Նարեկ, այսօր Հայաստանում ես, բայց հիշում եմ` երբ ԱՄՆ մեկնելուցդ հետո զրուցում էինք, ապագադ միայն Միացյալ Նահանգներում էիր պատկերացնում: Ի՞նչն է փոխվել հիմա:
Նախ` շատ էի կարոտել Հայաստանն ու այստեղի ապրելակերպը: Երկրորդ` կոռոնավիրուսի պատճառով այնտեղի իմ շատ ծրագրերը խափանվեցին ու որոշեցի վերադառնալ հայրենիք: Գիտես` կյանքն այնքան տարբեր է լինում… Անսպասելի շատ բաներ կարող են փոխվել. այս պահին ես ինձ Երեւանում եմ շատ լավ զգում ու հենց Երեւանում եմ ուզում ապրել, իսկ թե վաղն ինչ կլինի, դժվար է ասել, որովհետեւ ամեն ինչ տարբեր գործոններից է կախված: Հիմա ուզում եմ ապրել, արարել, ընտանիք ստեղծել Հայաստանում:
Ամերիկայի կյանքն ինձ շատ է փոխել. նաեւ մի շատ կարեւոր կետ կա` ես չեմ ցանկանա, որ իմ ապագա երեխան ծնվի ու մեծանա ԱՄՆ-ում, որովհետեւ որքան էլ դու փորձես ուշադիր լինել, հայեցի մեծացնել երեխային, միեւնույն է, երկիրը փոխում է նրան:
Ինչո՞վ էիր հիմնականում զբաղվում ԱՄՆ-ում:
Զբաղվում էի երաժշտությամբ, որոշոկի բիզնեսային գործունեությամբ, բայց… Ամերիկայում գտնվելն ինձ այդքան էլ հաճելի չէր… Կարոտը հաղթեց. ինձ դուր է գալիս Երեւանում ապրելը:
Շատ իրադարձություններ են այս ընթացքում տեղի ունեցել Հայաստանում, ցավոք` հիմնականում տխուր. փոփոխություն զգո՞ւմ ես օդում:
Ինձ համար Երեւանը շատ-շատ է փոխվել…Այո, միանշանակ… Բայց դրական կողմերն էլ եմ ուզում նշել` երիտասարդները շատ են փոխվել, նորակառույց շենքեր են ավելացել, որոշակի շարժ եմ տեսել: Կարծում եմ` Հայաստանում կարող է լինել լավ ապագա, պարզապես դրա համար բոլորս պետք է համախմբվենք:
Նարեկ, ԱՄՆ-ում, կարծես, թողել ես նաեւ անձնական կյանքդ: Գիտեմ, որ դու եւ հաղորդսվարուհի Մեգգի Գրիգորյանը երկու տարի ընկերություն եք արել: Ինչպե՞ս եղավ ձեր մտերմությունն ու ինչո՞ւ չստացվեց կառուցել շարունակությունը:
Մեգգիի հետ ծանոթացել ենք ընդհանուր ընկերների միջոցով: Նա ինձ գրավեց իր ոճով, հետաքրքիր անհատականությամբ, ժպիտով ու դրական տրամադրությամբ, իսկ երբ ավելի լավ նրան ճանաչեցի, հասկացա, որ նա այն տեսակն է, որը կարող է ամեն ինչ հաղթահարել: Մեգգին շատ լավ անձնավորություն է, շատ լավ մարդ: Այո, մոտ երկու տարի ընկերություն ենք արել: Ունեցել ենք ինչպես երջանիկ օրեր, այնպես էլ` դժվարություններ, որոնք միասին ենք հաղթահարել: Մենք հիմա էլ լավ ընկերներ ենք, ու եթե ես եւ Մեգգին Հայաստանում ծանոթանայինք, միգուցե, ստացվեին մեր հարաբերությունները: Իսկ չստացվելու պատճառները շատ էին… Երեւի` հենց ԱՄՆ-ի կյանքը. այն ինձ համար չէ ու ինձ շատ խանգարեց: Միգուցե` իմ տարիքում, պարզապես, արդեն դժվար է հարմարվելը:
Քո թույլտվությամբ` կուզեի խոսեինք նաեւ ԱՄՆ-ում քեզ հետ կատարվածի մասին. քո էջում դրված տեսանյութը, որտեղ նշում էիր, թե քեզ փորձում են սպանել, մեծ տարածում գտավ ու անհանգստության մեծ ալիք բարձրացրեց: Ի՞նչ էր պատահել քեզ, ի՞նչ հոգեվիճակում էիր այդ շրջանում:
Դժվար շրջան էր` թե գործնական առումով, թե անձնական: Երեւի` դա իմ կյանքում մի սեւ գիծ էր: Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու այդպես եղավ. ես ինձ, իսկապես, վատառողջ էի զգում, բայց ոչ թե ֆիզիկապես լուրջ խնդիր ունեի, այլ նյարդերս էին չափազանց լարված: Բացի այդ, ԱՄՆ-ում լինում են դեպքեր, երբ որեւէ ակումբում ես լինում, ու ինչ-որ մեկը քո սննդի մեջ հաբեր է լցնում, ու դու այդ մասին, նույնիսկ, չես իմանում: Երբեմն մտածում եմ, որ այդ օրվա դեպքը հենց այդպիսի բանի հետեւանք էր, որովհետեւ ես ինձ չէի ճանաչում, այդ պահին ադեկվատ չէի… Չեմ կարող ոչ մի հստակ պատճառ գտնել, որովհետեւ դրան նախորդող շրջանում էլ սթրեսային վիճակում եմ եղել:
Ի վերջո, ինչպե՞ս հաղթահարեցիր այդ փուլը:
Բժիշկի դիմելն ամոթ բան չէ, բայց ավելի ճիշտ է, երբ ինքդ ես կարողանում դուրս գալ այդ սթրեսային վիճակից, որովհետեւ ամենալավը դու ես քեզ ճանաչում: Ինձ ուժ էին տալիս ընտանիքիս ու Հայաստան վերադառնալու մասին մտքերը: ԱՄՆ-ում մենակ ապրելը շատ դժվար է, ու այնտեղ այստեղի մշակույթը չկա. այստեղ ունես հարազատներ, ընկերներ, անգամ անծանոթ մարդիկ են պատրաստ քեզ օգնել: ԱՄՆ-ի կյանքն ավելի ինդիվիդուալ է, ու այնտեղ նոր գնացած մարդու համար ավելի դժվար է:
Ամբողջությամբ՝ news.am