր, այդ թվում ՝ բուսական էքստարկտներ: Ըստ էության, սրանք պարզապես շաքարի գնդիկներ են, որնք ավելի թանկ են, քան «սովորական» շաքարը:
Հոմեոպաթիան՝ որպես «այլընտրանքային» բժշկության տեսակ, գոյություն է ունեցել դարեր շարունակ, սակայն դրա արդյունավետությունն այդպես էլ չի ապացուցվել. ուսումնասիրությունների մեծ մասում հոմեոպաթիկ դեղամիջոցներն ավելի արդյունավետ չեն, քան պլացեբոն:
Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ նախազգուշացումներ են արել հոմեոպաթիկ միջոցների օգտագործման վերաբերյալ: Օրինակ, ԱՄՆ FDA-ն նամակ է տարածել, որով նախազգուշացնում է գրիպի դեմ հոմեոպաթիկ բուժման մասին: ԱՀԿ-ն վտանգավոր է համարում վարակիչ հիվանդությունների բուժումը հոմեոպատիկ միջոցներով: Ավստրալիայի Առողջապահության եւ բժշկական հետազոտությունների ազգային խորհուրդը պաշտոնապես հայտարարել է, որ հոմեոպաթիան առողջության համար ոչ մի օգուտ չունի եւ կարող է վնասակար լինել:
2013 եւ 2015 թվականներին American Academy of Medical Toxicology-ն եւ The American College of Clinical Toxicology-ն խորհուրդներ են հրապարակել՝ հիվանդությունների բուժման եւ կանխարգելման համար հոմեոպաթիայի չօգտագործման մասին եւ նշել, որ հոմեոպաթիկ բուժման արդյունավետության մասին որեւէ ապացույց չկա, եւ որ, ավելին, դա կարող է վնասակար լինել, օրինակ, նրանով, որ մարդիկ ժամանակին չեն ստանա արդյունավետ բուժում:
Չնայած այս ամենին՝ նման միջոցները շարունակում են ակտիվորեն վաճառվել դեղատներում եւ նույնիսկ նշանակվել բժիշկների կողմից: Հետաքրքիր է, որ այս միջոցները հաճախ ունենում են անուններ, որոնք պոտենցիալ կերպով մոլորեցնում են հիվանդներին: Այսպիսով, հաճախ նրանց անվանումներում կա «-ֆերոն» բառը, որը ենթագիտակցորեն հիվանդին հիշեցնում է «ինտերֆերոն» բառը. սա ընդհանուր անվանումն է մի շարք սպիտակուցների, որոնք արտադրվում են օրգանիզմի բջիջների կողմից՝ ի պատասխան վիրուսի ներթափանցման: Հաճախ նաեւ անվանումներում կարելի է տեսնել հիվանդությունների անուններ, ինչը եւս պացիենտի մոտ տպավորություն է ստեղծում, որ իր առջեւ «լուրջ» դեղամիջոց է:
Կրծքագեղձի վիրաբույժ Ռուբեն Ստեփանյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ բժիշկների կողմից այդպիսի դեղերի նշանակումը եւ հիվանդների կողմից այդպիսի դեղերի գնումը հղի է մի շարք ռիսկերով եւ խնդիրներով:
Առաջին հերթին, պացիենտները գումար են ծախսում դրանք գնելու համար: Հայաստանի նման աղքատ երկրի համար սա իսկապես լուրջ խնդիր է: Երկրորդ հերթին, պացիենտները ժամանակ են ծախսում անարդյունավետ միջոցներով բուժման վրա, ինչը կարող է հանգեցնել նրանց վիճակի վատթարացման:
Մասնագետի խոսքով՝ մեր երկրում լուրջ անջրպետ կա դեղատոմսերի վերահսկման ու դեղերի վաճառքի հարցում: Շատ զարգացած երկրներում լուրջ վերահսկողություն կա ապացուցված արդյունավետությամբ դեղերի նշանակման եւ իրացման համար: Եվ ինչ-որ տեղ դեղագործները պարտավոր են հիվանդներին զգուշացնել, որ պատրաստվում են գնել այնպիսի դեղամիջոց, որը չի պարունակում ակտիվ բաղադրիչներ եւ որը, քիչ հավանական է, որ կօգնի նրանց:
Հայաստանում այսօր չկա ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, եւ պացիենտները շարունակում են նման միջոցներ գնել՝ գումար եւ ժամանակ ծախսելով:
Ըստ Ռուբեն Ստեփանյանի՝ անհրաժեշտ է անել հնարավորը ամեն ինչ՝ բժշկությունից այդ միջոցները դուրս մղելու համար: Նա առաջարկում է նման միջոցները պահել դեղատներում փակ արկղերում, որպեսզի դրանք տեսանելի չլինեն պացիենտներին: Ավելին, դեղատան աշխատակիցները պետք է նախազգուշացնեն հիվանդներին, որ նրանք պատրաստվում են գնել այնպիսի արտադրանք, որը չի պարունակում ակտիվ նյութեր: Բացի այդ, ըստ մասնագետի, կարեւոր է արգելել նման դեղերի գովազդը: