«Կոնստանտ» խմբագրական. ոչ ռուսից ավելի ռուս է պետք լինել, ոչ էլ թուրքից ավելի թուրք. փորձենք լինել հայ
Advertisement 1000 x 90

«Կոնստանտ» խմբագրական. ոչ ռուսից ավելի ռուս է պետք լինել, ոչ էլ թուրքից ավելի թուրք. փորձենք լինել հայ

Հայաստանի ներքաղաքական դիսկուրսն այնքան անբովանդակ է դարձել, որ դրա դրսևորումներն արդեն իրական գրոտեսկի են վերածվում։ Ընդդիմադիր դաշտի հռետորաբանությանը հետևելիս մոտս տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ Իվան Նիկիտիչ մեթոդական ձեռնարկ է գրել, թե որ թեմաների շուրջ ինչպես պետք է խոսել, ընդ որում, այդ թեմաներն ու այդ թեզերը պետք է ականջահաճո լինեն միայն ու միայն ռուսական քաղաքական վերնախավի համար։

Իշխանական դաշտում էլ է համանման իրավիճակ, պարզապես իրենց մոտ էլ այդ մեթոդական ձեռնարկն ինչ-որ Էնվեր Էֆենդի ասես գրած լինի, որն էլ ուզում է, որ թեմաներն ու թեզերն ականջահաճո լինեն թուրքա-ադրբեջանական քաղաքական վերնախավի համար։

Արդյունքում մենք անցած ամիսների ընթացքում ու հիմա էլ լսում ենք, ի՜նչ ասես. մեկը ասում է, որ Քելբաջարը երբեք էլ հայկական չի եղել, մյուսը հայտարարում է, որ ոչ մի խնդիր չկա, որ մեր ռազմավարական դաշնակիցը 5 միլիարդ դոլարի զենք է վաճառել մեր հակառակորդին, մեկն ասում է, որ թուրքերի հետ պետք է եղբայրություն անել, ու երկնքից մանանա կթափվի, մյուսն ասում է, որ ռուսը ինչ ուզի ու ոնց ուզի, պետք է անենք, հարկ լինի՝ Շիրակն էլ տանք, թե չէ երկնքից կայծակներ կլինեն, ու վատ կլինի, և այսպես շարունակ։

Լավ, իսկ հայկական օրակարգն ո՞ւր է։ Այն սպասարկողներն ո՞ւր են։ Ինչո՞ւ է մեր հանրային դիսկուրսում գերակա միայն այն հարցը, թե ում տակ ու ոնց պետք է պառկենք, և բացակայում է հարցը, թե ինչպես պետք է ոտքի կանգնել։

Օրինակ՝ հիմա էլ գերակտուալ է գերիների վերադարձի հարցը։ Իշխանություններն ասում են՝ մեզանից վազն անցեք ու ռուսներից ուզեք ձեր գերիներին։ Դա անում են, որպեսզի մյուս քայլով էլ ասեն՝ ախմախ դաշնակից ու երաշխավոր դուրս եկան էս ռուսները, կարո՞ղ է թուրքերի միջոցով հարցը լուծենք (ու կլուծեն)։

Ընդդիմությունն էլ ասում է՝ չէ-չէ-չէ, ռուսների անունը մի տվեք, իրենք դա չեն սիրում ու կարող են նեղանալ, մենք ձեզ համարում ենք դավաճաններ ու վիժվածքներ, բայց միմիայն ձեզանից ենք պահանջում մեր գերիներին։

Ես սկզբունքորեն չեմ հասկանում այս մոտեցումները։ Ռուսն, իհարկե, մեր դաշնակիցն է, ու նույնիսկ չի կարելի նույնականացնել և նույն հարթության մեջ ընկալել ռուսներին ու թուրքերին։ Սա պատմական ու քաղաքակրթական աքսիոմ է, բայց արդյո՞ք սա նշանակում է, որ պետք է ամեն անգամ ու ամեն հարցում հայերս փորձենք ռուսներից ավելի ռուս լինել։ Ո՛չ, չի նշանակում։

Նշանակո՞ւմ է արդյոք, որ ամեն անգամ, երբ ռուսները, օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով, ոտնահարում են մեր պետական ու ազգային շահը, մենք պետք է փորձենք թռչել թուրքի գիրկն ու դրա համար ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի թուրքից ավելի թուրք լինենք։ Ո՛չ, չի նշանակում։

Ես իշխանություններից որևէ դրական ակնկալիք չունեմ, քանի որ համարում եմ, որ այսօր Հայաստանի իշխանությունները ոչ այլ ինչ են, քան օտարերկրյա օկուպացիոն ադմինիստրացիա։ Ես ակնկալիք ունեմ ընդդիմությունից, ու այդ ակնկալիքներից մեկն այն է, որ գոնե փորձենք հայ լինել, առաջնահերթ համարենք հայկական շահը, առաջնորդվենք էդ շահի պարադիգմով։ Շատ հարցերում այդ շահը կլինի նույնական ռուսական շահի հետ, իսկ որոշ հարցերում չի համընկնի, բայց դա չի նշանակում, որ պետք է լռել այդ մասին, ու առավել ևս չի նշանակում, որ պետք է ասել, որ իրականում մեր շահը դա չէ։

Զորօրինակ՝ մեր շահը հիմա պահանջում է, որ մեզ վերադարձնեն մեր գերիներին, ու պետք չէ ամաչել բարձրաձայնել այն, որ այս հարցում Ռուսաստանն ունի իր բաժին պատասխանատվությունը։

Եկե՛ք լինենք ազնիվ։ Նախ՝ ինքներս մեզ հետ, հետո՝ աշխարհի հետ։ Դա ավելի ճիշտ է և, որ ոչ պակաս կարևոր է, ավելի կանխատեսելի է դարձնում մեր դաշնակիցների համար ու ավելի անխոցելի՝ մեր հակառակորդների համար։

 



Նման նյութեր