Մասնագիտական կրթությունն ապահովելով՝ մենք կկարողանանք զարգացնել ռեստորանային բիզնես-մշակույթը. Դավիթ Երեմյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մասնագիտական կրթությունն ապահովելով՝ մենք կկարողանանք զարգացնել ռեստորանային բիզնես-մշակույթը. Դավիթ Երեմյան

«Երեմյան Փրոջեքթսի» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան ճանապարհեց խոհարարական և ռեստորանի կառավարման գիտելիքներով զինված ու մրցունակ մասնագետների ևս մի քանի խումբ: Ապրիլի 13-ին, կայացավ շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը:

Միջոցառման  մեկնարկին  շրջանավարտներին իր  շնորհավորական խոսքն ուղղեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը  և  ապագա խոհարարների, հրուշակագործների ու ռեստորանային մենեջերների  հետ  կիսվեց իր հաջողության պատմությամբ ու պատասխանեց  նրանց հետաքրքրող հարցերին:

«Այսօր դուք ձեր քայլերն ենք անում նոր կյանք, որը մտնում եք մասնագիտական գիտելիքներով, փորձով, հմտություններով, որոնք օգնելու են ձեզ իրականացնել ձեր նպատակներն ու երազանքներն: «Երեմյան փորջեքթս» ընկերությունն իր այս շատ սպասված ու պահանջված նախագիծը՝ Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան բացելով՝ նպատակ ուներ շուկայի պահանջարկին արձագանքել բարձր որակավորում ունեցող, հիմնարար գիտելիքներով ու հմտություններով օժտված մասնագետներով, ովքեր մրցունակ կլինեն ոչ միայն մեր երկրում, այլ նաև տարածաշրջանում և միջազգային շուկայում։ Բայց այս ոլորտում մասնագետ լինելու համար պետք է սիրել այս աշխատանքը, պետք է պատկերացնել ու հասկանալ այս ոլորտը: Այս ոլորտում հնարավոր չէ ուղղակի աշխատել առանց անընդմեջ սովորելու, զարգանալու, կատարելագործվելու, սիրելու այս գործը, ջանք ու եռանդ չխնայելոււ: Ցանկանում եմ, որ այս ավարտական վկայականները դառնան ձեզ համար անհասանելի թվացող բարձունքների  նվաճման, նոր և ցանկալի հաջողությունների ձեռքբերման սկիզբն ու երաշխիքը»,- նշեց Դավիթ Երեմյանը:

«Երեմյան Փրոջեքթսի» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը, շնորհավորելով շրջանավարտներին, իր խոսքում նշեց.

««Երեմյան ակադեմիան» ուսանողների համար ոչ միայն զուտ կրթական վայր է դառնում, այլև հոգեհարազատ մի միջավայր, ուր միշտ ուզում են վերադառնալ: Մեր շրջանավարտներից շատերն ավարտելուց  հետո մշտապես հյուր են  գալիս,  պատմում իրենց  ձեռքբերումների,  հաջողությունների ու նոր գաղափարների մասին: Իսկ  մեր դասավանդող թիմն էլ միշտ մեծ սիրով ու պատրաստակամությամբ օգնում է նրանց խորհուրդներով ու դիտարկումներով»:

«Երեմյան ակադեմիայի» հրուշակագործության սկսնակների խմբի շրջանավարտ, մասնագիտությամբ զբոսավար Էլյա Խաչատրյանը խոստովանում է՝  մինչ Ակադեմիայում սովորելը, հրուշակագործությունը որպես հոբբի է դիտարկել.
«Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու այլ երկրների  հյուրընկալության ակադեմիայի  մոդելը չկա մեր երկրում, և ահա այսօր ես Հայաստանում, հենց նմանատիպ կենտրոնում՝ «Երեմյան ակադեմիայում» ավարտում եմ իմ ուսումնառությունը: Ակադեմիայում սովորելիս հասկացա, որ ինձ տրված գիտելիքների և իմ աշխատասիրության շնորհիվ կարող եմ դառնալ ոլորտի պրոֆեսիոնալ ու պահանջված մասնագետ: Ինչու ոչ, այդ գիտելիքները կարող եմ կիրառել նաև իմ սեփական փոքրիկ բիզնեսը հիմնելիս»:

Շրջանավարտներից Ադելինա Մովսիսյանն էլ նշում է, որ եթե չլիներ «Երեմյան ակադեմիան», գուցե այդպես էլ չհայտնվեր խոհարարական ոլորտում ու չզբաղվեր իր երազած աշխատանքով.

