Վահրամ Գևորգի Կարապետյանը ծնվել է 1975թ. Երևանում: Վահրամ Կարապետյանը գրող-հրապարակախոս Գևորգ Կարապետյանի որդին էր և հուշարձանագետ, հայ ժողովրդի նվիրյալ Սամվել Կարապետյանի կրտսեր եղբայրը։ Վահրամը մասնագիտությամբ՝ բժիշկ-ատամնաբույժ էր: Նրա ջանքերով և անմիջական մասնակցությամբ հիմնադրվել է «Աթենաս» բարեգործական հիմնադրամը: Հոգատար բժիշկը հիմնադրամի նախաձեռնողն էր, հոգաբարձուների խորհրդի անդամ։ Իր անմիջական մասնակցությամբ հիմնադրամն անվճար ատամնաբուժական ծառայություններ էր մատուցում սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Առաջին համայնքները, որոնք դարձան հիմնադրամի շահառու՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներն էին: Նախաձեռնությունը մեծ թափ էր հավաքել և շուտով ընդգրկելու էր նաև նորանոր մարզերի սահմանամերձ համայքներ, սակայն պատերազմն ընդհատեց Վահրամի բոլոր նպատակները։ Վահրամին առաջարկվեց պատերազմի օրերին աշխատել Երևան քաղաքի որևէ հոսպիտալում, սակայն բժիշկը վիրավորվեց՝ ասելով. «Միթե Երևանում կին բուժաշխատողների պակաս կա: Ես առողջ տղամարդ եմ և իմ տեղը պատերազմի դաշտում է: Երևանում թող կանայք աշխատեն»: Մինչև պատերազմ մեկնելը, Վահրամը հասցրեց նաև անձամբ մարդասիրական բեռներ տանել Վարդենիս, որն այդ շրջանում ռմբակոծվում էր թշնամու կողմից: Վահրամի ավագ եղբայր Վահագնը, որը հենց առաջին օրվանից կամավոր մեկնել էր հայրենիքի պաշտպանությանը, հենց նոր էր ծանր վիրավորումով վերադարձել և գտնվում էր հիվանդանոցում: Սակայն նույնիսկ այդ փաստը Վահրամին հետ չպահեց, քանի որ անհրաժեշտ էր հայրենասիրության, քաջության և մարդասիրության օրինակ ծառայել իր երկու որդիներին՝ Գոռին և Դավիթին: Եվ հոկտեմբերի 22-ին Վահրամը զորակոչվեց հայրենիքի պաշտպանությանը: Սակայն, հավատարիմ մնալով բժշկի վեհ կոչմանը, ձեռնամուխ եղավ մարտադաշտից վիրավոր զինակիցներին դուրս բերելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու գործին: Վահրամը զորակոչվել էր որպես բժիշկ: Նա կարող էր մնալ բունկերում և սպասել վիրավորներին: Սակայն սրտացավ բժիշկը որոշեց անձամբ գնալ պատերազմի դաշտ և հենց շտապօգնության մեքենայում սկսել օգնություն ցուցաբերել զինակիցներին: Վահրամը վերջին անգամ կնոջ՝ Մարինայի հետ կապ էր հաստատել նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը։ Նա երկար զրուցել էր կնոջ հետ, ասել էր, թե իբր իրենց մոտ վիճակը շատ հանգիստ է, հեռվից է հետևում մարտական գործողություններին և շուտով պառկելու է քնելու։ Վերջում ավելացրել էր. «Տղերքիս լավ կպահես, իրանց կասես պինդ մնան»։ Այնուհետև խոստացել էր վերադառնալ ողջ առողջ։ Սա եղավ Վահրամի և Մարինայի ամուսնական կյանքում անկատար մնացած միակ խոստումը։
Լուսաբացին, երբ արդեն Վահրամն ընկել էր մարտի դաշտում, կնոջն արթնացրեց Վահրամի 7-ամյա որդին՝ Դավիթը։ Նա մորն ասաց, որ վատ երազ է տեսել. «Երազումս պապայի բարձն այրվում էր»։ Մարինան հանգստացրեց որդուն՝ հավատացնելով որ ընդամենը երազ է։ Մի քանի օր շարունակ հրետանակոծության տեղատարափի տակ բժիշկը փրկեց կյանքեր, սակայն հերթական անգամ մարտի դաշտում թշնամին նշանառության տակ էր վերցրել նրանց շտապօգնության մեքենան: Շուրջ 40 օր ընտանիքի անդամները և ընկերները փնտրեցին Վահրամին՝ հուսալով գտնել ողջ։ Սակայն դեկտեմբերի 11-ին ստացան բոթը՝ Վահրամը միացել էր անպարտների սպիտակ երամին հենց նոյեմբերի 4-ի լուսաբացին։
Վահրամ Կարապետյանն ամուսնացած էր, երկու զավակների հայր։ Նա կայացավ որպես հիանալի բժիշկ, սիրվեց որպես անկրկնելի ամուսին, որպես օրինակելի հայր, որպես անփոխարինելի ընկեր:
Վահրամի ջանքերով հիմնադրված բարեգործական հիմնադրամը մինչև օրս շարունակում է իր ազգանվեր գործունեությունը, որպեսզի Վահրամի ոչ մի նպատակ անկատար չմնա: Վահրամն իր ընտանիքի, ընկերների, հիվանդների և առհասարակ բոլոր ծանոթների սրտում կմնա որպես կենսուրախ, բարի, կարեկցող, սրտացավ ընկեր։ Հավերժ փառք և հիշատակ քեզ, սիրելի բժիշկ։