«Ես ավարտել եմ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: Իմ մասնագիտությունն ինքնին պահանջում է  անընդհատ ստեղծագործել, բայց ինձ անհրաժեշտ էր ոգեշնչման աղբյուր, որը կօգներ իրականացնել  իմ գաղափարները: Երբ տեղեկացա, որ Ակադեմիան ունի Խոհարարական արվեստ սկսնակների համար ծրագիրը, անմիջապես որոշոցի մասնակցել դասընթացին, քանի որ մանկուց եմ երազել այս ոլորտում ստեղծագործելու մասին: Խոհանոցը դարձավ իմ ոգեշնչման վայրը: Ակադեմիայում ստացած  գիտելիքներն ու հմտություններն օգնեցին, որպեսզի ավարտելուց հետո անմիջապես անցնեմ աշխատանքի և զբաղվեմ իմ սիրելի գործով»,- պատմում է շրջանավարտը:

Խոհարարական արվեստ բաժնի ուսանող Գագիկ Դանիելյանը, հետաքրքրված լինելով ռեստորանային բիզնեսի կառավարմամբ ու խոհարարությամբ և նպատակ ունենալով հիմնել ընտանեկան սրճարան կամ ռեստորան, որոշեց Ակադեմիայում ուսանել կնոջ հետ:

«Ակադեմիայում ես գնահատում եմ ոչ միայն մասնագետների պրոֆեսիոնալիզմը, այլև այն, որ այստեղ արդյունավետորեն արձագանքում են ոլորտի նոր մարտահրավերներին՝ ներդնելով ու կիրառելով ժամանակակից մոտեցումներ: Տարբեր երկրների խոհանոցներ ուսումնասիրելուն զուգահեռ մենք նաև ծանոթանում ենք ավանդական ու դասական ուտեստների պատրաստման գաղտնիքներին»,- նշեց Գագիկ Դանիելյանը:

«Մասնագիտական կրթությունն ապահովելով՝ մենք կկարողանանք զարգացնել ռեստորանային բիզնես-մշակույթը։ Մեր ձգտումն է ապահովել գրագետ և պրոֆեսիոնալ կադրեր, որոնք կհամալրեն թե´ երևանյան, թե´ հանրապետության այլ վայրերի, թե´ արտերկրյա HoReCa հատվածի կազմակերպությունների աշխատակազմերը։ Մեր գլխավոր նպատակներից է հայկական խոհանոցն ու հյուրընկալությունը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում, որպես բրենդ ներկայացնել։ Այսօր, այս դժվարին օրերին, աշխարհաքաղաքական այս իրավիճակում հայկական խոհանոցի և հյուրասիրության մշակույթի պահպանումը շատ ավելի կարևոր է դարձել»,- եզրափակեց Դավիթ Երեմյանը:

Նշենք, որ  «Երեմյան Փրոջեքթս» ընկերության  Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան հիմնադրվել է  2019 թվականի ապրիլի 8-ին՝ նպատակ ունենալով տեղական և միջազգային աշխատաշուկայի համար պատրաստել բարձրորակ կադրեր, բացահայտել և կրթել ոլորտի տաղանդներին:  Ակադեմիայի առաքելությունը Հայաստանում խոհարարի և սպասարկման ոլորտի  մասնագիտությունների զարգացումն ու դրանց հեղինակության բարձրացումն է: «Երեմյան ակադեմիան» իր երկու տարվա գործունեության ընթացքում ունեցել է շուրջ 700 ուսանող և ավելի  քան 30 լրացուցիչ  կրթական ծրագիր:

armenpress.am